[ARM]     [RUS]     [ENG]

ԱՄԵՆ ԻՆՉ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԼԱՆՈՎ

G_1.jpgՀանրապետությունում հացահատիկայինների բերքահավաքի եռուն  շրջան է։ Ինչպես հաղորդում է բերքահավաքի հարցերը համակարգող օպերատիվ շտաբը, արդեն  իսկ  հնձվել է  23409,9 հա ցանքատարածություն, իսկ փաստացի հավաքված բերքը կազմել է 385461,6 ցենտներ։ 
Ասկերանի շրջանի  բերքահավաքի տվյալներին  ծանոթանալու նպատակով օրերս այցելեցինք  գյուղբաժին։ 
Գյուղատնտեսության օպերատիվ շտաբի  տեղեկատվությամբ՝ շրջանում  արդեն հնձվել է 3732, 92հա, կալսվել՝ 78767ց ցորեն։ Հեկտարի միջին բերքատվությունը՝  21,1 ց։
Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանի տեղեկություններով՝   ընդհանուր առմամբ  կատարվել է 8900 հա աշնանացան, որից 6860 հա-ն՝ ցորեն,  մնացածը՝ գարի։ ՙԱկնա՚ թաղամասում  կատարված  աշնանացանը 4280 հա է։  Ցանքատարածությունների վիճակը Ա. Ղուլյանը  գնահատում է միջակ. շրջանը մեծապես  տուժել է կարկտահարությունից. միայն 100%-ով տուժած հողօգտագործողների վնասի  չափը գնահատվում է 6141802 դրամ (տուժել է շրջանի  14 համայնք)։ Սելավներից տուժել է 5 համայնք։ Քիչ վնաս չեն կրել հողօգտագործողները նաև երաշտից՝ մի շարք համայնքներում արձանագրված  վնասը կազմել է 691980 դրամ։ Ընդ որում, տուժել են ոչ միայն աշնանացան  մշակաբույսերը, այլև գարնանացանը, այգիներն ու տնամերձները։ 
Տեղացող անձրևների պատճառով հողագործները ստիպված են լինում աշխատանքն օրերով դադարեցնել։ Ինչպես  նշեց Ա. Ղուլյանը, այս ընթացքում օրն սկսվում է եղանակի տեսության կայքէջերի հետ ծանոթությունից։ Ա. Ղուլյանի խոսքերով՝ բերքահավաքի լիարժեք կազմակերպման համար շրջանն ապահովված է գյուղտեխնիկայով, կա աշխատուժ, իրականացվում են բոլոր  անհրաժեշտ միջոցառումները՝ բերքն անկորուստ ամբարելու ուղղությամբ. հացահատիկահավաք կոմբայնների թիվն անցնում է 60-ը, բեռնատար ավտոմեքենաները 249 հատ են. դրանք լրիվությամբ բավարարում են պահանջարկը։ Հակահրդեհային միջոցառումների համար շուրջ 4 մլն դրամի հայտ է ներկայացվել։ Բացի այդ, կատարված է դաշտամիջյան ճանապարհների երկկողմ մաքրում, հրդեհավտանգ տարածքներում՝ հերկ և այլն։ 2200 հա տարածքի վրա իրականացվել է կրծողների դեմ պայքար, ոռոգվում է շուրջ 2400 հա հողատարածք։ Մոլախոտերի դեմ պայքարը կազմակերպվում  է 2500 հա-ի վրա։ 
Ա. Ղուլյանն ուրախությամբ է արձանագրում, որ տարեցտարի պարարտանյութերի ստացման համար  ներկայացվող  հայտերի թիվն աճում է. սա նշանակում է, որ նաև  շնորհիվ գյուղբաժնի մասնագետների  կողմից  տրվող  խորհրդատվական, մեթոդական  օժանդակության, մարդիկ ընկալում են հողի մշակության  տեխնոլոգիայի նրբությունները։ Ս. թ. հունիս ամսվա տվյալներով, ձեռք են բերվել շուրջ 220տ ազոտական պարարտանյութ  և 172տ  ամոֆոս։ 
Մի խոսքով, աշխատանքը կազմակերպվում է այնպես, որ ապահովվի առավելագույն արդյունք և հստակ իրականացվի պետության ագրարային քաղաքականության՝ իրենց շրջանի վրա դրված մասը։ Տարեցտարի փորձում են ավելացնել  ցանքաշրջանառությունը և ապահովել  բարձր բերք։ Այս տարի շեշտադրում է արվել եգիպտացորենի մշակության վրա։ 5400 հա  գարնանացան է կատարվել, որի առյուծի բաժինը  եգիպտացորենին  է՝ մոտ 3000 հա (անցած տարվա համեմատ՝ մոտ երկու անգամ ավել)։
Խոսելով խանգարիչ հանգամանքներից՝  Ա. Ղուլյանը նշեց, որ  եղանակները գարու  բերքահավաքին  չեն խոչընդոտել, բայց  ցորենի զանգվածային բերքահավաքին  որոշակիորեն բացասաբար են ազդել։ Բերքատվության բարձր տոկոս Ասկերանի շրջանը  հիմնականում ապահովել է ոռոգովի տարածքների  հաշվին։ Այս տարի մեծ աջակցություն էր նոր, ժամանակակից կոմբայնների ներմուծումը  հանրապետություն, դրանց շնորհիվ գրեթե անկորուստ հունձք է ապահովվում։ Բերքահավաքն, ըստ  Ա. Ղուլյանի, ընթանում է կազմակերպված, սկզբից հունձն սկսվել է հարթավայրային գոտուց և տարածվել դեպի վերև, որտեղ բերքը համեմատաբար  ուշ է հասունանում։ 
Օպերատիվ տեղեկատվություն   գյուղբաժինը ստանում է  ամեն օր, ինչը և  փոխանցում է հանրապետական օպերատիվ շտաբին։ 
Մեզ հետաքրքրեց Ա. Ղուլյանի կարծիքը հակակարկտային կայանների վերաբերյալ,  որոնցից  ավելի քան 30 միավոր տեղադրված են նաև Ասկերանի շրջանում։ Ըստ  Ա. Ղուլյանի, դրանք ներկայումս տեղադրված են մի գծի վրա, այնինչ՝ ճիշտ կլիներ, որ տեղադրված  լինեին շախմատաձև   (այն կարողանում է ազդել մոտ 1500 մ տարածքի վրա)։ Ներկայումս, եթե  հաշվի  առնենք  միայն  Ասկերանի շրջանի կարկտահարությունից տուժած  ցանքատարածքները,  չի կարելի  ասել, թե այն արդյունավետ  է շահագործվում։ Իսկ, ընդհանուր  առմամբ, ամեն ինչ ընթանում է գրեթե նախատեսված պլանով, և բաժինն անում է ամեն ինչ, որպեսզի շրջանն արժանի ցուցանիշներ ապահովի ինչպես բերքահավաքի արդյունքների, այնպես էլ կազմակերպվածության տեսանկյունից։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ