[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԳՈՐԾՈՒՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՎ

333_1.jpgՏոնը նշելն արդեն ավանդույթ է դարձել հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում։
 

Այսօր առավել քան դժվար է թերագնահատել էներգետիկի աշխատանքը. եթե նախկինում նրանց անխափան աշխատանքի շնորհիվ մարդկությունն ուներ ջերմություն և լույս միայն, ապա այսօր առանց այդ կարևորագույն օղակի կաթվածահար վիճակում կհայտնվեն բազմաթիվ ոլորտներ։Իսկ մեր պարագայում, երբ այն նաև հայտարարվել է ռազմավարական ուղղություն, անհնար է պատկերացնել տնտեսության զարգացումն ընդհանրապես։ Էներգետիկի օրը ոլորտի աշխատողների վաստակը գնահատելու, արժևորելու, նաև խնդիրների մասին խոսելու օր է։ Տոնի կապակցությամբ ՙԱզատ Արցախ՚-ը հարցազրույցի է հրավիրել ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ տնօրեն Տիգրան ԾԱՏՐՅԱՆԻՆ։

-Պարոն Ծատրյան, սովորաբար մասնագիտական տոնն ինչպե՞ս են նշում համակարգի աշխատողները։ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն, լինելով մեր երկրամասի հին կառույցներից, ունի՞ ձևավորված ավանդույթներ։
- Տարիներ շարունակ դեկտեմբերի 22-ը, կամ դեկտեմբեր ամսվա երրորդ կիրակի օրը Խորհրդային Միությունում նշվում էր որպես էներգետիկի մասնագիտական օր։ Տոնի նախապատմությունը կապված է հանրահայտ ԳՈԷԼՌՈ-ի ծրագրի հետ, որը հաստատվել է 1920թ. դեկտեմբերի 22-ի Խորհուրդների համառուսաստանյան 8-րդ համագումարում։ 
Այդ օրը նշում են նաև Արցախի էներգետիկները։ 
- Որքան տեղյակ եմ, տոնը ԼՂՀ պաշտոնական տոնացույցում նշված չի եղել, բայց անցյալ տարի ակնկալիքներ ունեիք, որ 2013-ից տոնացույցում այն կհիշատակվի։
- Այո, այս տարի առաջին անգամ Էներգետիկի օրը պաշտոնապես կնշվի նաև Լեռնային Ղարաբաղում. կառավարության համապատասխան որոշմամբ այն արդեն հաստատվել է։ Մեզ համար դա հաճելի փաստ է, որովհետև ոլորտի, արտաքինից գուցե այնքան էլ բարդ չթվացող աշխատանքն, իրոք, հեշտ չէ և արժանի է գնահատման։ Այս տարիների ընթացքում էներգետիկները շատ քիչ դեպքերում են խրախուսվել, պարգևատրվել իրենց պատասխանատու և ոչ միշտ անվտանգ գործունեության համար,  և պետական մակարդակով Էներգետիկի օր նշելու փաստը նաև ենթադրում է նրանց արժևորում։ Արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից համակարգի զարգացման գործում վաստակ, աշխատանքային ստաժ ունեցող մեր գործընկերների ցուցակն արդեն ներկայացվել է համապատասխան մարմիններին, և սպասվում են պաշտոնական պարգևատրումներ։ 
- Էներգետիկան ԼՂՀ կառավարության կողմից հայտարարվել է գերակա ուղղություն։  Դուք` որպես ոլորտի պատասխանատու օղակներից  մեկի տնօրեն, ինչպե՞ս եք  գնահատում զարգացման տեմպերը ՙԱրցախէներգո՚-ի մասով։ 
- Զարգացման տեմպերն, ընդհանուր առմամբ, վատ չեն։ Ընկերությունը   հնարավորությունների սահմանում փորձում է անխափան էլեկտրաէներգիա  մատակարարել  բնակչությանը։ Տարեցտարի ավելանում են հանրապետության  ներսում  արտադրվող էլեկտրաէներգիայի  ծավալները. ընկերությունը տարեկան մոտ 200 մլն  կՎտ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորություն ունի։ Բայց  քանի որ  վերջին տարիներին  տնտեսության մեջ  ավելացել և շարունակում են աճել  էլեկտրաէներգիայի սպառման  ծավալները, բնականաբար, պետք ավելացվեն  նաև արտադրության  ծավալները։ 
Ներկայումս տեղում արտադրվող էլեկտրաէներգիան սպառման ընդհանուր ծավալների մեջ կազմում է շուրջ 75 % (մի քանի տարի առաջ այն  60% էր)։ Աճել են նաև  սպառման  ծավալները։ Վերջին  4-5 տարիների աճի  դինամիկան  կազմում է 4-5%։ 2011 թվականին  այն կազմեց ավելի քան 10%։  2015թ. կանխատեսումներով,  երբ կայուն կերպով կշահագործվեն կառավարության ծրագրերով նախանշված  հանքերը, էլեկտրաէներգիայի   սպառման  ծավալների կտրուկ աճ կարձանագրվի, ինչը բարերար ազդեցություն կունենա  նաև մեր  կառույցի զարգացման վրա։ 
- Տարիներ առաջ խոսվում էր  նաև այն մասին, որ Արցախում  արտադրվող  էլեկտրաէներգիան  ոչ միայն կարող է բավարարել  ներքին պահանջարկը, այլ նաև  արտահանվել։ Որքանո՞վ  էր իրատեսական այդ կանխատեսումը։ 
- Արտադրության ծավալների ավելացում, անշուշտ, ապահովվելու է մեր հանրապետությունում։ Բայց դրան զուգահեռ, ինչպես նշեցի,  աճում են սպառման ծավալները։ Առայժմ մեր  խնդիրը  տեղական  ռեսուրսներով  սեփական  պահանջները  բավարարելն է։ 
- Ասում են, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն ժամանակին շահույթով աշխատող կառույցներից էր։ Հիմա  ընկերությունն ունի ինչ-ինչ  ֆինանսական  խնդիրներ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ 
- Երևի, եթե մի արտահայտությամբ՝  հետպատերազմյան  գործոնով։ Համակարգը արդիականացնելու, բաշխիչ ցանցերը, էլեկտրագծերը վերանորոգելու, պատերազմից  հետո ավերված գյուղերը, վերաբնակեցվող բնակավայրերը էլեկտրիֆիկացնելու խնդիր կա այսօր։ Այդ ամենը հսկայական ֆինանսական  միջոցների հետ է կապված, իսկ գումարները  միշտ չեն հերիքում։ Այո, այսօր  մենք ունենք  որոշակի ֆինանսական խնդիրներ, բայց, համոզված եմ, դրանք  ժամանակավոր  բնույթ են կրում։ Մենք լավատես ենք, կանխատեսում ենք, որ առաջիկա  4-5 տարիների  ընթացքում իրադրությունը կփոխվի։ 
- Տոնն առիթ է՝ արժևորելու անցածը, խոսելու  ձեռքբերումներից։  Ո՞րն եք համարում  տարվա ամենամեծ ձեռքբերումը։ 
- Տարվա, և ոչ միայն այս, այլև վերջին քսան, ոլորտի ամենամեծ ձեռքբերումը համարում եմ կառավարության կողմից  ընդունված որոշումը երկրորդ սնուցման  գծի կառուցման  մասին, ինչը նախատեսվում է կյանքի կոչել 2014 թվականից։ Սա մեծ նվաճում է ոչ միայն էլեկտրաէներգետիկայի, այլև ամբողջ տնտեսության համար, քանի որ միայն այդ  նախագծի կենսագործմամբ հնարավոր կլինի լիարժեք զարգացնել  հանքարդյունաբերության ոլորտի պետական ծրագրերը՝ կապված  Մարտակերտի,  Քարվաճառի, Շահումյանի շրջանի հանքերի շահագործման  հետ։ Նվաճում է նաև այն, որ  վերջին 3-4 տարիների ընթացքում ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն  կառուցել և շարունակում է  կառուցել 110/ 35 կվ լարման տրանսֆորմատորային  ենթակայաններ  (Շուշիում, Աղավնոյում, ներկայումս աշխատանքներ են տարվում  Ստեփանակերտի  Հայկավան թաղամասի  ենթակայանի  վրա)։ Այդ ենթակայաններում տեղադրվել են տրանսֆորմատորներ` վակուումային անջատիչներով, որոնք Արցախում առաջին անգամ են օգտագործվում։ Դրանցով փաստորեն փոխվել են անցյալ դարի 60-ական թվականների արտադրության հնամաշ սարքավորումները։ 
Ձեռքբերում է նաև այն, որ  տարեցտարի  նվազում  են  կոմերցիոն և տեխնիկական  կորուստները։  Շարունակվում են նոր համակարգերի ներդրման  մեր ծրագրերը ՝ նպատակաուղղված դրանց առավել նվազեցմանը։ 
- Իսկ խնդիրներից  որո՞նք կառանձնացնեիք։ 
- Համակարգի  խնդիրները ևս քիչ չեն, դրանց մեջ կառանձնացնեի բաշխիչ ցանցերի  հնամաշությունը, անհրաժեշտություն կա նոր ենթակայանների կառուցման,  որոշակիորեն  ունենք նաև  կադրերի խնդիր, վերաբնակեցվող տարածքների էլեկտրիֆիկացման հետ կապված հարցեր ևս։ 
Այս բոլորը, սակայն, լուծելի են, կառավարության օժանդակությամբ ընկերությունն  ամեն ինչ անում է, որպեսզի  խնդիրները  լուծվեն։  Երկրորդ  օդային սնուցման գծի կառուցմամբ, համոզված ենք, բազմաթիվ խնդիրներ, այդ թվում և  անխափան էլեկտրաէներգիա  մատակարելու հետ կապված, կստանան իրենց լուծումը։ 
- Նշված խնդիրների  լուծման ի՞նչ եղանակներ եք  առաջարկում և որքանո՞վ են դրանք  իրագործելի  մեր  պայմաններում  և  հնարավորություններով։ 
- 2013թ. ընթացքում ներկայացվել են  էներգետիկայի հեռանկարային  զարգացման  կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր,  որոնք նպատակուղղված կլինեն բնագավառի զարգացմանը, բաշխիչ  ցանցերի հզորությունների  բարձրացմանը։ Կադրերի հարցով մենք ներկայացրել ենք պետպատվերներ, նաև համագործակցում ենք ՀՀ և արտասահմանյան գործընկերների հետ, նրանց վերապատրաստման, որակավորման առումով։ 
Այս ծրագրերի կյանքի կոչման  համար  անհրաժեշտ   են ֆինանսական միջոցներ, որոնց մի մասն ակնկալում  ենք կառավարությունից, կներգրավվեն նաև վարկային  միջոցներ։ Ամեն դեպքում, ծրագրերն իրատեսական են, և արդյունքում մենք աշխարհին կներկայանանք ժամանակակից  գործուն էներգահամակարգով ։ 
Հավարտ խոսքիս՝ ոլորտի բոլոր աշխատողներին ցանկանում եմ անվտանգ և անվթար  գործունեություն։ Թող գալիք  բոլոր տարիները  էներգետիկների համար լինեն հաջողությունների ու ձեռքբերումների  տարի։ 
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ