[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՀՈՎԻՏԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽԸ ԿԵՐԱԿՐԵԼՈՒ, ԱՅԼԵՎ ԲԵՐՔ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ԼՈՒՐՋ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

DSC_8466.jpgԱրդեն երկրորդ տարին է՝ աճող կամ նվազող հետաքրքրությամբ  քննարկվում է Արաքսի հովտի յուրացման  ծրագիրը:  Արդեն ոչ միայն զարգացման հեռանկարների մասին է խոսվում, այլեւ՝ առաջին արդյունքների: Թե Արաքսի հովտում չօգտագործված ինչ ներուժ ունենք եւ ինչ նշագծի ենք ձգտելու՝ մանրամասնում է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԸ:
-Պարոն Աղաբեկյան, այսօր Արաքսի հովտի յուրացման ծրագրի գլխավոր ոգեշնչողներից մեկը Դուք եք: Արդյո՞ք հստակ են ճանապարհն ու նպատակը: Ի՞նչ ունենք Արաքսի հովտում եւ ինչի՞ ենք ձգտում:
- Այս ծրագիրը մեկնարկել էր ավելի վաղ, դեռ մինչեւ իմ նշանակվելը Արցախի փոխվարչապետի պաշտոնում: Արդեն իսկ բավականին ձեռքբերումներ կային: Շնորհակալ եմ, որ ավելի ուշ այդ ծրագրի համակարգումը վստահվեց ինձ: Այդ տարածքներում Առաջին պաշտպանական շրջանը թեժ մարտեր է ունեցել ե՜ւ 1993-ին՝ ազատագրման ժամանակ, ե՜ւ 1994 թվականին, երբ արյան գնով կարողացանք պահպանել մեր ձեռքբերումները: Եթե խոսենք Արաքսի ծրագրի շրջանակում արվածի մասին, պետք է ասեք, որ առաջին քայլերն ամբողջությամբ արված են: Նախ՝ Արաքսից սնվող մոտ 45-կիլոմետրանոց մայր ջրանցքն է մաքրվել եւ շահագործման պատրաստվել: Տեխնիկայի տեղակայման համար ունենք բավարար հարմարություններով բազա: Արդեն նաեւ ավան է ձեւավորվել՝ 25 տնակներով: Ամենակարեւորը՝ մոտ 27 կիլոմետր հոսանքի գիծ է անցկացվել, որպեսզի Արաքսի հովտում կեցության խնդիրները լուծվեն բարձր մակարդակով: Նախատեսում ենք բարձրավոլտ հոսանքի այդ գիծն ապագայում ծառայեցնել նաեւ արտեզյան հորերի ցանցի շահագործման համար: Արդեն պատրաստ է առաջին արտեզյան ջրհորը: Այդտեղ նաեւ խմելու ջրի հարցն է լուծված: Ունենք Հադրութում գրանցված կազմակերպություն՝ ՙԳյուղատնտես՚-ը, որը ստեղծվել է ՀՀ-ում գործող ամենախոշոր մելիորատիվ տնտեսության՝ ՙԲերրիություն՚ ընկերության բազայի վրա: Այս կազմակերպությունը տասնյակ տարիներ աշխատել է Արարատյան դաշտի աղակալած հողերի վերականգնման ուղղությամբ: 
- Թվարկված ծրագրերի տակ կարող ենք ամենամոտավոր հաշվարկներով ավելի քան կես միլիարդ դրամի ներդրում հաշվել: Հաշվի առնելով, որ աշխատանքները դեռ շարունակվում են, կարող ենք ենթադրել, որ ներդրումները եւս կաճեն: Արդյո՞ք ակնկալիքներն այնպիսին են, որ արդարացնում են նման ներդրումները:
- Արաքսի հովտից արդեն կան առաջին արդյունքները: Մոտ 500 հեկտար հող այստեղ մշակվում է: Բերքատվության այնպիսի ցուցանիշներ են արձանագրվում, որ կարող ենք առանց մտավախության մեծ ներդրումներ կատարել այս ծրագրում: Նախորդ տարի մոտ 20 հազար տոննա հացահատիկ ենք արտահանել ՀՀ: Մենք պետք է հպարտանանք, որ արցախցին արյան գնով ազատագրված հողում կարողանում է արժեք ստեղծել եւ այն իրացնել Հայաստանում: Միայն այդ հպարտությունը բավական է՝ թվարկված ներդրումներն արդարացնելու համար: Իսկ եթե զուտ թվաբանությամբ խոսենք, ապա  կատարած այս ներդրումները շատ փոքր են այն արդյունքի համեմատ, որ պետք է ստանանք Արաքսի հովտից: Միայն Արաքսի ջրանցքի տակ 3000 հեկտար ոռոգովի հող ունենք: Այսօր Արաքսի հովտում մշակվում է ընդամենը 500 հեկտար: Ջրանցքը մաքրելու ծրագիրը արդարացված կհամարեմ այն դեպքում, երբ այդ ջրանցքի ջրով 3000 հեկտար դաշտ ոռոգենք:
- Կես-կատակ մի հարց հասունացավ. երբ որեւէ պաշտոնյա եռանդով խոսում է ի պաշտպանություն որեւէ ծրագրի, հասարակության մեջ կասկածներ ու խոսակցություններ են տարածվում` արդյո՞ք նա այդ ծրագրի իրականացումից անձնական շահ չունի: Արաքսի հովտի յուրացման ծրագրի դեպքում շրջանառվում է Ձեր անունը։ 
- 300-ից ավելի զոհ է տվել Առաջին պաշտպանական շրջանն այդ տարածքում: Մի՞թե անձնական շահագրգռվածություն չի, որ իմ գլխավորած զինվորների արյամբ ազատագրված հողերում այսօր պետք է արժեք ստեղծեն մեր ֆերմերները, եւ այդ ծրագիրը նույն տարածքում ես եմ համակարգում: Ինչ վերաբերում է նեղ-անձնական շահագրգռվածությանը, ապա ես չարախոսներին կոչ կանեմ հեռու մնալ իմ անձը շահարկելուց եւ գալ ու գործով ցույց տալ՝ ով՝ ինչի է ընդունակ: Ի վերջո, այսօր հպարտությամբ իրականացնում եմ մեկ այլ ծրագիր՝ ՙՂարմետաքսկոմբինատ՚-ի ծրագիրը: Դե, եթե Իտալիայից հրավիրված մասնագետը կամ կազմակերպությունն իմ անձնական շահն են համարելու, թող այդպես լինի, միայն թե ստեփանակերտցին աշխատատեղ ունենա: 
- Ումի՞ց ենք ակնկալում Արաքսի հովտի զարգացումը: Կարծես հակասություն է առաջանում: Մի կողմից ամեն ինչ տանում է նրան, որ այդ տարածքում պետք է խոշոր կամ՝ առնվազն միջին ֆերմերային տնտեսություններ գործեն, մյուս կողմից՝ ընտանիքների ենք կոչ անում գնալ, հաստատվել Արաքսի հովտում: Հիմա: Նա, ով ի վիճակի է մի քանի հարյուր հեկտար հող վարձակալել, բնականաբար, դժվար թե Արաքսի հովտում հաստատվի: Եվ հակառակը: Եթե, ասենք, Ծար գյուղից, որտեղ ձմեռը վեց ամիս է տեւում, մի ընտանիք որոշի տեղափոխվել Արաքսի հովիտ, նա ի վիճակի չի լինի մեծ հողակտոր վարձակալել:
- Արաքսի հովտի ծրագիրը յուրահատուկ է լինելու նրանով, որ այստեղ փոքր հողակտորների մշակումը ոգեւորիչ չի լինելու: Դրան փոխարինելու են կոլեկտիվ տնտեսությունները: Ներկա պահին Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն այս ծրագիրն իրականացնում է որպես պիլոտային ծրագիր՝ հողը նախապատրաստելով մշակության համար: Թե այդ հողում ինչ կմշակեն եւ տարվա ընթացքում քանի անգամ բերք կստանան՝ կորոշեն հողի ենթավարձակալները: Կարող են հացահատիկ մշակել, բայց կարող են նաեւ այգի կամ ջերմոց հիմնադրել: Բնականաբար, այս դեպքում խոսքը խոշոր վարձակալների մասին է: Սակայն այդ հողերը պետք է մշակվեն, եւ անհրաժեշտ է լինելու աշխատուժ: Խոսքը գյուղական բանվորի մասին է: Բնականաբար, եթե այդ առաքելությամբ մարդիկ իրենց ընտանիքներով գան-հաստատվեն Արաքսի հովտում ստեղծված ավանում, ոչ միայն աշխատանքով ապահովված են լինելու, այլեւ հնարավորություն են ունենալու համեմատաբար փոքր հողակտորներ վարձակալել եւ մշակել իրենց կարիքների համար: Արդեն պայմանավորվել ենք մաքրված հողերից 250-300 հեկտարի չափով առանձին  հատված հատկացնել հատկապես այդ նպատակի համար:
- Ասում են՝ արջը դեռ չսպանած՝ կաշին չեն քերթի, բայց ամեն դեպքում՝ բերքի սպառման հետ կապված դժվարություններ չե՞ն լինի:
- Գարին, որպես անասնակեր՝ ՀՀ-ում մեծ պահանջարկ ունի։ Ինչո՞ւ: Որովհետեւ այն ներկրվում է հիմնականում Ուկրաինայից եւ Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Արցախում բերքը հասունանում է ամիս-ամիսուկես ավելի վաղ: Եթե հետեւեք՝ գարին դաշտից պահեստ չի հասնում. դաշտից ուղղակի իրացվում է: Նայենք վիճակագրությանը՝ որքան ցորեն է ներկրվում Հայաստան: Նռան իրացման հարցում ընդհանրապես խնդիրներ չեն լինի: Մի շարք մթերքներ Հայաստան են հասնում թուրքական շուկաներից՝ վաղ գարնան եւ վաղ ամռան մթերքներ: Արաքսի հովիտն այն տարածքն է, որ կարող է ավելի վաղ ու մեծ քանակությամբ մթերքներով լցնել հայաստանյան շուկան: Ու դա պատվաբեր կլինի մեզ համար: Իրականում հերոս է Արցախի այն արտադրողը, ով շուկա ունի Հայաստանի Հանրապետությունում:
- Ո՞ւմ է ուղղված Արաքսի հովտում հերոսանալու հրավերը: Միայն արցախցի հողօգտագործողների՞ն, թե՞ այնտեղ կարող են նաեւ հայստանյան տնտեսությունները ներգրավվել:
- Երբ վերլուծում ենք Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին ուղղված դիմումները, տեսնում ենք, որ իրականում մեր քաղաքացիներից շատերը պատրաստ են այդ հողերում ներդրումներ կատարել, մշակել: Սակայն մենք ուրախ ենք, որ Արաքսի հովտում աշխատելու հայտեր ենք ստանում նաեւ ՀՀ-ից: Օրինակ, հայաստանյան խոշոր արտահանող ընկերություններից մեկը պատրաստակամություն է հայտնել Արաքսի հովտում շուրջ 200 հեկտար բանջարեղեն մշակել՝ ապրիլի 15-20-ին արտահանելու հեռանկարով: Ակնկալում ենք մասնակիցներ եւ Արցախից, եւ ՀՀ-ից, եւ Սփյուռքից, ովքեր այսուհետ չպետք է զգացական տիրույթում առնչվեն Արցախին, պետք է գան եւ իրական ներդրումներով պայքարեն իրական մարտահրավերների դեմ:
- Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը նշում է, որ արդեն մաքրված հողերը ենթավարձակալությամբ վերցնելու տասնյակ դիմողներ կան: Ի՞նչ սկզբունքով է կատարվելու ընտրությունը: Ո՞ւմ է տրվելու նախապատվությունը:
-Անկեղծ ասեմ՝ այս թեման չենք քննարկել ծրագրի սկզբում, որովհետեւ չէինք սպասում նման ակտիվություն: Կարծում եմ՝ Հիմնադրամը կհստակեցնի պայմանները, որպեսզի ով միջոցներ ու ցանկություն ունի՝ կարողանա մասնակցել Արաքսի հովտի յուրացման ծրագրին:
-Ենթակառուցվածքների մի մասն արդեն ապահովված է: Սակայն այս ուղղությամբ, կարծես, դեռ անելիքներ կան: Համենայն դեպս այդ տարածքներում աշխատելու պատրաստակամություն հայտնած ֆերմերներից ոմանք նման ակնկալիքներ ունեն:
-Այս ծրագիրը չի ենթադրում, որ մենք պետք է բոլոր ենթակառուցվածքները հենց Արաքսի հովտում կենտրոնացնենք: Մենք պետք է Առաջամուղի ռեսուրսները ճիշտ օգտագործենք այդ հովտում։ Արաքսի հովտում ստեղծված բանավանում մեր աշխատանքներն ավարտել ենք: Արաքսի հովտին զուգահեռ՝ այդ տարածքում կարեւոր ծրագրերից մեկը Իշխանաձորի ծրագիրն է: Արաքսի հովտի ֆերմերները պետք է կարողանան օգտվել հարեւան Իշխանաձորի բնակիչների ծառայությունից: Ազգային վիճակախաղի շնորհիվ հուսով ենք Իշխանաձորի բնակչության թիվը 1000-ի հասցնել: Արդեն ավարտված են նախագծային աշխատանքները, եւ ազգային առաջին վիճակախաղից ստացված  շահույթի շրջանակներում այդտեղ սկսելու ենք բնակարանների շինարարությունը: Նպատակն  անհրաժեշտ մարդկային ռեսուրսների ապահովումն է ոչ միայն Արաքսի հովտում, այլեւ հարեւանությամբ գտնվող կայացած համայնքներում:
-Առայժմ Արաքսի հովտում մոտ 500 հեկտար հող է մաքրվել: Իրականում  Արաքսի հովտում աշխատանքների ի՞նչ ծավալներ ունենք եւ 2014 թվականին ի՞նչ արդյունքների ենք ձգտելու:
-ՙԲերրիություն՚ ընկերության ողջ տեխնիկան Արաքսի հովիտ տեղափոխելու դեպքում ՙԳյուղատնտես՚-ն ի վիճակի կլինի մեկ ամսում 100 հեկտար հող մաքրել: Մեր հնարավորությունները կհաշվարկենք բյուջետային տարին ավարտելուց հետո: Սակայն կարող ենք վստահ լինել, որ արդյունքը կլինի այսօվա ունեցածից առնվազն երկու անգամ շատ: Եվ 2014թ. աշնանն արդեն ունենալու ենք մշակության պատրաստ ավելի քան 1300 հեկտար  հող։ 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ