[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐՍ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՀՈՂԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ...

altԱմանորյա ավանդույթի համաձայն՝ ՙԱզատ Արցախ՚-ը հարցազրույցի  է հրավիրում պետական պաշտոնյաների, հասարակական գործիչների, պարզապես  հասարակ մարդկանց, փորձելով ամփոփել անցած տարին, ի մի բերել արդյունքները, իմանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն նոր տարուց։
ՙԱզատ Արցախ՚-ի հյուրասրահում է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ ԹԵՎՈՍՅԱՆԸ։
- Պարոն Թևոսյան, Դուք երկար տարիներ գլխավորում եք ոլորտը։ Ինչպե՞ս է հաջողվել տարբեր իշխանական ռեժիմների հետ աշխատել։
- Գուցե ճիշտ կլիներ հարցն ուղղել նրանց, ովքեր ինձ նշանակել են այս պաշտոնում, բայց փորձեմ պատասխանել։ Պաշտոնավարման առաջին իսկ օրից իմ աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ։ Ֆինանսների ոլորտը գործի բերումով առնչվում է բոլոր ոլորտներին, և ես  ջանքեր եմ գործադրել, որպեսզի այդ հարաբերություններում բացթողումներ չլինեն։
- Եղե՞լ են պահեր, երբ հոգնել կամ ձանձրացել եք Ձեր աշխատանքից, մտածել պաշտոնը թողնելու մասին։
- Այո, եղել են,այն էլ՝ շատ։ Բայց ամեն անգամ փորձել եմ իմ մեջ ուժ գտնել. պետական մտածողությունը հաճախ թույլ չի տալիս նման պահերին թույլ լինել։ Որտեղ ֆինանսներ՝ այնտեղ դժվարություն, այնտեղ՝ լարվածություն, հատկապես մեզ նման սուղ բյուջե ունեցող երկրի համար, երբ անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը, լուծել սոցիալական խնդիրներ, վերացնել պատերազմի հետքերը, քայլել ժամանակակից երկրների կողքին՝ ունենալով ոչ կայուն իրավիճակ և մշտապես չհերիքող ֆինանսական միջոցներ։
Նման պարագայում ես իրավունք չունեի հանձնվելու, քանի որ  պարտավորված եմ զգում իմ ժողովրդի, հայրենիքի առաջ։ 
- Ըստ Ձեզ, մարդկային և մասնագիտական ինչպիսի՞ որակներով պետք է օժտված  լինի պետական պաշտոնյան՝ 
- Իհարկե` պատասխանատվությամբ։ Պաշտոնյան, առաջին հերթին, պիտի հասկանա, թե ինչ պատասխանատու գործ է վստահվել իրեն և ջանք թափի արդարացնել։ Ինչ խոսք՝ պետք է լինել պրոֆեսիոնալ, համբերատար, հանդուրժող, վիճակի մեջ մտնող, իրավիճակում կողմնորոշվող։ Հասկանալ, որ յուրաքանչյուր  որոշման հետևում կանգնած են մարդիկ, մարդկային ճակատագրեր։
- Ինչպիսի՞ն է Սպարտակ Թևոսյանը գործընկերների հետ հարաբերություններում և ընտանիքում։ Լսել եմ՝ Դուք բարյացակամ մարդ եք...
- Շոյված եմ։ Երևի գործընկերներս ավելի լավ կպատասխանեն այդ հարցին։ Ամեն դեպքում աշխատում եմ լինել օբյեկտիվ, ճշտապահ, ոչ կոպիտ, բայց խստապահանջ։
- Գիտեմ, որ Դուք հողի հետ աշխատելու մեծ սեր ունեք։ Կարելի՞ է ասել, որ այդ ձևով փորձում եք թոթափել լարվածությունը՝ ծանրաբեռնված աշխատանքից հետո։
- Այո, հողի հետ աշխատանքն ինձ լիցքաթափում է ծանր աշխատանքից և լիցքավորում մեծ էներգիայով։ Նա իմ զրուցակիցն է, ընկերը, ինձ հասկացող, իմ աշխատանքը ավելիով հատուցող բարեկամը, ինձ գնահատողը, և ես փորձում եմ օրվա մեջ 1-2 անգամ հանդիպել նրա հետ, ինչքան ժամանակ թույլ է տալիս։
- Անընդհատ խոսվում է այս կամ այն ոլորտի բարեփոխումներից։ Ֆինանսական ոլորտի բարեփոխումները քիչ են լուսաբանվում։ Դա մե՞ր, թե՞ Ձեր մեղքով է։
- Մենք պատրաստ ենք համագործակցել, տեղեկացնել բարեփոխումների մասին, պարզաբանել հասարակությանը հուզող խնդիրները ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտի վերաբերյալ, եկեք աշխատենք միասին, ակտիվացնենք համագործակցությունը։
- Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. պետբյուջեի նախագիծը։
- Բյուջեն հաշվեկշռված է։ Չի կարելի ասելի, թե բավարարել ենք բոլոր հայտերը, բայց դրան պետք է ըմբռնումով մոտենալ։ Բյուջեն կազմված է երկու մասից. եկամուտներ և ծախսեր։ Առաջինը պիտի լինի, որպեսզի երկրորդն ապահովենք։ Ցավոք, եկամուտների հավաքագրման պատասխանատու կառույցների և մեր վերլուծությունները ցույց են տվել, որ ի վիճակի ենք այնքան մուտքեր ապահովել, ինչքան նախատեսվել է 2014թ. բյուջեում։ Հետևապես, ծախսերը պիտի կազմվեն  դրա սահմաններում։ 
- Պարոն Թևոսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր տարուց։
- Նախ, եթե այդ հնարավորությունը կա, կցանկանայի թերթի միջոցով շնորհավորել  բոլորին Ամանորի կապակցությամբ և ասել՝ ամեն ինչ միանգամից չի ստացվում։ Պետք է համբերող լինենք, կամաց, բայց հաստատակամ քայլերով առաջ ենք գնում։ Դա միանշանակ է։ Պիտի ոչ միայն պահանջել, այլև պատրաստ լինել բեռի մեր բաժինը տանելու։
- Ինչպե՞ս եք սովորաբար դիմավորում Նոր տարին։
Նոր տարին այնպիսի տոն է, որ յուրաքանչյուրը նշում է իր ընտանիքում, մտերիմների շրջանում։ Ես բացառություն չեմ։ Շատ շնորհավորողներ, հյուրեր ենք ունենում, ուրախանում թոռնիկների հետ։
Առաջին տոնական օրերին անպայման հավաքվում ենք, զավակներով, թոռներով, վայելում  իրար ներկայություն։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ