ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

55.jpgՀեծանիվ հայտնագործած չենք լինի, եթե ասենք, որ գյուղի զարգացման տնտեսական հիմքը  եղել  և  մնում է  գյուղատնտեսությունը: Բավական է նշել, որ մոտավոր հաշվարկներով համախառն  ներքին  արդյունքում  նրա  ծավալը  կազմում է  մոտ  37տոկոս: Գյուղատնտեսության  հետագա  զարգացման  ուղղությամբ  ի՞նչ է  արվել  և  ի՞նչ հեռանկարներ  կան  Հադրութի  շրջանում.  հարցի  առթիվ  հարցազրույցի  ենք  հրավիրել շրջվարչակազմի   աշխատակազմի  գյուղատնտեսության, հողաշինարարության  և  հողօգատգործման  բաժնի  վարիչ  Աբրիկ  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ։
¬Պարոն  Մարտիրոսյան, ինչպե՞ս  եք  գնահատում  գյուղատնտեսության  բնագավառում  իրականացվող  աշխատանքների  արդյունավետությունը:
¬ 2013 թվականին  դարձյալ  հիմնական  ուշադրությունը  դարձրել  ենք  հացահատիկային  մշակաբույսերին, գարնանացանին, անասնագլխաքանակի  ավելացմանը  և  նրա  մթերատվության  բարձրացմանը։ Ընթացիկ տարվա բերքի  տակ  կատարել  ենք  7900 հա  հացահատիկայինների  հունձ, որից  4068 հա  ցորեն, 3832 հա  գարի: Ստացվել է  16900  տոննա  համախառն  բերք, հեկտարի  միջին  բերքատվությունը  կազմել է  21  ցենտներ: Ստացված  բարձր բերքն ապահովվել է  աշնանացանի՝  ագրոտեխնիկական  ժամկետներում  և  որակով  կատարման շնորհիվ: Ժամանակին  կատարվել են  խնամքի  բոլոր  միջոցառումները: Որոշակի  աշխատանքներ են տարվել  հողային  ֆոնդի  նկատմամբ  վերահսկողության  և  նրա  արդյունավետ  օգտագործման  ուղղությամբ: Շրջանի  վարչական  սահմաններում  առկա են  7545,46 հա  վարելահողեր, որից  սեփականաշնորհված է  3457,38 հա, վարձակալված՝ մոտ 850 հա: Համայնքային  վարչական  սահմաններից  դուրս  հողերից  վարձակալությամբ  տրամադրվել է  6685 հա, որից  5577 հա-ն վարելահողեր  են, 155 հա-ն՝ խաղողայգի, 885 հա-ն՝ արոտավայր, 58 հա-ն՝ խոտհարք, 6 հա-ն՝ թթենու այգի: Միայն տարվա անցած  ժամանակահատվածում շրջվարչակազմի ղեկավարի  որոշմամբ  վարձակալությամբ  տրամադրվել է  1716 հա  վարելահող: Միակողմանի  չեղյալ է  համարվել  հողի  վարձակալության  17 պայմանագիր:
¬ Շրջանում  ին՞չ  աշխատանքներ են  տարվում  մշակաբույսերի  տեսականին  ավելացնելու  և  ցանքաշրջանառության  ուղղությամբ:
¬ Վերջին 10 տարիների  ընթացքում   ցանքաշրջանառության  ուղղությամբ  որոշակի  աշխատանքներ իրականացվել են: Գարնանացանի  ցանքսերն  ավելացել  են  ավելի  քան  4 անգամ: Այսօր  հողի  մշակման  նոր  մեթոդներ են  պահանջվում, և  բարձր  բերքի  ապահովման  համար  հողօգտագործողն իր առջև  նոր  խնդիրներ  և  պահանջներ է  դնում: 2013թ.  շրջանում  գարնանացանի  տակ  կատարվել է  1786 հա  հերկ, որից  մոտ  504 հա  թողնվել է  սև  ցելի  տակ: 1294 հա-ի  վրա  կատարվել է  գարնանացան:  Ցանվել է  77 հա  հաճար, 568՝ եգիպտացորեն, 151՝  կարտոֆիլ, 200՝ արևածաղիկ, 53՝ սորգո, 109՝ կորնգան, 6  սոյա, 129 հա բանջարեղեն: Այս  մշակաբույսերը  ցանքաշրջանառության  մեջ  ներգրավելով  նպաստում  են  հողի  բերքատվության ցուցանիշի բարելավմանը: 
¬ Ի՞նչ  աշխատանքներ եք  իրականացնում  2014թ.  բերքի  տակ  աշնանացան  կատարելու  ուղղությամբ:
¬ Աշնանացանի  նախապատրաստման  ուղղությամբ  տարվող  աշխատանքներին  անդրադարձել  ենք  դեռևս  ս.թ.  սեպտեմբերին: Նախատեսված է 2014թ.  բերքի  տակ  կատարել 7500 հա աշնանացան, որից 2500 հա  համայնքային  սեփականաշնորհված  և  վարձակալված, իսկ 5000 հա՝ պետական  պահուստային  վարելահողերում: 
Համայնքային  վարելահողերում  աշխատանքներն  արագ  տեմպերով  են  ընթանում, որին  խթան է  հանդիսացել  ԼՂՀ  գյուղի  և  գյուղատնտեսության  աջակցության  հիմնադրամից  մատչելի  գնով  հատկացված  150 տոննա  դիզվառելիքը: Հացահատիկայինների  ցանքսի  աշխատանքներն  այս  օրերին  արագ  թափով  են ընթանում  ինչպես  հարթավայրային  գոտում, այնպես  էլ  համայնքային  տարածքներում: Մաքրվել և թունախեղդվել է  մոտ  500 տոննա գարու  և  ցորենի  սերմնացու, որը  հնարավորություն  կտա  ցանքս կատարել  շուրջ  2500 հա  տարածքի վրա: Հերկի  և  ցանքսի  աշխատանքները  շարունակվում  են:
¬ Ինչպիսի՞ն  է  անասնապահության  վիճակը  շրջանում։  
- Շրջանում  գործում է  Բանաձորի  և  Ուխտաձորի  ենթաշրջանների  համայնքների  զարգացման  ծրագիրը: Այդ  ծրագրի  շրջանակներում  Բանաձորի  և  Ուխտաձորի  ենթաշրջանի համայնքներում  անասնագլխաքանակի աճ է գրանցվել: Ավելացել է  ինչպես խոշոր եղջերավոր, այնպես էլ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը:
2013թ. հունվարի  1-ի  դրությամբ  շրջանում  առկա են  7696 գլուխ խոշոր եղջերավոր, 8059 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 3277 գլուխ խոզ, 39026 թև  թռչուն: 2012թ. հունվարի  1-ի  ցուցանիշների  հետ համեմատումը ցույց է տալիս, որ  շրջանում  անասնագլխաքանակի  զգալի  աճ է  գրանցվել: Անասնագլխաքանակի և մթերքների արտադրությունում կունենաինք ավելի մեծ աճ,  եթե  չլինեին  որոշ  հիվանդություններ (բրուցելյոզ, աֆրիկյան  ժանտախտ), որոնց  վերացման  ուղղությամբ  զգալի  աշխատանքներ են  տարվել: Անասնապահության  զարգացման  համար  շրջանում  պետք  է  ունենալ  անասնապահական  մթերքների  իրացման  կետ (մսի  և  կաթի  մթերում): Տեղերում  լինելուց  պարզվում է, որ  բնակչության  կողմից  անասունների  ձմեռման  համար  համապատասխան  քանակի  կերեր  են  կուտակվել (ծղոտ, խոտ):  
¬Ի՞նչ  աշխատանքներ  են  տարվում  նախկինում  վերցված  վարկերի  մարման  ուղղությամբ:
¬ Խնդրի  կարևորությունից  ելնելով՝ հաճախակի  ենք  անդրադարձել  նախկինում  վերցրած  վարկերի  մարմանը: 2008-2013թթ. աշնանացանի, պարարտանյութերի, տարբեր  տեսակի  սերմերի, դիզվառելիքի ձեռքբերման նպատակով  շրջանի  հողօգտագործողներին հատկացված անտոկոս  վարկերի մնացորդը կազմում է  420 մլն 374 հազար դրամ, որից ժամկետանց  վարկեր՝ 150 մլն 706 հազար  դրամ: Անասնապահության  զարգացման  ծրագրով  ապառքը  կազմում է  64 մլն 312 հազար դրամ, այդ  թվում  ժամկետանց  վարկեր՝ 12 մլն 481 հազար դրամ: Աշխատանքներ են  տարվում  ժամկետանց  վարկերը  ժամանակին  մարելու  համար: 2012-2013թթ.  հողերի  վարձակալության  վարձավճարները  ժամանակին  չմուծելու  հետևանքով  դատարան է  ներկայացվել 126 գործ, ստացել  ենք  125  վճիռ, 1 գործ  ընթացքի  մեջ է: Դատարանի  կայացած  վճիռներով  հավաքվել է  27 մլն 896 հազար 221 դրամ: Ս. թ. հոկտեմբերի 1-ի  դրությամբ  վարձավճարների  գծով  պարտավորությունները  կազմում  են 100 մլն 121 հազար դրամ, որից  ապառքը՝ 77 մլն 113 հազար դրամ, տուգանքը՝ 23 մլն 800 հազար  դրամ:
¬ Ինչպիսի՞ն է  գյուղտեխնիկայի  վիճակը։ 
¬ Շրջանում  առկա են 138 թրթուրավոր  և  անվավոր  տրակտոր, 96 գութան, 82 շարքացան, 44 կուլտիվատոր, 10-ից  ավելի  խոտհնձիչ: Վերջին  երկու  տարվա  ընթացքում  զգալիորեն  թարմացվել է  գյուղատնտեսական  տեխնիկան, լիզինգով  ձեռք  են  բերվել  տրակտորներ, կոմբայններ: Չնայած  առկա  տեխնիկայի  զգալի  քանակին, դրա  մեծ  մասը  հին է և  ֆիզիկապես  ու  բարոյապես  մաշված: Պահեստամասերի  պակասը  և  թանկ  գները  հնարավորություն  չեն  տալիս  տեխնիկան  ժամանակին  վերանորոգել:
2013թ.  բերքի  տակ  հունձ կատարելու  նպատակով  կոմբայնները  վերանորոգելու  համար  ԼՂՀ  գյուղի  և  գյուղատնտեսության  աջակցության  հիմնադրամից  վարկի  տեսքով  հատկացվել է  5 մլն դրամ:
¬ Օրերս  ԼՂՀ  Նախագահ  Բակո  Սահակյանը փոխվարչապետ  Արթուր  Աղաբեկյանի և պաշտոնատար  այլ  անձանց  հետ  աշխատանքային  խորհրդակցություն էր  հրավիրել  Հադրութի  վարչակազմում: Սոցիալ-տնտեսական  հարցերի  շարքում  ի՞նչ  խնդիրներ են  առաջ  քաշվել  գյուղատնտեսության  զարգացման  համար :
¬ Գյուղատնտեսությանն  առնչվող  հիմնական  հարցը, որի  վրա  ծավալվել է  ԼՂՀ  Նախագահը,  դա  մերձարաքսյան  տարածքում  գյուղատնտեսական  ծրագրերի  իրականացումն  է: Բ. Սահակյանը նշել է, որ  այս  տարածքի  շենացումը  մեծապես կնպաստի ոչ միայն  Հադրութի  շրջանի, այլև  ողջ  հանրապետության  գյուղատնտեսության զարգացմանը: Այդ  առթիվ հանրապետության նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել  շահագրգիռ  կազմակերպություններին:  
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ