[ARM]     [RUS]     [ENG]

ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Շրջանի ենթակառուցվածքների անխափան կենսագործունեության մեջ մեծ տեղ ունի  էներգամատակարարումը: Խնդրո առարկայի շուրջ է հարցազրույցը ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի Հադրութի  մասնաճյուղի տնօրեն Էլմիր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ: 
-Պարոն Նավասարդյան, էներգամատակարարման հուսալիությունից են կախված շրջանի բնակչության կենսագործունեությունը, արտադրական ենթակառուցվածքների անխափան աշխատանքը։ Այդ ուղղությամբ ի՞նչ է արվել: 
- Նախ նշեմ, որ մասնաճյուղի սպասարկման ոլորտն ընդգրկում է 130 բաշխիչ ենթակայան, մոտ 650կմ երկարությամբ 10/0,4 կվ հզորության էլեկտրական գծեր: 2013 թվականի անցած 11 ամսում շրջան մուտք է գործել 15,5 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա, ապրանքային արտադրանքը կազմել է 14,7 մլն կվ/ժ: Մասնաճյուղի գործունեության գերակա խնդիրը համարել ենք էլեկտրագծերի հուսալիության բարձրացումը: Այդ նպատակով 10 կվ հզորության 15 էլեկտրագծերում փոխարինվել է 97 հենասյուն: Մեզ միշտ մտահոգում էր Հին Թաղեր - Արևշատ 10 կվ հզորության էլեկտրական գիծը, որի շահագործումը մեր մշտական հսկողության տակ է: Այդ գծում փոխվել են մի շարք հենասյուներ, կատարվել են ծառահատման աշխատանքներ: ՙՁմեռ-2013-2014 թթ.՚ ծրագրի շրջանակներում իրականացվել է 10/0,4 կվ ենթակայանների և օդային գծերի հզորացում: Գործող 5 ենթակայաններ փոխարինվել են ավելի հզոր ենթակայաններով: Հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվել ենթակայանների տարածքների բարեկարգման, էլեկտրական լարերի փոխման, ծառահատման, ուժային ենթակայանների յուղալցման ուղղությամբ: Կատարված աշխատանքները հնարավորություն կտան ձմռան ժամանակաշրջանում ապահովելու անխափան էլեկտրամատակարարում: 
-Ինչպե՞ս է լուծվում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարների հավաքագրումը:
- Որպես գործունեության կարևոր ուղղություն` մեր ուշադրության կենտրոնում է վարձավճարների հավաքագրման գործընթացը: Շրջանում բաժանորդների ընդհանուր քանակը 4600 է, որից 4200-ը  բնակիչներ են: 2013թ. անցած 11 ամսում հավաքագրման գումարային ծավալը կազմել է ավելի քան 356 մլն դրամ, որն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցում է 17 մլն-ով: Բնակչությունից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց հավաքագրվել է 160 մլն դրամ, որը 7,2 մլն դրամով գերազանցում է  անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց վարձավճարների հավաքագրման 75-80 տոկոսը կատարվում է բանկային համակարգով, փոստային բաժանմունքներում: Շրջանի բոլոր բաժանորդների հետ առկա են համապատասխան պայմանագրեր։  2013թ. անցած 11 ամսում բնակչությունից մասնաճյուղ է մտել 23 դիմում: Դիմումներն ընթացքավորվել են: Դրական կարելի է համարել այն փաստը, որ բաժանորդների կողմից ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց մուծումները կատարվում են ժամանակին:
- Մասնաճյուղի տեխնիկական հագեցածությունը հնարավորությո՞ւն է տալիս, արդյոք, լիարժեք  սպասարկել բնակչությանը։ 
- Շրջանում տարեցտարի ավելանում են էլեկտրական գծերն ու ենթակայանները: Այս տարի շահագործման հանձնվեց ՙԱրաքսի հովիտ՚ տարածքը սնուցող 22 կմ երկարությամբ 10 կվ հզորության էլեկտրական գիծը, տեղադրվել է ենթակայան: 2 կմ 10 կվ էլեկտրական գիծ է անցկացվել Խծաբերդի համայնքի Սպիտակաշեն գյուղի էներգամատակարարման համար: ՙԴրմանա բանդ՚ արտադրական հանգույցի անխափան էներգամատակարարումն ապահովելու նպատակով կառուցվել է 10 կվ հզորության 2 կմ-անոց էլեկտրական գիծ: Հադրութ քաղաքի հյուսիսային մասի նոր թաղամասում բնակչության հուսալի մատակարարում ապահովելու համար տեղադրվել է 100 կվ հզորության ենթակայան: Գծերի և ենթակայանների շահագործումն ապահովելու համար առկա են 2 ավտոկռունկ, 2 բերնատար մեքենա, 2 էքսկավատոր, մի շարք տեխնիկական միջոցներ և սարքավորումներ: Հաշվի առնելով, որ 35 կվ էլեկտրական գծերը և ենթակայանները սպասարկվում են ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի  կողմից, մշտական կապի մեջ ենք նրա հետ, որը ժամանակին արձագանքում է մեր խնդրանքին և վերացնում վթարները: 
 Աշխատանքային գործունեության ընթացքում ձգտում ենք կոլեկտիվում բարձր պահել բարոյահոգեբանական մթնոլորտը և հասնել նրան, որ յուրաքանչյուր աշխատող պատասխանատվությամբ կատարի իր պարտականությունները: Մասնաճյուղում աշխատում են 101 հոգի: Միջին աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ: Օդային գծերը սպասարկվում են 2 բրիգադների կողմից, որոնք տեղակայված են Հադրութ քաղաքում և Տող գյուղում: Օդային գծերը սպասարկող բրիգադները մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց  պարտականությունները: Անվտանգության ապահովման խնդիրները մշտապես գտնվում են ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի ուշադրության կենտրոնում։
- Ի՞նչ դժվարություններ և դեռևս չլուծված խնդիրներ կան:
- Էներգամատակարարման կարևոր պայմանը օդային գծերի հուսալիության ապահովումն է: Այսօրվա դրությամբ վերանորոգման զգալի աշխատանքներ պետք է իրականացվեն մի շարք ֆիդերներում: 0,4 կվ հզորության օդային գծերը անհրաժեշտ է փոխել Տումի, Ջրակուս, Մարիամաձոր և այլ համայնքներում:
Օգտվելով առիթից` շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին` մասնագիտական տոնի առթիվ` հուսալով, որ համակարգն իրենից կախված ամեն ինչ կանի շրջանի անխափան էներգամատակարարումն ապահովելու համար:
 
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ