ՁԻՈՒ ԴԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

300401.jpgՀայաստանում և Արցախում նախկինում ձիաբուծության գեղեցիկ ավանդույթներ կային։ 
Սակայն մեծ զարմանք  է պատճառում այն փաստը, որ մյուս  հանրապետությունների նման Հայաստանը  և Արցախը հրաժարվեցին հրաշք  այս կենդանուց։ Այնինչ, ցանկալի է, որ ձիաբուծությունը զարգացում ապրի Արցախ  աշխարհում։ 
Հանրահայտ է. ամեն ինչ  չէ, որ կարելի է կատարել մեքենայով, ամեն տեղ  չէ, որ մեքենան փոխարինում է  կենդանու քարշող ուժին, և բոլոր դեպքերում  չէ, որ այդ փոխարինումը  ձեռնտու է մարդուն ոչ միայն բացարձակ շահութաբերությամբ, այլ նաև՝ բնապահպանական առումով։ Մեքենան շահագործվելիս արտադրում է թունավոր քաղցկեղածին նյութեր, սթրեսների, այս կամ այն  հիվանդության պատճառ դառնում, իսկ ձին ոչ միայն էժան աշխատուժ է... Ձին գյուղացու օգնականն է, նրա մտերիմը, հենարանն ամեն մի գործում։ Նա միշտ  բեռ է կրել, բայց ոչ մի անգամ բեռ չի դարձել։ 
Աշխարհի զարգացած շատ երկրներում կան հարյուրավոր  կազմակերպություններ, որոնք զբաղվում  են հիպոթերապիայով։ Հիպոթերապիա տերմինն առաջացել է  հիպոս (ձի) և թերապիա (բուժում) բառերի միացումից։ Վատառողջ, տարբեր  վնասվածքներ ստացած մարդկանց վրա ձիավարության բարենպաստ  ազդեցությանը մարդկությունը  տեղյակ է հնուց։ Ժողովրդական բժշկության այս  արդյունավետ մեթոդը տարբեր վնասվածքներ  բուժելու համար կիրառում  էին դեռևս հին հույները։ Այն առավել տարածված էր զինվորականության շրջանում, քանի որ ռազմական գործողությունների, պատերազմների ժամանակ զինվորները բազմաթիվ վնասվածքներ էին ստանում։ Մեթոդի առավելությունների մասին յուր ժամանակ նշել է նաև Հիպոկրատը։ 
Հիպոթերապիայի արդյունավետությունը բացատրվում է մի քանի կարևոր  գործոններով։ Նախ, ձիու՝ այս ազնվատեսք կենդանու հետ շփվելն ինքնին դրական  զգացումներ  է արթնացնում մարդու մոտ, բարձրացնում ինքնազգացողությունը,  ներշնչում լավատեսություն, երկրորդ՝ ձիու մարմնի  ջերմաստիճանը  մեկ աստիճանով  բարձր է մարդու օրգանիզմի ջերմաստիճանից, և շատ արագ  այն փոխանցվում է հեծյալին։ Երրորդ՝ ձիու քայլքը, ռիթմիկ շարժումները  զարգացնում են մարդու մկանային համակարգը, և չորրորդ՝ հեծյալը  ձեռք է բերում ընկեր և ամեն անգամ դրական հույզերով սպասում նրա հետ հանդիպմանը։ 
Ղարաբաղյան նժույգը դեռ վաղնջական ժամանակներից մեծ ճանաչում է գտել  աշխարհում։ Նրան իր աշխատություններում մեծ տեղ է հատկացրել պատմաբան  Գրիգորի Վերմիշևն իր  ՙԱմիրսպասալար՚ գրքում։ Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր գյուղացին կամ գյուղացիության ճնշող մեծամասնությունը լիարժեք տեղյակ չէ ձիու կերակրման, խնամքի, պահվածքի, բուժման ու բազմացման  առանձնահատկություններին։ Հետևաբար, այս  բնագավառում ձիապահին, այս  ուղղությամբ  աշխատող մարդկանց անպայման օժանդակող է հարկավոր, փորձառու ձիաբույծների անհրաժեշտությունը կարևոր է։ Ինչ խոսք, առանձնահերթությունը հարկավոր է տալ Ղարաբաղյան Ոսկեթույրին, որի փառքը դարերի խորքից է գալիս։
Հայկական ազնվարյուն այս նժույգները հարյուրամյակներ առաջ Տղմուտ գետի  ափին առճակատ ելան Հազկերտի փղագնդին։ Այս  սերնդից է շառավիղել գեներալ  Մադաթովի սիրած  ձին, որն իր անվանի հեծյալի հետ 1812թ. մարտնչել է Նապոլեոն Բոնապարտի դեմ,  1826թ. սմբակների տակ կոխկրտել պարսիկ զավթիչներին և այլն։ Այս սերնդի ձիերն են կրակ կտրած փոթորկվել այն 22 հեծյալների տակ, որոնք ղարաբաղցի Թորգոմի  գլխավորությամբ մի օր  իջան Արցախի լեռներից, հասան ապստամբ Սասուն՝ ուժով ու գեղեցկությամբ ապշեցնելով հերոս սասունցիներին։ 
Ինչպես հանրապետության վաստակավոր անասնաբույժ, անասնաբուժական  գիտությունների թեկնածու Էդուարդ Գասպարյանն է իր ՙՁիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում՝ երեկ և այսօր՚ գրքում նշում. մեր հարևանները՝ ադրբեջանցիները՝ Աղդամի շրջանում՝ ոչ իր իսկական հայրենիք Լեռնային Ղարաբաղում, 1949թ. ստեղծել են ձիաբուծական գործարան, նպատակ ունենալով վերականգնել Ղարաբաղյան նժույգի գենոֆոնդը, օգտվել նրա համբավից։ 
 ԼՂԻՄ-ում մինչև անցյալ դարի 50-ական թվականները բոլոր կոլտնտեսություններում  եղել են ձիաբուծական ֆերմաներ, որոնք մի շարք  տնտեսություններում հասել են հաջողությունների։
Անշուշտ, ձիաբուծության զարգացումն Արցախ աշխարհում կթեթևացնի գյուղացու  առանց այն էլ ծանր աշխատանքը տարվա բոլոր եղանակներին։ Այդ մասին պետք է մտածել պետական մակարդակով։
 
 
Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
ք. Մարտունի