[ARM]     [RUS]     [ENG]

ՙՂԱՐԱԲԱՂ ԿԱՐՊԵՏ՚. ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐ ՕՐԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՎԱՔՈՒՄ

8555.jpgԱնցյալ դարի 60-ականների սկզբներին կոմերիտական քաղխմբակի պրոպագանդիստ էի մեր գյուղի՝ Մեծ Թաղերի գորգագործարանում (այսպես էլ կոչվում էր՝ գորգագործարան), որտեղ աշխատում էին ավելի քան 40 կանայք։ Փայտե դազգահների առջև նստած՝ նրանք հայկական գորգեր էին գործում (ՙՂարաբաղ՚, ՙԱրշալույս՚, ՙԱրևագորգ՚, ՙԱնահիտ՚ և այլ անուններով)՝ մեկը մյուսից գրավիչ, մեկը մյուսից կախարդիչ գորգեր։ 
Ու հիմա էլ ասես աչքիս առաջ են։ Կանայք ու աղջիկները վերցնում էին գույն-գույն թելեր, հանգուցում հենքին ու... սարից բերած ձնծաղիկ, դաշտից բերած կուժկոտրուկ, արտի միջին երգող լոր ու մի  այլ թռչուն... գալիս, ՙհանգչում էին՚ գորգի վրա։  Ու գորգերն այս փառք ու պատիվ էին բերում մեր գյուղին, ողջ Ղարաբաղին։ Բայց արի ու տես, որ դրանք մեզ մոտ, Արցախ աշխարհում չէին մնում։ Որպես կանոն, ամսվա վերջին տարվում էին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Աղդամ, Եվլախ, Բաքու, ուր և որոշվում էր սրանց ապագա ճակատագիրը։ Մի մասը գնում-հասնում էր աշխարհի մյուս ծայրը՝ Փարիզ, Լոնդոն, Լայպցիգ՝ դառնալով  թանգարանների զարդ ու զարդարանք, մի մասն էլ ՙհանգրվանում էր՚ տեղում, ՙինտերնացիոնալ՚ քաղաքում՝ թուրք  բարձրաստիճան պաշտոնյաների ննջարաններում։ Այսպես էր։ Թուրքի ձեռքը բռնող չկար։ Հիմա, փառք Տիրոջը, ամեն ինչ հարթվում է, հանվում ՙմոռացության՚ փոշու տակից, մի բան, որ բխում է մեր բոլորի սրտերից, հաճելի մի երևույթ, որ արգասիք է ազգային արժեքների պահպանմանն ու հարստացմանն ուղղված հայրենի պետության ճիշտ ու արդար քաղաքականությանը։  
Գրում եմ այս տողերը ու մտովի տեղափոխվում ՙՂարաբաղ կարպետ՚ անունը կրող մեծ ու լուսավոր արտադրատարածքը, որ ընդամենը երկու-երեք ամսվա պատմություն ունի։ Այն գտնվում է նախկին Ղարմետաքսկոմբինատի արտադրական մասնաշենքերից մեկում,  տեղանքը նոր է բարեկարգվում, տեսքի բերվում։ Սեփականատերը`  Թևոս Եղիազարյանը, եկել է Երևանից՝ իշխանությունների, մասնավորապես փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հորդորով ու հրավերով։ Շտապենք ասել, որ  այս հույժ կարևոր շենքի կառուցման աշխատանքները տակավին ընթացքի մեջ են։ Առաջիկա երկու-երեք տարիներին այն պիտի դառնա հանրապետության ամենանշանավոր գործարաններից մեկը, ուր հինգ հարյուր զույգ ձեռքեր նուրբ ու բազմերանգ թելերի փնջերից պիտի հայկական գորգեր հյուսեն, ստեղծեն մնայուն արժեքներ։  Հիմքերն արդեն դրված են, ու առաջին նմուշները՝ ՙթողարկված՚։ Մտեք ու շրջեք, նայեք, հետևեք հերթով շարված երեսուն դազգահների առաջ նստած շնորհաշատ աղջիկների մատների շարժումներին ու... կհամոզվեք։rtttu.jpg
- Իրենք մայր ու աղջիկ են, Վարյան ու Լարիսան,- բացատրում են գործադիր տնօրենն ու պատասխանատու վարպետ Ռոզա Նազարյանը,- միասին մի գորգ են գործում՝ ՙԽնձորեսկ՚։ Ու տեսեք՝ ինչքան սիրուն, ինչքան գունագեղ է ստացվում։
Դանդաղ, կամացուկ մոտենում ենք մի այլ դազգահի։ Զարմացած ու հիացած կանգ եմ առնում, ուշադիր նայում հանգույց կապող աղջիկների մատներին, որոնք այնքան արագ են շարժվում, որ, թվում է, քանոնահարներ են արագ կտկտացնում լարերի վրա։ Կոլեկտիվում հիմա 50 անդամ է։ 50 զույգ աչքեր, 50 զույգ հենքաթել կտրող, մկրատ ու դանակ բանեցնող ձեռքեր։ Ու սա դեռ բոլորը չէ։ Նախատեսված է այս 50-ը հասցնել 75-ի, ու ես համոզված եմ, որ կլինի, կհասցվի, քանի որ ամեն օր նոր անուններ են ավելանում։ Չմոռանանք նշել, որ գործարանը մասնաճյուղ ունի հինավուրց Շուշիում՝ 12 դազգահով ու 24 աշխատողով։ Ասել է թե՝ դարերի խորքից եկող այս ավանդական արհեստը՝ գորգագործությունը, միտում ունի իր թևերը լայնորեն փռելու մեր երկրամասի շատ ու շատ վայրերում՝ վերականգնելով վաղեմի փառքն ու համբավը։  Ես սրանում ավելի քան համոզված եմ, քանզի այս արհեստի մասին այսօր խոսվում է ամենաբարձր ամբիոններից, մի բան, որ ուրախություն է պատճառում բոլորին, ևս առավել՝ հայ կանանց ու աղջիկներին։
Հիմա նույնիսկ պարզ ու որոշակի խոսք է ասվում գործարանը հզորացնելու, 500 աշխատատեղ բացելու և էլի ուրիշ հարցերի մասին, որն, ինչ խոսք, հույս ու հավատ է ներշնչում հայրենի եզերքի, հայրենի օջախի, վաղվա լուսավոր օրվա հանդեպ։
500 աշխատատեղ։ Պատկերացնո՞ւմ եք։
- Ոմանց կարող է անհավատալի թվալ, բայց կառավարությունը հատուկ մշակված ծրագիր ունի, որի իրագործումը թույլ կտա գորգագործությունը հասցնել աննախադեպ մակարդակի,- վստահ ու անառարկելի տոնով ասում է գործադիր տնօրենն ու շարունակում,-  մեր արտադրանքը, հայկական մեր թանկարժեք գորգերը պիտի դուրս գան համաշխարհային շուկա և, որ կարևոր է, դիմանան մրցակցության, բավարարեն ամենաբծախնդիր գնորդի ճաշակը։ Իսկ սրան հասնելու համար արվում է ամեն ինչ։ Հիշեցնենք, որ չորանոցը, լվացքատունը, խուզման կետն արդեն պատրաստ են։ Մտահոգված ենք ներկատան հարցով։
Ես հետաքրքրվում, ուզում եմ իմանալ, թե այսօրվա դրությամբ ինչ ունի արտադրամասը։  Եվ տնօրենն ու 12 տարվա փորձ ունեցող (Երևանի ՙՄեջիք կարպետում՚ է վարպետություն ձեռք բերել) պատասխանատու վարպետը, մեկը մյուսին լրացնելով, պատմում են.
- Այն, ինչ տեսնում եք, դազգահները՝ հաստոցները, թելերը, սեփականատերն է բերել Հայաստանից։ Այնպես որ՝ հումքի կարիք չենք զգում։ Մենք էլ մեր նկատմամբ եղած վստահությունը չենք կորցնում։ Աշխատում ենք խղճով, ավյունով։ Արդեն տվել ենք առաջին արտադրանքը՝ 12-13 գորգ։ Հիշեցնեմ, որ պատվիրատուն Ազգային  առաջին վիճակախաղն է։ Աշխատավարձ արդեն տրվել է։ Միջինը 60-65 հազար դրամ է կազմել, բայց սա սահման համարել չի կարելի։ Ուրախալին այն է, որ մեր աշխատանքը, մեր տված արտադրանքը գտնվում են ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մեզ մոտ եղել են և՜ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, և՜  վարչապետ Արա Հարությունյանը ու էլի ուրիշ պաշտոնատար անձինք։ Դե իսկ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ամեն անգամ այստեղ ոտք դնելուց հարցնում, տեղեկանում է՝ ինչը չի հերիքում, ինչի կարիք ունենք, ինչ հարցեր են մեզ մտահոգում և այլն, և այլն։ Ասել կուզի՝ շատ է օգնում, աջակցում, որ ժամանակին ու անթերի կատարենք մեր առջև դրված դժվարին, բայց պատվաբեր խնդիրները։ Հուսանք, որ այն, ինչ նախատեսված է, մշակված, ծրագրված, շունչ ու կենդանություն կառնի՝ նկատելիորեն ու հաճելիորեն փոխելով հանրապետության դեմքը, մարդկանց մտածելակերպն ու ապրելակերպը, նաև գորգագործական մշակույթի իրական պատկերը։
Դե, ուրեմն, հավատով սպասենք, երբ հայկական մեր գորգերը կերևան, նորից կփայլեն շատ ավելի հեռուներում, քաղաքակիրթ աշխարհի տարբեր ծագերում, տարբեր թանգարաններում։  
 
 
Միքայել ԲԱԼՅԱՆ