[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

4525_cr.jpgԲնակարանների ձեռքբերման խնդիրն  առայսօր մնում է հրատապ: Պետության կողմից որպես խնդրի լուծման եղանակ ներդրված հիփոթեքային վարկավորման մեխանիզմը  միայն մասնակի լուծեց խնդիրը:  Իսկ որոշ քաղաքացիների համար  վարկերը վերածվեցին իսկական պատուհասի: 
Ինչևէ, ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ պետությունը, հաշվի առնելով իր քաղաքացիների սոցիալ- տնտեսական վիճակն ու վճարունակության ցածր մակարդակը, դարձյալ պիտի միջամտեր` վարկավորման գործընթացում կատարելով բարեփոխումներ:
Հարցազրույց Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ։
-Պրն Մխիթարյան, հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների ձեռքբերումը մնում է հրատապ, և բնակչությունը մեծ ակնկալիքներ ունի այդ ոլորտի՝ հանրապետության ղեկավարության կողմից բազմիցս հայտարարված բարեփոխումներից։ Դրանց արդեն ընթացք տրվե՞լ է։
- Հիփոթեքային վարկավորման ծրագիրը Արցախի ներդրումային հիմնադրամի թերևս ամենից պահանջված  ծրագիրն է: Խոստացված բարեփոխումներն ուժի մեջ են մտել  այս տարվա հունվարի 1-ից։ Արդեն կա նախադեպ. ունենք քաղաքացիներ, որոնք բնակարանի համար հիփոթեքային վարկ ձեռք են բերել 25 տարի մարման ժամկետով, նախկինում գործող 20 տարվա փոխարեն` ՙՖիդես՚ ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով։
Բարեփոխումների մի մասն առնչվում էր 2008 թվականից հետո ԱՄՆ դոլարով վարկ ստացած քաղաքացիներին։ Նրանց մի  մասը (որոնք վարկ են ստացել մինչև 2009 թվականի  մարտ ամիսը, արդեն ստանում են ավել սուբսիդիա։ Հիմնադրամը  21 քաղաքացիների տրամադրում է  12% սուբսիդավորում, 3 քաղաքացու` 11 տոկոս, 3-ին` 10 և  6-ին`  9 տոկոս:  Այդ քաղաքացիները Հիմնադրամի կողմից նշված սուբսիդավորումը կստանան   առաջիկա 5 տարիներին : 
- Փաստորեն բարեփոխումները կատարվել են մարման ժամկետի երկարաձգման և արտարժույթով վարկերի սուբսիդավորմա՞ն ձևով։
- Այո։ 
- Իսկ որևէ փոփոխություն կանխավճարի չափերի մեջ չի՞ նախատեսվել. շատերի համար դժվարությունը կայանում է հենց կանխավճարի ձեռքբերման մեջ։
- Այո, բարեփոխումները կատարվել են հենց այդ ոլորտում՝ հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և վերլուծելով շուկայում տիրող իրավիճակը։  Ինչ վերաբերում է  հարցի երկրորդ մասին, ապա պետք է նշել, որ դա դժվարություններ չպիտի առաջացնի։ Բնակարան գնելու որոշումը կայացվում է ոչ մեկ օրում, և քաղաքացիները, բնականաբար, ելնելով իրենց սոցիալական ու ֆինանսական վիճակից, կայացնում են նման որոշում։ Իսկ կանխավճարը, որը կազմում է ընդամենը 10%, կարծում եմ, մեծ դժվարություն չպիտի առաջացնի։
- Քանի՞ մարդ է ներկայումս օգտվում հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Որքա՞ն վարկ է տրամադրվել այդ ծրագրի շրջանակներում։
- Հիպոթեքային վարկավորման ծրագիրը Արցախի ներդրումային հիմնադրամն իրականացնում է 3 տարբեր ուղղություններով։
Առաջինը բանկերի կողմից տրվող վարկերի մասնակի սուբսիդավորման ծրագիրն է, որի շրջանակներում 2008թ.-ից առայսօր 1826 ընտանիքի տրամադրվել է 12,3 մլրդ դրամ վարկ (որոնց մի մասը՝ ԱՄՆ դոլարով)։ Հաջորդ ծրագիրը գյուղաբնակ քաղաքացիներին տրամադրվող փոխառությունների ծրագիրն է, որի շրջանակներում 461 ընտանիքի հատկացվել է 874 մլն դրամի փոխառություն՝ 5% տարեկան տոկոսադրույթով, գյուղական բնակավայրերում բնակարանների կառուցման, ձեռքբերման ու վերանորոգման նպատակով։ Երրորդ ծրագիրը շրջկենտրոններում բնակարանների գնման ծրագիրն է, որի շրջանակներում նորակառույց բնակարաններ ձեռք բերելու համար 67 ընտանիքի  տրվել է 760 մլն դրամ վարկ։ Այս ծրագրի մեջ է մտնում նաև ոստիկանության ոլորտի աշխատողներին 5% կանխավճարով, 1%-անոց վարկի տրամադրման ենթածրագիրը։ Նշված 67 ընտանիքից 6-ը բնակարան են ձեռք բերել Ստեփանակերտ քաղաքում, 61-ը՝ շրջկենտրոններում։
- Իսկ վարկերը ներկայումս հայկական դրամո՞վ, թե՞ տարադրամով են տրամադրվում։ 
- Դա արդեն բանկերի  հայեցողությամբ է կատարվում. տրամադրվում են ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով։ Ուղղակի վերը նշված բարեփոխումների շրջանակներում կայացվել է որոշում, ըստ որի արտարժույթով ձեռք բերված վարկերը, 5 տարվա ընթացքում արտարժույթի զգալի  տատանումների դեպքում, սուբսիդավորման գործող 6 տոկոսին  ավելացվում է 1%` յուրաքանչյուր 20 դրամ տատանման համար  (այսինքն, եթե  տատանումները կազմում են 100 դրամից ավելի,  վարկն  ամբողջությամբ սուբսիդավորվում է (հաջորդ 5 տարվա ընթացքում քաղաքացին մարում է անտոկոս վարկ)։
- Ունե՞ք վարկառուներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել մարել վարկերը։ Կամ վարկերն օգտագործվում են ոչ նպատակային։ Ի՞նչ միջոցներ եք կիրառում նրանց նկատմամբ։ 
- Իհարկե։ Կան նման անձինք։ Վարկի ոչ նպատակային օգտագործման փաստեր արձանագրելու դեպքում անմիջապես դադարեցվում է սուբսիդավորումը։ Քաղաքացուն հնարավորություն է ընձեռվում վերականգնել սուբսիդավորումը, եթե նա լրացնում է բացթողումը։ Նույնը նախատեսված է նաև վարկի մարում չիրականացրած քաղաքացիների համար։ Վարկը բանկի կողմից ոչ ստանդարտ դասակարգվելու  դեպքում Հիմնադրամը դադարեցնում է սուբսիդավորումը։ Հետագայում, վարկի մարման գրաֆիկի համապատասխանեցման դեպքում, նա դիմում է համապատասխան բաժին և վերականգնում սուբսիդավորումը։ Երկրորդ անգամ նման դեպք կրկնվելիս  սուբսիդավորումը չի վերականգնվում։
- Իսկ եթե քաղաքացին չի՞  կարողանում մարել վարկն ընդհանրապե՞ս։
- Դրա պատասխանատուներն ու որոշում կայացնողներն արդեն բանկերն են, և ըստ պայմանագրի լուծում են հարցը։ Մեր կողմից տրամադրվող վարկերի դեպքում նման դեպքեր գրեթե չկան, որովհետև գումարները տրամադրվում են փուլերով, առաջին փուլի ստուգումից հետո եթե գրանցվում են օրինախախտումները, հաջորդ փուլը  չի ֆինանսավորվում։ Սահմանված են նաև տուգանքներ վարկառուի կողմից պայմանագրի կետերը  խախտելու դեպքում։
-Համառոտ՝ Հիմնադրամի կողմից իրականացվող մյուս ծրագրերի մասին։
-Մեր կողմից իրականացվող հաջորդ խոշոր ծրագիրը ՓՄՁ պետական աջակցության ծրագիրն է, որի շրջանակներում արտոնյալ վարկեր են տրամադրվում օրենքով սահմանված ՓՄՁ սուբյեկտներին՝ առևտրային կազմակերպություններին  և անհատ ձեռնարկատերերին։ Նրանց  փոխառություններ են տրամադրվում  տարեկան նվազագույնը 8 տոկոս տոկոսադրույթով, 5 տարի մարման ժամկետով, ինչը կարծում եմ, շատ մատչելի է բիզնեսի զարգացման համար։
- Կարծիք կա, որ չնայած ՓՄՁ ոլորտում իրականացվող նման  աջակցության, այնուամենայնիվ, ՓՄՁ ոլորտի բավարար զարգացում չի արձանագրվում։ Վերջին տարիների համեմատության մեջ նվազե՞լ, թե՞ ավելացել է այդ ծրագրի շրջանակներում վարկ ստացողների թիվը։
- Իհարկե, ավելացել է։ Նման կարծիքն ինչքանով է հիմնավորված` դժվարանում եմ ասել, բայց որ Հիմնադրամի կողմից այդ նպատակով տրամադրվող փոխառության շրջանակներում ստեղծված են բոլոր պայմանները՝ անհերքելի փաստ է։ Մենք իրականացնում ենք նաև ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող  արտադրանքի շուկայում  առաջմղման ծրագիր, որով հնարավորություն ենք ստեղծում (ֆինանսական և կազմակերպական առումով), մասնակցել միջազգային ցուցահանդեսների, տարբեր տնտեսական  միջոցառումների, կազմակերպում ենք այցելություններ այլ ձեռնարկություններ և այլն։ 
Ներկայումս ՓՄՁ աջակցության ծրագրից օգտվում է 400 սուբյեկտ, իսկ ընդհանուր առմամբ, շուրջ 600 հոգի ծրագրից օգտվել է։ 
-Եվ մի՞շտ են նպատակային օգտագործվում այդ վարկերը։
-Իհարկե՝ ոչ։ Բայց այստեղ ոչ նպատակայինը գուցե փոքր-ինչ տեղին ձևակերպում չէ, քանի որ վարկն, այնուամենայնիվ, օգտագործվում է որևէ ՓՄՁ սուբյեկտի  զարգացման համար, չնայած կարող են որոշակի շեղումներ լինել ներկայացված բիզնես-ծրագրից։
Բացի նշված ծրագրերից, Հիմնադրամն իրականացնում է ՙՏնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն՚  ծրագիրը, որի շրջանակներում  4 ընկերությունում` Ֆիդես, Արմատ, Ստեփանակերտ սերվիս և Մետաքսկոմբինատ, այն հանդիսանում է  100%  բաժնետեր, իսկ Արցախֆրուտ ընկերությունում` 80 տոկոս փայատեր: Ունենք նաև ՙԱրցախհէկ՚ ԲԲԸ բաժնետոմսեր։ 
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ