[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏ. ԴԵՌ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սա մեր տարածաշրջանի համար հազվադեպ երեւույթ է, գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ կարելի է սկսել փետրվարի կեսերից՚,-թվարկում է  ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշյանը:
Ավետյաց այդ երկիրը Արցախն է: 
Տարածքը, որ նկարագրվեց՝ Արցախի հարավային հատվածն է՝ Արաքսի հովիտը: Այստեղ արդեն երկրորդ տարին է՝ ամբողջ թափով հողերը եղեգից ու թփերից ազատագրելու աշխատանքներն են ընթանում: Արդյունքները հենց տեղում կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին:
Ծրագիրը որքան երիտասարդ, նույնքան էլ հավակնոտ է:   Ընդհանուր առմամբ՝ մաքրման աշխատանքները 2012 թվականին են սկսվել: Դրա համար ստեղծվել է Հադրութի մեքենատրակտորային կայանի ՙԱրաքս՚ մասնաճյուղը, որը հասցրել է 204 հեկտար հող մաքրել: Սակայն աշխատանքներն ավելի շատ էին: Ծրագիրը համակարգող՝ ԼՂՀ   գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այլ տարբերակ գտավ: ՙՀրավիրեցինք մասնագիտացված կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի բավական մեծ փորձ է կուտակել,-մանրամասնում է Աշոտ Բախշյանը:- Այդ կազմակերպությունը Հադրութում նոր կառույց հիմնեց, իր տեխնիկայով եւ աշխատողներով տեղակայվեց հենց Արաքսի հովտում եւ սկսեց աշխատանքները՚:
Շարունակությունը ՙԳյուղատնտես՚ ՍՊԸ¬ի  տնօրեն Վարդան Մարտիրոսյանն է  ներկայացնում .ՙԱրդեն հինգ ամիս է՝ այստեղ ենք աշխատում: Մոտ երեք տասնյակ տեխնիկա ունենք, մեկուկես տասնյակ աշխատող: Այդ հնարավորություններով հասցրել ենք ավելի քան 250 հեկտար հող մաքրել՚:
Տարածքի հիմնական մասի ոռոգումը Արաքսից սնվող 45¬կիլոմետրանոց մայր ջրանցքն է ապահովելու:  Ներկայումս աշխատանքներ են  տարվում նրա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումն ապահովելու ուղղությամբ: ՙԱյսօրվա հնարավորություններով այս ջրանցքի ջրով հնարավոր է ոռոգել մինչեւ 1000, անգամ՝ 1500 հեկտար տարածք: Կարծում եմ, բարեկարգման աշխատանքները շարունակելու դեպքում այդ թիվը հնարավոր կլինի արդեն հաջորդ տարի զգալի մեծացնել՚,- լավատես է ՙՋրային տնտեսություն՚ ՓԲԸ¬ի  Մարտունու եւ Հադրութի շրջանների բաժնի պետ Արարատ Գրիգորյանը:
Ծրագրի պատասխանատուները հեռանկարների մասին համարձակ են խոսում, քանի որ արդեն կան առաջին շոշափելի արդյունքները: Այս տարի Արաքսի հովտից առաջին բերքն են հավաքել: ՙԱռնվազն մեկուկես-երկու անգամ գերազանցել է բերքատվության միջին հանրապետական ցուցանիշները՚,- վստահեցնում է ԼՂՀ ԳԳԱ հիմնադրամի տնօրենը:
Զուգահեռ աշխատանքներ են ընթացել նաեւ այլ ճակատում: Խոսքն այս տարածքներում աշխատողների ու նաեւ մշտական բնակություն հաստատել ցանկացողների համար պայմանների ապահովման մասին է: Յուրացվող հողերի կենտրոնում մի ողջ ավան է կառուցվել: Աշխատանքները 2012 թվականի մայիսին են սկսվել, ավարտվել 2013 թվականի մայիսին:
ՙՀիմա այնտեղ բազա ունենք՝ ինը վագոն-տնակներով: Դրանցից հինգը նախատեսված է ժամանակավոր բնակության համար, մեկը ճաշարան է, մեկը՝ բուժկետ և այլն: Կան ամառային տաղավարներ: Հարեւանությամբ պատրաստի կոնստրուկցիաներով 25 տուն է հավաքվել: Երկսենյականոց տներ են՝ ամառային խոհանոցներով, ապահովված շուրջօրյա ջրով, էլեկտրականությամբ, սանհանգույցով: Շինարարության ընդհանուր մակերեսը 10 568 քառակուսի մետր է, արժեքը՝ 188,8 մլն դրամ՚,- մանրամասնում է  Կապիտալ շինարարության վարչության գլխավոր մասնագետ Սերգեյ Բաղդասարյանը: 
Նորակառույց ավանն էլեկտրականությամբ ապահովելու համար ավելի քան 22 կիլոմետր հոսանքի գիծ է անցկացվել: Այդ աշխատանքների համար մոտ 150 միլիոն դրամ է հատկացվել: Առաջիկայում եւս ծախսեր են սպասվում: Խոսքը եւ ենթակառուցվածքների ընդլայնման, եւ հողերի մաքրման մասին է:
Առայժմ մաքրվել է մոտ 450 հեկտար հող: Հիմնադրամը վարձակալել է ավելի քան հազար հեկտար: Մաքրման աշխատանքները դեռ կշարունակվեն: Մշակման համար պատրաստ հողերը Հիմնադրամը կտա ենթավարձակալության՝ մեկ հեկտարի համար տարեկան 52-53 հազար դրամով: Սա՝ առաջին 8-9 տարիների համար: Այդ ընթացքում Հիմնադրամն իր կատարած ներդրումները հետ կբերի: Դրանից հետո ենթավարձակալության պայմանները, ամենայն հավանականությամբ, կփոխվեն, վստահեցնում է Հիմնադրամի տնօրենը: Արդեն տասնյակ դիմողներ կան, ասում է Ա. Բախշյանը, սակայն Արաքսի հովտի կարեւորությունը հաշվի առնելով՝ հայտերը բավարարում են միայն հիմնավոր ուսումնասիրությունից հետո:
Հողերի մշակման հարցում դեռ ՙԳյուղատնտես՚ ընկերության տեխնիկային են ապավինելու, որն այժմ ավանի հարեւանությամբ պետական ծրագրով կառուցված բազայում է տեղակայված: Ընկերության մեկ տասնյակից ավելի աշխատակիցների մեծ մասը, ովքեր ամսական մինչեւ 350 հազար դրամ աշխատավարձ են ստանում, աշխատանքի շրջանում հենց բազայի տարածքում տեղադրված տնակներում են ապրում:
Ստեղծված պայմաններից շատ ավելի գրավիչ են բնական պայմանները: Գյուղատնտեսական տարին այստեղ սկսվում է փետրվարի կեսերից՝ մեկ ամիս ավելի վաղ, քան տարածաշրջանի այլ հատվածներում: Բնականաբար, բերքը մեկ ամիս ավելի վաղ է հնարավոր լինելու շուկա հանել:  Դրանից են բխում այս տարածքի նկատմամբ Հիմնադրամի բավականին  հավակնոտ ծրագրերը: ՙԱյստեղ  լավ բերք է տալիս նաեւ հացահատիկը, բայց տեղի բարենպաստ պայմանները հաշվի առնելով՝ նախընտրելի է այս տարածքներում այգիներ ու ջերմոցային տնտեսություններ հիմնել, բանջարեղենի մշակությամբ զբաղվել՚,- թվարկում է Ա. Բախշիյանը: Եվ դրանով զբաղվել ցանկացողներ կան: Ասմարյան եղբայրները Սիրիայում գյուղատնտեսությամբ էին զբաղվում: Հայրենիք տեղափոխվելու որոշում ընդունելով՝ եկել, սկսել են տեղի փնտրտուքը: Արաքսի հովիտը լավագույն տարբերակն են համարում ցիտրուսային այգիների հիմնադրման համար: Նախ՝ բնակլիմայական պայմաններն են իդեալական: Բացի այդ, հատկապես ուժասպառված հողերի ֆոնին՝ Արաքսի հովիտն իսկական դրախտ է: Ազոտը, որ գրեթե բացակայում է շատ տարածքներում, այստեղ լիուլի բավարար է: Դա միմյանցից անկախ հաստատել են տեղում՝ Արցախում,  ինչպես և  Սիրիայում արված հետազոտությունները: ՙԱրաքսի հովտից Սիրիա փորձաքննության տարած հողերը համեմատեցին Սիրիայի ամենաբերրի տարածքի հողերի հետ, բնականաբար, դա մեզ ավելի ոգեւորեց՚,- պատմում է սիրիահայ գործարար Հովհաննես Ասմարյանը: Առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Շատ շուտով կկարողանան տնկիները հողին պահ տալ հենց Արաքսի հովտում: Առայժմ միակ մտահոգությունը հովտում ենթակառուցվածքների զարգացման հետ է կապված: Վստահ են՝ այդ հարցերն էլ շուտով կկարգավորվեն:
 
Նորայր Հովսեփյան