Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հադրութի  շրջանային  խորհրդի  նիստին, որը  վարում  էր  վարչակազմի  ղեկավար Վալերի Գևորգյանը, ներկայացված հարցերը  հիմնականում առնչվում էին աշնանացանի կազմակերպմանը: 
Նախ, օրակարգային հարցերի  շարքում  շրջվարչակազմի  աշխատակազմի  գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման (ԳՀՀ) բաժնի վարիչ Աբրիկ  Մարտիրոսյանը  տեղեկություններ  ներկայացրեց  շրջանում  2014թ. բերքի տակ կատարվելիք աշնանացանի  նախապատրաստական  աշխատանքների  մասին: 
Ըստ  ներկայացված  տեղեկանքի՝  2014թ.  բերքի  տակ  նախատեսված է կատարել  մոտ 7500 հա  աշնանացան  հացահատիկայինների  ցանքս, որից 2500հա¬ն՝ սեփականաշնորհված  և համայնքային  վարձակալված  տարածքներում, իսկ 5000 հա¬ն՝ պետական պահուստային  վարձակալված  վարելահողերում: Համայնքային  սեփականաշնորհված  և վարձակալված  վարելահողերում  կատարվել է  ընդհամենը 1200հա  հերկ, իսկ պետական  պահուստային  վարելահողերում՝  3000 հա, որը  դեռևս  բավարար համարել չի կարելի: Եղանակային  անբարենպաստ  պայմանները  հնարավորություն  չեն  տվել հերկի աշխատանքներ  իրականացնել, որի  հետևանքով  շուրջ  3300 հա¬ի  վրա  հերկ  չի  կատարվել: Այս հանգամանքը  դարձյալ  խոսում է  այն  մասին, որ  ցանքսերը  կկատարվեն  միավարի  ձևով: 
Համայնքային հողերում  աշնանացան կատարելու  համար  նախատեսվում է պետական  աջակցություն  դիզվառելիքի  տեսքով, շուկայականից  ցածր գներով: Բաժնի վարիչը համայնքների  ղեկավարներին  առաջարկեց ներկայացնել պահանջվող  դիզվառելիքի հայտերը: Աշնանացան սկսելու և այն սեղմ  ժամկետներում ավարտելու գործում  մեծ  դեր ունի գյուղատնտեսական  տեխնիկայի առկայությունը: Անցյալ  տարվա  համեմատությամբ  զգալի ավելացել է նոր տեխնիկայի  քանակը, որի ներկրումը շրջան շարունակվում է: Այսօրվա դրությամբ 138 թրթուրավոր և անվավոր  տրակտորներից աշնանացանին պատրաստ են 112-ը, 96 գութաններից՝ 74-ը, 82 շարքացաններից՝ 66-ը, 44 կուլտիվատորներից՝ 36-ը: Նման  քանակի  տեխնիկան  արդյունավետ  օգտագործելու  դեպքում  ագրոտեխնիկական  սեղմ  ժամկետներում  կավարտենք  աշնանացանը, նշեց  բաժնի  վարիչը: 
Ի դեպ, վերջերս  Հադրութի  շրջվարչակազմում  ԼՂՀ  վարչապետ  Արա  Հարությունյանի  կողմից  անցկացված աշխատանքային խորհրդակցությունում նա հստակ հանձնարարականներ է տվել համայնքների ղեկավարներին հողի մշակման, ցանքաշրջանառության վերաբերյալ, և հողօգտագործողներին մնում է առաջնորդվել այդ հանձնարարականներով: Շատ  քիչ  ժամանակ է  մնացել  գարու  ցանքսերը  կատարելու  համար: Անդրադառնալով  վարչապետի  հանձնարարականներին՝ շրջվարչակազմի  ղեկավարը նշեց, որ անհրաժեշտ է  ձեռնարկել բոլոր  միջոցները՝ մինչև հոկտեմբերի 15-ը ավարտին  հասցնելու  գարու ցանքսը, իսկ  հոկտեմբերի  20-ից  սկսել  ցորենի  ցանքսի աշխատանքները: Աշնանացան  կատարելու համար  կտրամադրվի դիզվառելիք: Ժամանակն է, որ  կատարվեն նաև վարելահողերի պարարտացման աշխատանքները։
ՙ2013թ.  պետական  պահուստային վարելահողերի վարձակալության  տրամադրման  և  վարձավճարների  գանձման  ընթացքի  մասին՚  ներկայացված  տեղեկանքում ԳՀՀ  բաժնի  վարիչը  նշեց, որ  2013թ. սեպտեմբերի  1-ի  դրությամբ  շրջանի ՊՊՀ-ից  վարձակալությամբ  տրամադրվել են  6685 հա  հողատարածքներ, որից  5577 հա վարելահող, 155 հա  խաղողայգի, 885 հա  արոտավայր, 58 հա խոտհարք, 6 հա թթենու  այգի և այլն։  Միայն  2013թ.  անցած  ժամանակահատվածում  վարչակազմի  ղեկավարի  որոշմամբ  վարձակալությամբ  տրամադրվել է  1716 հա  վարելահող, որից  պետական  գրանցում է  ստացել 1656 հա-ն: 9 ամսվա  ընթացքում  միակողմանի  չեղյալ է  համարվել  հողի  վարձակալության  17 պայմանագիր:  
Հողերի  վարձավճարների  գանձման  ուղղությամբ  տարվող  աշխատանքները  դեռևս  բավարար  համարել  չի  կարելի: 2013թ. սեպտեմբերի 1-ի  դրությամբ  վարձավճարների  ընդհանուր  ապառքը  կազմում է  72 մլն դրամ: 2013թ. անցած  ժամանակահատվածում  հավաքագրվել է 16 մլն 300 հազար դրամ։ Վարձավճարների  գանձման  նպատակով  74 հողօգտագործողների  նկատմամբ  33 մլն 714 հազար դրամի հայց է  ներկայացվել  դատարան, վերջինիս վճիռներով  գանձվել է 13 մլն 279 հազար  դրամ։ 2013թ. հոկտեմբերի 1-ից սկսված է վարձավճարների հաշվարկը, որի  մասին  կտեղեկացվի  հողօգտագործողներին, նշեց  Ա. Մարտիրոսյանը։ 
Վարչակազմի  աշխատակազմի  ղեկավար  Վ. Գասպարյանը  ներկայացրեց  ՙ2013թ.  բերքի  տակ  շրջանին  տրամադրված  փոխառությունների  մարման  ընթացքի  մասին՚  հարցը: Ըստ  ներկայացված  տեղեկանքի՝  ԼՂՀ  գյուղի  և  գյուղատնտեսության  աջակցության  հիմնադրամի  կողմից  հատկացված  52 մլն 686 հազար  դրամ փոխառություններից  մարվել է  32 մլն 796 հազար դրամը: 
Ներկայացված  հարցերի  առթիվ  շրջվարչակազմի  ղեկավարն  արտահայտեց  իր  մտահոգությունները  և   համայնքների  ղեկավարներից պահանջեց  ձեռնարկել  հնարավոր  բոլոր  միջոցները  մարելու  տրամադրված  փոխառությունները:
Շրջանային  խորհրդի  նիստի  քննարկմանը ներկայացվեցին մի շարք այլ հարցեր։
Նիստի աշխատանքներն ամփոփեց շրջվարչակազմի ղեկավարը։ Նա ներկաների ուշադրությունը  հրավիրեց հոկտեմբերի 13-ին Ստեփանակերտ  քաղաքում  կազմակերպվող բերքի տոնին և համայնքների  ղեկավարներին առաջարկեց ակտիվ  մասնակցություն  ցուցաբերել այդ միջոցառմանը: 
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ