[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և նրա ենթակայության ներքո գործող` ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ (ԲՊԾ) ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվեց բույսերի պաշտպանությանը նվիրված հերթական սեմինար-պարապմունք (մինչ այս արդեն նմանատիպ պարապմունքներ են անցկացվել Մարտակերտում և Մարտունիում, իսկ մյուս շրջկենտրոններում էլ կանցկացվեն առաջիկայում), որին մասնակցում էին Ասկերանի շրջանի համայնքապետերը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներն ու հողօգտագործողները: 
ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Կարեն Աղաջանյանը բացման խոսքում նշեց, որ քննարկվող թեման շատ կարևոր է աշնանացանի ժամանակ տեղ գտած հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի կազմակերպման առումով, ինչի համար հրավիրվել են համապատասխան մասնագետներ, ովքեր և իրենց ելույթներում կանդրադառնան խնդրո առարկա թեմաներին: Ծառայության` բույսերի հիվանդությունների գծով մասնագետ Սյուզի Սարգսյանը տեսապրոյեկտորի միջոցով ներկայացվող սլայդների ուղեկցությամբ ներկաներին ծանոթացրեց տարածաշրջանում հացահատիկային մշակաբույսերի մոտ տարածված հիվանդություններին, դրանց պատճառներին ու կոնկրետ հարուցիչներին, ներկայացրեց բույսերի պաշտպանությանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, անհրաժեշտ ագրոտեխնիկական պայքարը և պատասխանեց առաջադրված հարցերին: 
ՙԱշնանացան մշակաբույսերի հիմնական վնասատուների կազմը, նրանց կենսաբնապահպանական   առանձնահատկությունները և պայքարի միջոցառումների մշակումը մեր պայմաններում՚ թեմայով հանդես եկավ ԲՊԾ վնասատու օրգանիզմների դեմ պայքարի գծով մասնագետ Գևորգ Մելիքյանը` պատասխանելով առաջադրված հարցերին:
Կարեն Աղաջանյանը նշեց, որ ընդհանրապես վնասատուների դեմ պայքարը բույսերի պաշտպանության գործընթացի վերջին փուլն է, և անհրաժեշտ է հետևողականություն ցուցաբերել մինչ այդ: Ըստ նրա՝ ներկայումս գործածության մեջ են նյութեր սերմերի ախտահանության համար, որոնք նպաստում են բույսերի խոցելիության փուլերը բարեհաջող անցնելուն` մինչև թփակալման ավարտը: Խոսքը որոշ քիմիական նյութերի մասին է, որոնց գործածությունը ցանկալի է, ինչը հողօգտագործողներին թույլ կտա բարեհաջող կազմակերպել բույսերի պաշտպանությունը: 
- Մենք կաշխատենք առաջիկայում ձեռք բերել այդ նյութերը և առաջարկել մեր հողօգտագործողներին,- նշեց գյուղատնտեսության փոխնախարարը,- ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն արդեն մշտապես ներկրում է անհրաժեշտ պարարտանյութեր, որոնց օգտագործումը ճիշտ ագրոժամկետներում մեծապես կնպաստի բերքատվության բարձրացմանը:
Կարեն Աղաջանյանը ներկաներին իրազեկեց, որ ավարտման փուլում է բույսերի պաշտպանության համալիր աշխատանքներին նվիրված օժանդակ ձեռնարկի կազմման գործընթացը, որից հետո այն  կտրամադրվի հողօգտագործողներին: 
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է մշտապես իրականացնել հողի ագրոքիմիական անալիզ, ինչը թույլ կտա տեղյակ լինել հողում առկա սննդատարրերի պարունակությանը և, հետևաբար, իմանալ, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել: Որոշ համայնքների սեփականաշնորհված հողերի վրա իրականացվել են ագրոքիմիական անալիզներ, հողերի ուսումնասիրության` պետպատվերի շրջանակներում իրականացվող աշխատանքները կկրեն շարունակական բնույթ` մոտ ապագայում ընդգրկելով հանրապետության բոլոր համայնքների սեփականաշնորհված հողատարածքները: 
Վարձակալված տարածքների հողօգտագործողները ևս կարող են պատվիրել իրենց կողմից օգտագործվող հողերի անալիզների իրականացում, ինչից հետո արդեն կատարված ուսումնասիրությունների արդյունքները կտրամադրվեն համապատասխան համայնքների ղեկավարներին: 
Գյուղատնտեսության փոխնախարարն անդրադարձավ նաև այն կարևոր հանգամանքին, որ բույսերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները մեզ մոտ դեռևս անհրաժեշտ մակարդակի վրա չեն, ինչը հնարավորություն կտար խուսափել բերքի անտեղի կորուստներից: 
- Այս սեմինար-պարապմունքների նպատակը հենց բույսերի հիվանդությունների, նրանց հասցված հնարավոր վնասի մասին տեղեկատվության փոխանցումն է հողօգտագործողներին։ Նախատեսվում է ըստ տարվա եղանակների և ըստ մշակվող մշակաբույսերի պարբերաբար նմանատիպ սեմինար-խորհրդակցությունների կազմակերպում։
;
Կարեն ՄԻՐԶՈՅԱՆ