[ARM]     [RUS]     [ENG]

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է

PB010020.jpgԱմիսներ առաջ, երբ առաջին խոսակցություններն էին պտտվում նախկին ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի մասնաշենքերից մեկում նոր արտադրություն հիմնելու մասին, շատերն էին թերահավատ: Առավել եւս, որ նման խոսակցություններն առաջին անգամ չէին տարածվում: Այս անգամ, սակայն, ամեն ինչ այլ կերպ ընթացավ՝ հիմնադրվեց ՙՄետաքսկոմբինատ՚ ընկերությունը (այդ մասին ՙԱԱ՚-ն անդրադարձել է վերջերս)։ 
Արցախի ներդրումային հիմնադրամի խողովակներով ստացված միջոցներով սկսվեցին նախկին ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի մասնաշենքերից մեկի հիմնանորագման աշխատանքները: Խոսքն ավելի քան 15 հազար քառակուսի մետր տարածքի մասին է: Առանց լրացուցիչ մանրամասների՝  էությունը հետեւյալն է: Պետական ծրագրի շրջանակներում տարածքը վերանորոգվում է, ապահովվում համապատասխան ենթակառուցվածքներով եւ տրամադրվում որոշակի պայմաններ՝ բավարարող գործարար ծրագրերի իրագործման նպատակով: Մի քանի բիզնես-ծրագրերը մեկ տանիքի տակ հավաքելու զուտ տեխնիկական առավելությունը ՙՄետաքսկոմբինատ՚ ընկերության տնօրեն Վալերի  Բալայանը կարճ է ներկայացնում. ՙԵթե դիտարկենք հարցի միայն տեխնիկական կողմը, ապա շատ ծախսեր, որ յուրաքանչյուր կազմակերպության համար անխուսափելի են, կիրականացվեն կենտրոնացված՝ դրանով իսկ թեթեւացնելով յուրաքանչյուրի բեռը՚:
Այսօր նախկին ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի  մասնաշենքի տարածքում շարունակվում են ակտիվ շինարարական աշխատանքները: Սակայն, ինչպես եւ ծրագրվել էր, զուգահեռաբար իրենց գործունեությունն են սկսել նաեւ տարածքի առաջին վարձակալները: ՙՂարաբաղ կարպետ՚ փակ բաժնետիրական ընկերությունն այստեղ արդեն հնաբնակի կարգավիճակում է:  
Սակայն ընկերությունն այս տարածքում միայնակ չէ: Դեռ գարնան վերջերին նույն տանիքի տակ իր աշխատանքներն է սկսել նաեւ ՙՍանդերք՚ ընկերությունը: Այս սրահում աղմկում են նախկին ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի հաստոցները: Այժմ ոչ թե մետաքսե, այլ բամբակե կտոր է արտադրվում, ընդ որում՝ մի քանի տեսակի: Այստեղ էլ առաջին ամիսները հիմնականում աշխատակիցների հավաքագրումով եւ ուսուցմամբ են նշանավորվել: Ինչպես ՙՂարաբաղ կարպետ՚-ում, այստեղ էլ կողք կողքի աշխատում են հին ու նոր վարպետները: Արտադրանքի սպառման հարցով այստեղ ևս շատ չեն մտահոգվում: Պահանջարկը կա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում:
ՙՖորեստ՚ ընկերությունը նույն շենքում բրդի վերամշակմամբ է զբաղվում: Սա արդեն ուղղակի մարտահրավեր է նաեւ ոչխարաբուծությամբ զբաղվողների համար: Ընկերությունը խնդիր ունի առաջին հերթին ներքին շուկայից հումք ձեռք բերել: Արտադրում են բրդի թել: Զուգահեռաբար հրավիրված մասնագետները ոլորտի նորեկներին գործնականում ցույց են տալիս իրենց աշխատանքի նրբությունները: Արտադրանքի սպառման հետ կապված խնդիրներ չեն լինի: Առաջին սպառողը հենց իրենց հարեւանությամբ է՝ ի դեմս ՙՂարաբաղ կարպետ՚-ի:
Թվարկված 3 կազմակերպությունները դեռ վերանորոգվող մասնաշենքում մոտ 4000 քառակուսի մետր տարածք են զբաղեցնում: Որպես արտադրական տարածք նախատեսվում է օգտագործել ունեցած 15 հազարից ավելի քան 14 հազար քառակուսի մետրը: Վերանորոգման աշխատանքներն այս պահին շարունակվում են: Կավարտվեն մեկ տարվա ընթացքում: Նույն ժամանակահատվածում ՙՄետաքսկոմբինատ՚-ի հարկի տակ կհավաքվեն նաեւ նոր կազմակերպություններ: Արդյունքում՝ այսօրվա 150-160 աշխատատեղերի փոխարեն ավելի քան 600 աշխատատեղ կբացվի: Շենքը դեռ պատրաստ չէ, բայց արդեն դիմողների մրցակցություն կա: Պայմանները չափազանց գրավիչ են՝ մեկ քառակուսի մետրի ամսավճարը՝ 300 դրամ: Բացի այդ՝ կենտրոնացված կմատուցվեն մի շարք ծառայություններ՝ կամ անվճար, կամ շուկայականից անհամեմատ էժան գնով: Ոչ միայն ենթակառուցվածքները կսպասարկվեն, այլեւ կառաջարկվեն նաեւ իրավաբանական, հաշվապահական եւ ոչ տեխնիկական այլ ծառայություններ: Որպես պետական ծրագիր՝ բնականաբար նաեւ արդյունքներն են ակնկալվում այդ մակարդակում: ՙՄեր առաջին խնդիրը մրցունակ արտադրանք տալն է, որը կապահովի ե՜ւ նոր աշխատատեղեր, ե՜ւ երաշխավորված ու կայուն աշխատավարձ՚,- առանցքային խնդիրն է ընդգծում Վալերի Բալայանը: Նույն նպատակին է ուղղված լինելու նաեւ հաջորդ նախաձեռնությունը, որը միայն կավելացնի այս տարածքի գրավչությունը: Մտադիր են ծրագրում ընդգրկված կազմակերպությունների համար հարկային արտոնություններ սահմանելու նախագիծ ներկայացնել:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ