[ARM]     [RUS]     [ENG]

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Մասնագետները համոզված են, 
որ դրանով տնտեսությունը կբերվի մի նոր հարթություն 
Ինչպես հայտնի է, դեռևս 2007-2008 թվականներից ՀՀ-ում սկսել են իրականացվել կենսաթոշակային արմատական բարեփոխումներ, ինչի արդյունքում ներդրվել է բազմաստիճան կենսաթոշակային համակարգ։ Այն բաղկացած է երեք աստիճանից և բացի ներկայումս գործող բաշխողական համակարգից, ներառելու է ևս երկու  բաղադրիչ՝ պարտադիր կուտակային և կամավոր կուտակային։
ՀՀ-ում (նաև՝ Լեռնային Ղարաբաղում, որը  ՀՀ-ի հետ  գտնվում է նույն սոցիալ-տնտեսական դաշտում), ներկայումս գործող բաշխողական համակարգի սկզբունքով աշխատանքի մեջ զբաղվածները կատարում են սոցապահովության պարտադիր վճարներ, որոնք ուղղվում են պետական բյուջե, ինչից էլ ֆինանսավորվում են կենսաթոշակները։ Ժամանակը ցույց է տվել, որ նման մեխանիզմը հնացած է, և նոր մեթոդների կիրառման անհրաժեշտություն կա։ 
2014թ.-ից ՀՀ-ում և ԼՂՀ-ում կսկսի գործել կենսաթոշակների կուտակային բաղադրիչը։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ինչպե՞ս այն կներդրվի մեզ մոտ. այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանում է ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Ներսիսյանը (ի դեպ, նա  վերջերս նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական կենսաթոշակային բարեփոխումների, կրթության և գիտության հարցերով)։
-Պարոն Ներսիսյան, ի՞նչ է իրենից ներկայացնում  կուտակային  կենսաթոշակային համակարգը, ի՞նչ առավելություն ունի այն ներկայիս համակարգի նկատմամբ։
- Այն, որ կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության պահը վաղուց հասունացել է` միանշանակ է։ Սա միայն  մասնագետների կարծիքը չէ, կենսաթոշակառուներն իրենք ևս սեփական կաշվի վրա բազմիցս զգացել են դրա անհրաժեշտությունը։ Այն իրականացնելիս կարևոր է հստակ ընտրել բարեփոխումների մոդելը, իրականացման տեմպը և հասարակության հետ աշխատելու մեխանիզմը։ Ընդհանրապես, կենսաթոշակային բարեփոխումները շատերը համեմատում են փոթորկի հետ։ Այս  համեմատության հետ մասամբ  կարելի է համաձայնվել, քանի որ դժվարությունները, ռիսկերը, աշխատանքի ծավալը հսկայական են, բայց ամեն դեպքում, կարծում եմ, այլընտրանք չկա, բարեփոխումներն այսօր անհրաժեշտություն են, պահանջված և՜ հանրության, և՜ իշխանությունների կողմից։
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Մեխանիզմը պարզ է՝ բարեկեցիկ ապագա ունենալու համար ներդրումներ պետք է կատարել այսօր։ Նախագծի համաձայն՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցելու են 1974թ. և հետագա տարիներին ծնված՝ օրենսդրությամբ ամրագրված, համապատասխան կատեգորիաների անձինք։ Բացի նրանցից, կամավոր սկզբունքով այս բաղադրիչին կարող են մասնակցել նաև մինչև 1974 թվականը ծնվածները, բայց պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միանալու որոշումը վերջնական է լինելու։ Յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի անհատական կենսաթոշակային հաշիվ՝ կատարված խնայողությունների հետ։ Դրանք  ներդրվելու են արժեթղթերում, բանկերում և այլն, իսկ ստացված եկամուտները նույնպես կուտակվելու են անձի կենսաթոշակային հաշվում. անձն ինքն է ընտրելու (և ցանկության դեպքում՝ փոխելու) այն ֆինանսական կազմակերպությունը, որն իրականացնելու է կենսաթոշակային խնայողությունների կառավարումը։ Նա ցանկացած ժամանակ հնարավորություն կունենա իմանալ, թե որքան միջոցներ կան իր հաշվում, իսկ պետությունը երաշխավորում է կենսաթոշակային վճարների վերադարձելիությունը։ Այն կարող է նաև ժառանգվել։ Ինչ վերաբերում է կամավոր կուտակային բաղադրիչին, ապա նրա մասնակիցը կարող է դառնալ 16 տարին լրացած ցանկացած անձ՝ առանց տարիքային սահմանափակման։ Անձը կենսաթոշակային խնայողություններ կարող է կատարել նաև կամավոր կուտակային բաղադրիչի միջոցով՝ անկախ պարտադիր կուտակային համակարգի մասնակից լինելու հանգամանքից։ Այս դեպքում, ի լրումն բազային կենսաթոշակի և պարտադիր կուտակային համակարգի կենսաթոշակի, նա կենսաթոշակ է ստանում նաև կամավոր կուտակային համակարգից։
Սա՝ տեսականորեն։ Այն 2014թ. կգործի ՀՀ-ում։ Մոտ ապագայում այն կսկսի կիրառվել նաև մեզ մոտ։
 - Ինչպես նշել եք, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը նախատեսվում է ներդնել հաջորդ տարվա սկզբից։ Որքանո՞վ  ենք մենք պատրաստ դրան և կհասցնե՞նք, արդյոք, նախապատրաստվել։
- Աշխատանքի ծավալն, ինչ խոսք, հսկայական է, և գոյություն ունեն ռիսկեր, որոնք գիտակցելով, այնուամենայնիվ, մենք գնում ենք այդ քայլին։ Խոսքս ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական, ձեռնարկատիրական, կադրային և բազմաթիվ այլ ռիսկերի մասին է, որոնց չեզոքացման ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում։ Անհրաժետ կլինի ստեղծել ներդրումային ֆոնդեր, ապահովագրական մեխանիզմներ, որոնց միջոցով տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի ժամանակ կպաշտպանվեն քաղաքացիների իրավունքներն ու  խնայողությունները։ Ինչ վերաբերում է այն բանին, թե որքանով ենք պատրաստ՝  ապա այստեղ, համաձայն եմ, մեզ սպասվում է դժվարագույն փուլը, քանի որ անհրաժեշտ է լինելու հանրային իրազեկման հատվածում զգալի ջանքեր գործադրել։ Կանցկացվեն սեմինարներ, կօգտագործվեն տեղեկատվական տեխնոլոգիաները, ԶԼՄ-ների հնարավորությունները։
- Ներկայումս այդ ուղղությամբ ի՞նչ գործընթաց է Արցախում ծավալվում։
- Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ Արցախում կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներն սկսված են։ Ստեղծված է աշխատանքային խումբ՝ ԼՂՀ վարչապետի ցուցումով, որի ղեկավարն է ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ Խմբի մեջ ընդգրկված են համապատասխան գերատեսչությունների պատասխանատուներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պետք է նշել, որ խմբի աշխատանքը բավականին  արդյունավետ է գնահատվում, կազմվել է անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզ, ժամանակացույց, ըստ որի պետք է կատարվեն օրենսդրական փոփոխություններ, նոր նախագծերի մշակումներ, այդ օրենքների կիրարկման համար ստեղծվի համապատասխան իրավական դաշտ։
Գործընթաց է ծավալվում ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի և ԼՂՀ կառավարության միջև անհատական կենսաթոշակային հաշիվների վարման մասին պայմանագրի նախագծի մշակման ուղղությամբ։ 
- Փորձենք խնդրին նայել շարքային քաղաքացիների տեսանկյունից. ինչո՞ւ պետք է նրանք վստահեն  այդ համակարգին, կարո՞ղ եք հիմնավորել, թե ինչ առավելություն ունի այն։
- Եթե խնդիրը դիտարկենք ներկայիս թոշակառուների տեսակետից, ապա վերջիններիս այն շատ քիչ բան կտա, քանի որ էական բարելավում իրենց  վրա զգալու են այսօրվա 35-40 տարեկանները (ապագա թոշակառուները)։ Պետությունը ներկայիս թոշակառուների կենսամակարդակը բարելավելու ֆինանսական և այլ ռեսուրսներ չունի, բայց ջանքեր է թափում ապահովելու նրանց զավակների բարեկեցիկ  ծերությունը, ստեղծում նրանց համար սեփական կենսաթոշակը վաստակելու հնարավորություն։ Նորից եմ կրկնում, ռիսկերը շատ են, և պետությունը պիտի կարողանա վստահություն ձեռք բերել, երաշխավորել, որ համակարգը կարդարացնի իրեն՝ հատկապես քաղաքական նման անորոշ պայմաններում։ 
- Գաղտնիք չէ, որ այսօր ԼՂՀ քաղաքացին ունի բավականին ցածր կենսամակարդակ և եկամուտ, ու նրա համար աշխատավարձի, ասենք, ևս  5%¬ը, որ պիտի ներդնի կուտակային բաղադրիչում, փոքր գումար չէ, և միանգամայն հասկանալ կարելի է՝ եթե այդ համակարգը միանշանակ չընկալվի հասարակության կողմից։
- Այո, դժվարություններն առկա են։ Այդ իսկ պատճառով մեխանիզմների մշակման ժամանակ հաշվի են առնվում բոլոր մանրուքները։ Օրինակ՝  գումարներն ինդեքսավորվելու են գնաճին համամասնորեն և այլն։ Եվ ես այն կարծիքին եմ (որոշ վերապահումներով, իհարկե), որ բարեփոխումների այս մոդելը կարելի է համարել հաջողված մոդել։
- Ծրագիրը՝ ծրագիր, բայց որքան էլ կատարյալ մշակում այն ունենա, պրակտիկայում կիրառելիս խնդիրներ ծագում են։ Որքանո՞վ է ծրագրի իրականացումն իրատեսական մեր պայմաններում։
- Այն հեշտ չէ իրականացնել, բայց իրատեսական է։ Դժվար է լինելու հատկապես դրան մարդկանց հոգեբանորեն պատրաստելը, քանի որ ցանկացած նորամուծություն ընդունվում  է դժվարությամբ, կասկածներով, բայց հանրային իրազեկման մեխանիզմներ կան, որոնց օգնությամբ փորձ է արվելու նախապատրաստել բնակչությանը։ Մեխանիզմներից մեկն, ըստ իս, պետք է լինի հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը։ Եվ այն պետք է սկսել դպրոցից։ Կենսաթոշակային բարեփոխումները համարում եմ մեր տնտեսության ամենակենսական հարցը։ Եվ սա միայն կենսաթոշակառուների խնդիրը չէ։ Այս բարեփոխումներն առանցքային նշանակություն կունենան ամբողջ տնտեսության համար՝ այն բերելով մի նոր հարթություն։
-Իսկ ո՞ր երկրների փորձի ուսումնասիրման վրա է բարեփոխումների հենց այս մոդելը կիրառելու որոշում կայացվել։
- Այն շատ մոտ է Չիլիում և Էստոնիայում կիրարկվող համակարգերին։ Համապատասխան փոխայցելություններ, հետազոտություններ կատարվել են նախօրոք մի քանի մոդելների ուսումնասիրման արդյունքում, նպատակահարմար և արդյունավետ է համարվել հենց այս մոդելը։
-Առկա ռիսկերի մեջ Դուք նշեցիք նաև կադրայինը։  Ունեցած կադրերով հնարավո՞ր կլինի լիարժեք իրագործել այդ ծրագիրը։
- Կփորձենք։ Իհարկե՝ նաև ՀՀ¬ից ու դրսից հրավիրված մասնագետների ներուժն օգտագործելով։ Կադրեր պատրաստվում են նաև մեզ մոտ։ Անցյալ տարի տնտեսագիտության ֆակուլտետում մտցվեց ՙԿենսաթոշակային համակարգեր՚  առարկան (ԼՂՀ վարչապետի առաջարկով)։ Կարծում եմ, այն պետք է ուսումնասիրեն բոլոր ֆակուլտետները, ինչը կօգնի վերը նշված ֆինանսական գրագիտության ձեռքբերման, անգրագիտության, հետևաբար և՝ համակարգի նկատմամբ կասկածների, վախերի, տարակարծությունների վերացմանը։ 
- Պարոն Ներսիսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ ազդեցություն պիտի ունենան այդ բարեփոխումները քաղաքացիների կենսամակարդակի վրա մասնավորապես, և  երկրի տնտեսության վրա՝ ընդհանրապես։
- Միանշանակ՝ դրական։ Որոշների կարծիքով, այս համակարգը կարող է նպաստել սերունդների միջև կապի թուլացմանը, հաշվի առնելով, որ թոշակառուն, ֆինանսապես  անկախ և ապահովված լինելով, զավակների հետ քիչ է առնչվելու։ Ես չեմ կիսում այս կարծիքը, քանի որ համակարգը մի շարք երաշխիքներ է տրամադրում, այդ թվում և՝ խնայողությունների՝ ժառանգաբար փոխանցվելու, ինչը կապի թուլացման հակակշիռներից մեկը կարող է հանդիսանալ։ Ավելին, կենսաթոշակառուն լրացուցիչ եկամուտներ է բերում ընտանիք, ինչը ևս կարևոր գործոն է նրա արժևորման, ինքնագնահատումը բարձրացնելու առումով։ Բացի այդ՝ հայ ընտանիքում ավելի ամուր՝ հոգեբանական, գենետիկ կապեր կան, որոնք քիչ կախում ունեն ֆինանսական և սոցիալական կարգավիճակից։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այստեղ ավելանալու են ներդրումները, տնտեսությունը ստանալու է ՙերկար փողեր՚, զարգանալու է կապիտալի շուկան, ֆինանսական շուկան, մուտք են գործելու ներդրումային հիմնադրամներ, ապահովագրական ընկերություններ, որոնք միանշանակ  կաշխուժացնեն տնտեսությունը։
Հայաստանում արդեն 2015 թվականից կգործարկվեն կուտակային ֆոնդերը և, ըստ նախնական հաշվարկների, մեկ տարում մոտ 62 մլրդ դրամ պետք է կուտակվի դրանց հաշվին։ 
- Իսկ ԼՂՀ-ի համար նման հաշվարկներ կատարվե՞լ են։
-Իմ տեղեկություններով, մասնագետները հաշվարկել են մինչև 2 մլրդ դրամ։ Ամեն ինչ կախված է նաև տոկոսադրույքից, ինչի քննարկումները դեռ շարունակվում են։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ