[ARM]     [RUS]     [ENG]

ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ ԲԵՐՔԻՆ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՈՒՑՈՒՄ

061201.jpgԳյուղատնտեսության զարգացման խնդրահարույց հարցերից մեկը ներկա պահին հացահատիկի արտադրության ավելացումն է. շրջանում հացահատիկային մշակաբույսերի վերջին 7 տարիների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ հա-ի միջին բերքատվությունը տատանվում է 14-18ց-ի  սահմաններում։ Ամենից բարձր բերք ստացվել է 2008թ՝  21.6ց/հա։
2013թ. բերքի տակ շրջանի 11737հա հացահատիկային մշակաբույսերի ցանքսերից ստացվել է 19839 տոննա հացահատիկ, հա-ի միջին բերքատվությունը կազմել է 16,8ց, իսկ առանձին հողօգտագործողներ հա-ից ստացել են 30-50ց և ավել բերք։
Բերքատվության ցուցանիշն ավելի բարձր կլիներ, եթե չլինեին բնական աղետները՝ կարկտահարությունը և երաշտը։ Բավական է նշել, որ բնական աղետների պատճառով  2000հա աշնանացան տարածքներ չեն հնձվել։
Բերքատվության տատանումները (բարձր, ցածր ցուցանիշներ) ցույց են տալիս, որ առայժմ այս ուղղությամբ անելիքները զգալի են, և հացագործության բնագավառում ունենք բացթողումներ, չօգտագործված հնարավորություններ։ Փորձը ցույց է տալիս, որ այն հողօգտագործողները, ովքեր ժամանակին կատարում են ագրոտեխնիկական միջոցառումները, պարբերաբար և արդյունավետ օգտագործում  պարարտանյութերը, միշտ կայուն ու բարձր բերք են ապահովում։
Այսպես՝ Ճարտար գյուղի բնակիչ Համլետ Պետրոսյանը պետական պահուստային ֆոնդից 48հա աշնանացանի յուրաքանչյուր հա-ից ստացել է 40ց բերք, նույն գյուղի բնակիչ Վահե Մուսայելյանը՝ 30ց,  Խնուշինակ գյուղի բնակիչ Ֆելիքս Սարգսյանը՝ 30ց, Ջիվանի գյուղի բնակիչներ Կարինե Խաչատրյանը և Արշակ Դանիելյանը՝ 40-50ց, Սարգսաշեն գյուղի բնակիչ Նորայր Ստեփանյանը՝  50ց, Թաղավարդ գյուղի բնակիչներ Արշակ Ավագյանը՝ 50ց, Կարո Ալավերդյանը՝ 30ց, Սոս գյուղի բնակիչներ Եղիշե Մելքումյանը՝ 35ց, Սասուն Գրիգորյանը՝ 50ց և այլն։
Ունենք նաև հողօգտագործողներ, ովքեր, անտեսելով ագրոտեխնիկան և խնամքի միջոցառումները, ցանքատարածություններից ստանում են շատ չնչին բերք՝ 10-12ց/հա։ 
Իսկ որո՞նք են  հացահատիկային մշակաբույսերի  ցածր բերքի ստացման պատճառները:
Նախ՝  հողի մշակությունը ժամանակին չի կատարվում, հանքային և օրգանական պարարտանյութեր քիչ են օգտագործվում, դաշտավարության մեջ իշխում է մենակուլտուրան՝ իր բոլոր բացասական հետևանքներով, անբավարար է պայքարը մոլախոտերի, վնասատուների և հիվանդության հարուցիչների դեմ, բերքահավաքը ժամանակին չի կատարվում, և ամենից կարևորը՝ ցանքաշրջանառություն, հողի սնուցում չի իրականացվում, և արդյունքում հողը զրկվում է սննդանյութերից, նվազում  է նրա բերրիությունը, իջնում մշակաբույսերի բերքատվության ցուցանիշը։
Ագրոքիմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր հողերի 70-80%-ը ֆոսֆորով թույլ են ապահովված, ազոտով և կալիումով՝ միջակ, այսինքն՝ հողերի մեծ մասը կարիք ունի նշված նյութերով պարարտացման։ Սխալ է այն կարծիքը, թե ԼՂՀ հողերը կալիումով հարուստ են և միավոր բերքի առաջացման համար նրա անհրաժեշտությունը չկա։ 
Այժմ, երբ մեր պետությունը զգալի աջակցություն է ցուցաբերում գյուղաբնակին, հողօգտագործողներին՝ պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների տրամադրման տեսքով,  բերքատվության առկա վիճակը չի գոհացնում և անընդունելի է։
Թվարկված պատճառներից կառանձնացնեի հողօգտագործողների և որոշ մասնագետների մոտ ագրոքիմիական գիտելիքների պակասը։ Ապացուցված է, որ հացահատիկայինների բերքի 50%-ն ապահովվում է շնորհիվ պարարտանյութերի օգտագործման։ Մի առիթով ագրոքիմիական գիտության հիմնադիրներից մեկը՝ ակադեմիկոս Դ. Պրյանիշնիկովն ասել է. ՙԳիտելիքների պակասը չես կարող լրացնել պարարտանյութերի ավելցուկով՚։ Ինչքան ճիշտ է ասված. որքան էլ պարարտանյութերը շատ լինեն, եթե մենք չենք կարողանում դրանք օգտագործել արդյունավետ, ուրեմն բավարար արդյունք չենք ստանա։
Ագրոքիմիական գիտության թույլ պրոպագանդման գործում իրենց մեղքի բաժինն ունեն բնագավառի գիտնականներն ու գյուղատնտես մասնագետները։ Դաշտերը և այգիները ճիշտ պարարտացնելու համար անհրաժեշտ է իմանալ տվյալ հողակտորի սննդանյութերով ապահովվածության աստիճանը, բաղադրությունը։
Երկար ընդմիջումից հետո այժմ Ստեփանակերտի ՙԲույսերի պաշտպանության և ագրոքիմիա՚ ՓԲԸ-ում գործում է հողերի  հետազոտման լաբորատորիա, որտեղ դաշտային հետազոտությունների հիման վրա կատարվում է հողանմուշի հետազոտություն, որոշվում հեշտ հիդրոլիզվող ազոտի, շարժուն ֆոսֆորի և փոխանակային կալիումի քանակը՝ մգ/100գ հողում։ Հետազոտման տվյալների հիման վրա հողօգտագործողներին տալիս են տվյալ դաշտի պարարտացման երաշխավորագիր։
Գյուղատնտեսական մշակաբույսերի տակ հանքային պարարտանյութերի անհրաժեշտ չափի որոշումը հանդիսանում է ագրոքիմիայի կարևոր և բարդ խնդիրներից մեկը։ Գոյություն  ունեն ընդհանուր և գիտականորեն հիմնավորված ճիշտ չափաբաժիններ։ Ընդհանուր չափաբաժնի ժամանակ հաշվի է առնվում մշակվող և նախորդ  մշակաբույսերի ընդհանուր և կենսաբանական առանձնահատկությունները, իսկ գիտականորեն հիմնավորված ճիշտ չափաբաժնի ժամանակ հաշվի են առնվում տվյալ հողակտորի սննդանյութերով ապահովվածության աստիճանը, պլանավորված բերքի չափը, սննդանյութերի օգտագործման գործակիցները հողից և պարարտանյութերից։ 
 
Միքայել ԲԱԲԱՅԱՆ
Մարտունու շրջվարչակազմի  
աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ