[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԿՏՈՐԻ ՆԵՐԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ

050214.jpgՄոտ մեկ տարի է, ինչ նախկին Ղարմետաքսկոմբինատի մասնաշենքերից մեկն աշխույժ շինհարթակի է վերածվել: Ծրագրի էությունը կայանում է նրանում, որ պետական ծրագրի շրջանակներում ստեղծվում է բիզնես-միջավայր եւ արտոնյալ պայմաններով վարձակալությամբ տրամադրվում թեթեւ արդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններին: 
Աշխատանքների արդյունքներին նաեւ երկրի ղեկավարությունն է պարբերաբար հենց տեղում ծանոթանում: ՙՈւղղակի ողջունելի է, որ պետությունն անմիջական մասնակցություն է ունենում բիզնես-միջավայրի կայացմանը՚,- գնահատում է փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Ղարմետաքսկոմբինատի տանիքի տակ արդեն գործում են բրդի վերամշակմամբ, գորգագործությամբ, կտորի արտադրությամբ զբաղվող եւ կարի արտադրամասեր՝ ապահովելով մոտ 300 աշխատատեղ: Արտադրանքի մի մասը հայաստանյան շուկայում է սպառվում: Մեկ այլ ուղղություն Պաշտպանության բանակին որոշ ապրանքատեսակներով ապահովելն է: ՙՊաշտպանության բանակին տեղի հնարավորություններով՝ սննդով եւ հագուստով ապահովելը Արցախի յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է հպարտություն լինի,- ասում է Արթուր Աղաբեկյանը:- Առավել եւս, երբ այդ ապրանքը կրում է ՙԱրտադրված է Արցախում՚ պիտակը՚:
2014 թվականը եւս շինարարական ակտիվ աշխատանքներով է այստեղ մեկնարկել: Ներքնահարկում եւ առաջին հարկում արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարներն իրենց աշխատանքներն ավարտել են: Բարեկարգումն ավարտին է մոտենում նաեւ երկրորդ հարկում: ՙԱռաստաղն արդեն ամբողջությամբ պատրաստ է, հատակն էլ ենք ավարտել: Զուգահեռաբար ջեռուցման համակարգն ենք անցկացնում, սանհանգույցներում են աշխատանքներն ավարտվում՚,- թվարկում է ՙՂարմետաքսկոմբինատ՚ ՍՊԸ տնօրեն Վալերի Բալայանը:
Շինարարական աշխատանքներում երկու տասնյակից ավելի աշխատող է ներգրավվել: Այս հարկը վերջնականապես կբարեկարգվի մեկ-երկու շաբաթից: Իսկ մինչեւ երկու ամիսը այստեղ 300 աշխատատեղով կարի արտադրամաս կգործի: ՙԱյս բիզնես-միջավայրում տեղ գտած կազմակերպությունների յուրահատկությունը միայն այն չէ, որ արտոնյալ պայմաններով ժամանակակից պահանջներին համապատասխան միջավայրում են աշխատում: Նրանք բավական գրագետ նաեւ  արտադրանքի իրացման հնարավորություններն են նախօրոք ուսումնասիրում, ճշտում՝ հատկապես որ  շուկայի համար են արտադրելու,- ընգծում է ընկերության տնօրենը:-  Այդ առումով արդեն հստակ է նաեւ կարի արտադրամասի անելիքը: Արտադրանքի 90 տոկոսից ավելին արտաքին շուկա է հանվելու՚:
Մինչեւ տարեվերջ արտադրությունում եւս 100-120 աշխատատեղ է բացվելու: Շենքի դեռ անխնամ երրորդ հարկը շուտով ակտիվ շինհարթակի է վերածվելու: Տարածքը պետք է նախապատրաստվի նոր կազմակերպությունների համար: ՙԵվս մեկ կարի արտադրամաս կունենանք, ավելի փոքր, քան այն, որ պետք է առաջիկա ամիսներին գործի: Սա արդեն ներքին շուկայի համար է աշխատելու: Այստեղ նաեւ գուլպայի արտադրամաս ենք ունենալու՚,- մանրամասներն է ներկայացնում Վ. Բալայանը:
Տարվա նորույթը, սակայն, կտորի ներկման արտադրամասն է լինելու, առաջինը՝ Արցախի պատմության մեջ: Դա թույլ է տալու արտադրանքը վերջնական տեսքով հանել շուկա: ՙԱնգամ խորհրդային տարիներին կտորի արտադրության մեծ ծավալներ ունենալով՝ Արցախում ներկման հնարավորություն չունեինք. դա Խորհրդային Ադրբեջանի քաղաքականության արդյունքն էր: Իսկ հիմա կունենանք կտորի ներկման հնարավորություն, ինչը նշանակում է արտադրանքը վերջնական տեսքով եւ հենց Արցախի անունով շուկա հանելու հնարավորություն՚,- տեղեկացնում է ընկերության տնօրենը:
Այս ամենի արդյունքում նախատեսվում է 2014-ին կոմբինատի տարածքում գործող  կազմակերպությունների աշխատատեղերի ընդհանուր թիվը հասցնել 700-ի: Ընդ որում՝ աշխատատեղերի ճնշող մասը կանանց համար է նախատեսված: 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ