[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Օրերս տեղի ունեցավ  Մարտունու համայնքի տարեկան հաշվետու ժողովը, որտեղ հանդես եկավ քաղաքապետ  Մհեր Խաչատրյանը: Համայնքային ժողովին    ներկա  էին ԼՂՀ  վարչապետ Արա Հարությունյանը,  Մարտունու  շրջվարչակազմի  ղեկավար  Նելսոն  Սողոմոնյանը, ԼՂՀ  ԱԺ մշակույթի, սպորտի և երիտասարդության  հարցերի մշտական հանձնաժողովի    նախագահ  Արմեն Սարգսյանը:
Համայնքի ղեկավարը նախ անդրադարձավ քաղաքի ժողովրդագրական  վիճակին: Բնակչության թիվը,  հաշվի առնելով ծնվածների, եկածների և մեկնողների տարբերությունը, ավելացել է 86 մարդով և 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 5735 մարդ:
Այնուհետև  զեկուցողը  ներկայացրեց  համայնքային  բյուջեի  մուտքային և ծախսային  մասերով  կատարողականը՝ նշելով, որ  բյուջեի մուտքային մասը  կատարվել է 79 տոկոսով, սեփական եկամուտները հավաքագրվել են 86,2 տոկոսով:  Ըստ հարկատեսակների  ներկայացնելով  կատարողականը՝ Մ. Խաչատրյանը իրազեկեց, որ հողի հարկի և վարձավճարների  թերակատարմանը նպաստում են   մի շարք օբյեկտիվ  պատճառներ, որոնց վերացման համար  քաղաքապետարանի աշխատակազմն  անհրաժեշտ  լուծումներ է  փնտրում: Խոսքը վերաբերվում է  հողի սեփականատերերի   անպատասխանատվության, անտարբերության հետևանքով զգալի քանակությամբ վարելահողերի  չօգտագործմանը և հողի հարկերից  խուսափելուն։ Իհարկե, կան նաև օբյեկտիվ  պատճառներ.   սեփականաշնորհված  որոշ հողակտորներ,  գտնվելով մեծ թեքությունների վրա, մշակման  համար պիտանի չեն ու մնացել են անմշակ,  պահուստային վարելահողերի  շուրջ 200  հա¬ն  գտնվում է հակառակորդի կրակագծում և դրանց մշակումը    մեծ վտանգ է ներկայացնում: 
Համայնքի գյուղատնտեսության  նշանակության  հողերը  կազմում են  5467,5 հա, որից վարելահող` 3595,9 հա, բազմամյա տնկարկներ` 46,4 հա, այդ թվում խաղողայգի` 38,68 հա, պտղատու այգի` 1,4 հա: Առկա  են 1532,7 հա արոտավայր և 8 հա խոտհարք:  Սեփականաշնորհված է  1900,5 հա, վարձակալության են տրված 931 հա վարելահողեր:
2012թ. բերքի տակ  կատարվել է 1337 հա աշնանացան, որից 1022 հա¬ն՝ սեփականաշնորհված, 315 հա¬ն՝ վարձակալած հողերում:  Կատարվել է 17,5 հա գարնանացան, որից եգիպտացորեն՝ 8 հա, հնդկացորեն՝ 9,5 հա,   15 հա թողնվել է սև ցելի տակ: 
Ներկայացրած  տվյալների համաձայն՝  ցորենի 1 հա-ից ապահովվել է  18 ցենտներ,  գարու՝  9,3,  եգիպտացորենի` 35, հնդկացորենի՝ 9,5 ցենտներ:
2013թ.  աշնանացան բերքի տակ  ցանվել է 1050 հա, որից՝ 750 հա ցորեն, 300 հա գարի, սև ցելի հայտ է ներկայացվել  50 հա-ի համար:
Զեկուցողը  նշեց, որ գյուղատնտեսական  աշխատանքների արդյունավետ   կազմակերպման համար  մշտապես զգացվում է  ԼՂՀ կառավարության, Գյուղի և  գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  հետևողական օգնությունը, ինչն արտահայտվում է  անտոկոս վարկերի, դիզվառելիքի, տարբեր մշակաբույսերի  բարձրորակ սերմերի տրամադրման տեսքով: 
Անդրադառնալով առաջիկա տարիների գյուղատնտեսության  զարգացման ծրագրերին, համայնքի ղեկավարը փաստեց, որ գյուղատնտեսության զարգացման  գործընթացին  լուրջ խթան կարող է հանդիսանալ  ոռոգովի  տարածքների ավելացումը: Համայնքում առկա են  15 արտեզյան  ջրհորեր և 2 քյահրիզ, որոնց վերանորոգումը  հնարավորություն կտա  զգալի քանակությամբ   տարածքներ դարձնել  ոռոգովի։ Մ. Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց 2012թվականին համայնքում իրականացված  բարենորոգումները, որի համար ծախսվել է 12 մլն 679,4 հազար դրամ գումար:
Վերլուծելով ՙՄարտունու կոմունալ  տնտեսություն՚, ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲ  ընկերությունների գործունեությունը՝ զեկուցողը հայտնեց, որ բանվորների ցածր  աշխատավարձը  և անհրաժեշտ  տեխնիկայի  բացակայությունը, եղածի մաշվածությունը խոչընդոտում են  քաղաքի  սանմաքրման, կանաչապատման  և  աղբահանման լիարժեք կազմակերպմանը: 2011թ.  սկսած    նոր ջրային  ցանցի  և կոյուղագծի կառուցման  աշխատանքները  դեռևս  շարունակվում են, ինչի հետևանքով ամբողջ  քաղաքի տարածքը   գտնվում է քարուքանդ վիճակում, ուստի և սանիտարական  աշխատանքները  դառնում են անհնարին և անիմաստ: ՙՋ և Ջ՚ ՓԲԸ-ն դեռևս  զգալի աշխատանք ունի կատարելու բնակչության  շուրջօրյա   ջրամատակարարումն ապահովելու, բաժանորդների սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու, ջրատարների հաճախակի վթարները ժամանակին   վերացնելու ուղղությամբ:
Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև սոցիալական և քաղաքաշինության, կրթության, մշակույթի,  սպորտի ոլորտներում արձանագրված  որոշակի քանակական  տեղաշարժի վրա։ Նշվեց, որ  քաղաքի միջնակարգ  հոսքային դպրոցում  սովորում է   432 աշակերտ,  դասավանդում է 64 ուսուցիչ,  հիմնական դպրոցում`  354 աշակերտ, 65 ուսուցիչ, արհեստագործական դպրոցում, որտեղ գործում են  ավտովարորդների  և տրակտորիստների 3¬ական,  վարսավիրների 2, հյուսն-ատաղձագործների,  սալիկապատողների, և  եռակցողների 1-ական  խմբեր, սովորողների թիվը հասնում է 208-ի, ուսուցիչ-վարպետների թիվը`33-ի: Համայնքում գործում է  երկու մանկապարտեզ, որոնցում ընդգրկված են  308 երեխա, մեկ երաժշտական դպրոց՝ 135 սովորողների ընդգրկմամբ:
Մշակույթի և երիտասարդության կենտրոնում  գործում են ՙՔնար՚ ժողգործիքների համույթը և պարի  խմբակը, քաղաքի մարզադպրոցում՝   10 խմբակներ, որոնց սաները  շրջանային առաջնություններում  միշտ էլ առաջնակարգ տեղեր են գրավում, իսկ 3 վոլեյբոլիստներ և 4 ֆուտբոլիստներ ընդգրկված են  ԼՂՀ հավաքական   թիմերում:
Քաղաքապետի  ներկայացրած տարեկան հաշվետվության շուրջ ծավալվեցին  գործնական քննարկումներ: Ելույթներով հանդես եկան  շահագրգիռ կառույցների պատասխանատուները։ 
ԼՂՀ վարչապետը շրջվարչակազմի ղեկավարին  հանձնարարեց այս համատեքստում նախատեսել նախապատրաստական  համապատասխան աշխատանքներ՝ ապրիլ ամսում կառույցների ղեկավարների  մասնակցությամբ կառավարությունում  խորհրդակցություն հրավիրելու համար: 
Հաշվետվության  քննարկման մասնակիցներն  առաջարկեցին հաշվետու տարում  քաղաքապետի  կատարած աշխատանքը  համարել բավարար,  ժողովականները կողմ քվեարկեցին  այդ առաջարկությանը:
Հաշվետու ժողովում ծավալուն    ելույթով հանդես եկավ վարչապետ Ա.Հարությունյանը: Նա ժողովի  մասնակիցների կողմից քաղաքապետի  կատարած աշխատանքի  բավարար գնահատելն   արժանի համարեց, գտնելով, որ Մ. Խաչատրյանն իրոք մտահոգված է   քաղաքի ճակատագրով  և ուղիներ է  փնտրում  առկա խնդիրներին լուծում տալու: Այնուհետև  կառավարության  ղեկավարն  անդրադարձավ ԼՂՀ անցած ուղուն  և մասնավորապես  վերջին հինգ  տարիների ձեռքբերումներին:  Ա.Հարությունյանը հայտնեց, որ այս օրերին  հանրապետության բոլոր համայնքներում  անցկացվող հաշվետու ժողովներին  իրենց մասնակցությունն են բերում  կառավարության  ղեկավարը, անդամները, ԼՂՀ Ազգային ժողովի  պատգամավորները, բոլոր մակարդակների պատասխանատու ղեկավար աշխատողներ, որն էլ հենց ժողովրդավարության վառ արտահայտություն է:
Անդրադառնալով անցած հինգ տարիների տնտեսական  ձեռքբերումներին՝ նշվեց, որ, թեկուզ դանդաղ,   բայց և այնպես յուրաքանչյուր տարի  կայուն և հաստատուն   աճ է արձանագրվում բոլոր ոլորտներում, ինչի արդյունքում  հանրապետությունում  անցած հինգ  տարիներին  համախառն ներքին արդյունքի  10 տոկոս աճ է ապահովվել: 
Հայտնելով, որ  երկրի բյուջեն հիմնականում  ձևավորվում է հարկերի  հավաքագրումից, ԼՂՀ վարչապետն իրազեկեց, որ վերջին հինգ տարում  այն ավելացել է 2,5 անգամ, և այսօր հանրապետության բյուջե է մուտքագրվում  71 մլրդ դրամ, բայց քանի որ երկիրը սոցիալական է, բյուջեի հիմնական մասը` շուրջ  38 մլրդ  դրամ գումարը, ծախսվում է թոշակներ  և նպաստներ  տրամադրելու  համար: 
Զգալի ներդրումներ են կատարվում շինարարության  ոլորտում, որը կլինի  շարունակական: Վարչապետի  հավաստմամբ՝ միայն Մարտունում  850 մլն դրամ   գումարի աշխատանքներ են  իրականացվում, առանց  Ննգի-Մարտունի ճանապարհահատվածի  վերականգնման աշխատանքների, որի ծախսը շուրջ 1 մլրդ  գումար է կազմում:
Ա. Հարությունյանը  ներկայացրեց  շրջանի և  մասնավորապես   Մարտունի քաղաքի  զարգացմանն ուղղված՝  կառավարության  նախատեսած ծրագրերը: Ըստ վարչապետի՝ նախատեսվում է Մարտունի քաղաքի  շրջակայքում ստեղծել  ոռոգման ցանց, ինչի արդյունավետ օգտագործումը   հնարավորություն կտա   զարգացնել նոր մշակաբույսերի, ինչպես նաև  այգեգործության,  բանջարաբոստանային կուլտուրաների  արտադրությունը: Այս ճյուղերի զարգացմանը կհետևի  վերամշակման կետերի  ստեղծումն,  ինչն էլ աշխատատեղերի, մանավանդ  կանանց համար,  բացման  հնարավորություն կստեղծի:  Ա.Հարությունյանը  համայնքի  ղեկավարին կոչ արեց   հետամուտ լինել, որպեսզի առկա հողային   ռեսուրսները,  կառավարության կողմից  տրվող վարկերը արդյունավետ և նպատակային  օգտագործվեն, միաժամանակ տնտեսավարող սուբյեկտներին, հողօգտագործողներին  հորդորեց լինել  նախաձեռնող, հանդես գալ նոր  ծրագրերով և առաջարկություններով, վստահ լինելով, որ  կառավարությունը սատար  կկանգնի յուրաքանչյուր  խելամիտ առաջարկությանը:
Անդրադառնալով Մարտունի քաղաքում  առաջիկայում իրականացվելիք կառուցապատման աշխատանքներին, հայտնվեց, որ հ.1 դպրոցի շենքի  վերանորոգումը,  հիվանդանոցի նոր շենքի կառուցումը, ջրացանցի  և ջրահեռացման կոյուղու  շինարարական և քաղաքի փողոցների   բարեկարգման աշխատանքները  գտնվում են ԼՂՀ  Նախագահ  Բակո Սահակյանի  հսկողության ներքո,  և առաջիկա 2-3 տարում այդ խնդիրները լուծված կլինեն:
Նշվեց նաև, որ  ընթացքի մեջ է  Մարտունում  իրականացվող  բնակարանաշինության ծրագիրն,  ինչը շարունակական կլինի: Վերջում  ԼՂՀ  վարչապետ Ա.Հարությունյանը   պատասխանեց և պարզաբանումներ տվեց համայնքային ժողովի մասնակիցներին հուզող  հարցերին:
 
 
Ռոմիկ  ՂՈՒԿԱՍՅԱՆ