[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐԸ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

altՋԱՅԼԱՄԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է 
Ջայլամաբուծությունը Արցախի տնտեսության մեջ վերջին տարիների ձեռքբերումներից է։ Երեք տարուց ավելի է, ինչ Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Բաղրյանը զբաղվում է թռչնաբուծության այս ճյուղով (ի դեպ, ՙԱզատ Արցախը՚  ժամանակին  ողջունել է գործարարի այս նախաձեռնությունը, ճյուղի զարգացման հեռանկարները)։ 
Նշենք, որ նա Արցախում առաջին մենատնտեսն է, որ գնաց այդ քայլին, ինչը ռիսկի որոշակի գործոն է իր մեջ պարունակում։ 
Լրիվ անծանոթ և օտար այս ասպարեզում Ա. Բաղրյանը  լուրջ ներդրումներ է արել։ Ջայլամների ձեռքբերումը, տեղափոխումը Գիշի, պայմանների ապահովումը և սնունդը ժամանակին 39 միլիոն դրամ նստեց։ Օգտվել է  վարկավորումից։ Ա.Բաղրյանը, մատնանշելով այս գումարը, հավելում է նաև, որ միայն վարկով հնարավոր չէր բոլոր ծախսերը հոգալ, մնացած անհրաժեշտ գումարն էլ տրամադրել են հարազատներն ու ընկերները։ Երևանի իր գործընկերների խորհրդով ու հրահանգներով Գիշի գյուղի մոտակայքում ջայլամաբուծության համար անհրաժեշտ պայմաններով անասնաֆերմայի շենք է կառուցել, որը բավարարում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։
Ի դեպ, մոտ մեկ տարի Ա. Բաղրյանն ուսումնասիրեց ջայլամաբուծության միջազգային և հայաստանյան շուկանները, փորձը։ Հաշվի է առել ամեն մանրուք։ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից վերցրեց 25 միլիոն դրամ վարկ։ Ստացած վարկի և անձնական միջոցներով նա 50 հատ երեք ամսական ջայլամ ներկրեց  Քենիայի Հանրապետությունից։ Մեկ ջայլամի տեղափոխումը, տրանսպորտի ծախսերի հետ միասին, արժեցել է մոտ 240 հազար դրամ։ 
Այս թռչնատեսակի բուծման ընթացքում, բնականաբար, առաջացան բազում խնդիրներ։ Կարևորներից մեկը կերի խնդիրն էր։ Սկզբնական մի քանի ամսիներին կերակրելու համար ներկրեց հատուկ կեր։ Այնուհետև կերի մի մասը սկսեց պատրաստել տեղում, քանի որ ջայլամների կերի բաղադրամասերի 11 մշակաբույսերի մեծ մասը աճեցվում է  Արցախում։
Մենատնտեսի հիմնական նպատակը առայժմ ջայլամների բազմացումն է։ Առաջին խմբաքանակին  հետևեց ևս 50 հատի ներկրումը։ Այսօր ջայլամները 2-3 տարեկան են։ Առկա է 45 հատ 3 տարեկան ջայլամ, որից արդեն ձևավորվել է 10 ընտանիք։ Ջայլամներից 5¬ը  նախորդ տարի ձու է ածել՝ ճիշտ է, քիչ քանակությամբ։ Նշվեց, որ մարտից հոկտեմբեր դրանց ձվադրման շրջանն է։ 
Մենատնտեսը թռչունների համար կերի մի մասը շարունակում է  ներկրել, որովհետև, ցավոք, նրան այդպես էլ չհաջողվեց լրիվությամբ տեղում աճեցնել կերաբույսերի պահանջվող քանակությունը,  իսկ որոշ խառնուրդներ պարզապես տեղում ստանալ հնարավոր չէ։
Նա փորձել է վաճառքի հանել միսը, որի կիլոգրամը արցախյան շուկայում արժե 15 հազ. դրամ։ Բայց առայժմ պահանջարկն այդքան էլ մեծ չէ։
Ա. Բաղրյանը նշում է, որ  ջայլամները շատ շուտ ընտելացան տեղի բնակլիմայական պայմաններին։ 
Արցախի մենատնտեսն առայժմ մեծ հույսեր է կապում իր նախաձեռնած և ռիսկային համարվող ու մեծ ներդրումներ պահանջած ճյուղի զարգացման հետ և հավատում, որ այն ոչ հեռու ապագայում իր կայուն տեղը կունենա թե՜ տնտեսության մեջ և թե՜ սպառողի սեղանին։ 
 ԼՈՐԻ ՄԻՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՎԱԾ ԼԻՆԵԼ ՄԵՐ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՄԱՐ
Մոտ 10  տարի առաջ էր. Ճարտար գյուղի  բնակիչ Գարեգին Մայիլյանը  ձեռք զարկեց լորաբուծությանը։ Ու չնայած նրա գործունեությունը մեծ պատմություն չուներ,  ընթացքն ու մսի  հաջող իրացումը հավատ են ներշնչում. ճյուղն այս, իրոք, մեծ ներդրումներ չի պահանջում, և նրանով զբաղվելով կարելի է եկամուտ ստանալ։ 
 Գարեգին Մայիլյանը մասնագիտությամբ անասնաբույծ է, ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը։ Հենց կրթությունն էլ, երևի,  հիմնական պայմանն էր իր գործունեության հաջողության համար, նաև՝ գրավականը։
Գ. Մայիլյանն ուսումնասիրեց հայաստանյան փորձը, համոզվեց, որ նույնը կարելի է ստեղծել նաև Արցախում, մանավանդ որ պայմանները նպաստավոր են, քանի որ մեզ մոտ հաճախակի ենք հանդիպում վայրի լորերի։ Սկսեց  մի քանի  լոր  պահելով։ Ավելի մոտիկից նրանց խնամքին ծանոթանալուց հետո որոշեց բազմացնել։ Ինքն իր ձեռքերով պատրաստեց  ինկուբատոր և ձու տեղադրեց,  որոնց 70-80 տոկոսը հաջողությամբ դուրս եկավ։ 
Թռչնամիսը վաճառքի է հանում տեղի խորտկարաններում. պահանջարկը մեծ է։ 120-140 գրամ մաքուր քաշով լորի միսը վաճառում է հատը 700 դրամով։ Ե՜վ  ինքն է գոհ, և՜ գնորդը։ 
Լորերը սնվում են հատուկ համակցված կերով, որի բաղադրամասի 70-80 տոկոսը եգիպտացորեն, գարի, վարսակ է, իսկ  20-30 տոկոսը՝ ձկան ալյուր: Մենատնտեսը  մեծ ցանկություն ունի ավելացնել լորերի քանակը. մոտ ժամանակներս կփորձի բարելավել  շենքային պայմանները և ընդլայնել գործը։
 
ԱՌԱՋԻՆ ՀՈՐԹՈՒԿՆԵՐԸ...
2013թ. սկզբներին Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժին տոհմային ցուլիկներ ձեռք բերելու համար հայտ է ներկայացրել 44 անասնատեր, որից 36 հոգու հայտերը բավարարվել են:  
Արդեն մեկ տարի է անցել անասնատերերի կողմից ցուլիկների ձեռքբերման շրջանից: Օրերս շրջվարչակազմի ԳՀՀ բաժնի անասնաբույծ Գարեգին Մայիլյանը տեղեկացրեց, որ արդեն  ծնվել են առաջին հորթերը: 
Հրանտ Պողոսյանն ապրում է Ճարտար համայնքում: Ունի 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (ԽԵԱ): Նախորդ տարվա սկզբին ձեռք է բերել ֆլեգվի ցեղի 1 տարեկան 8 ամսական 446 կգ-անոց մեկ ցուլ: Սույն թվականի հունվարի 24-ին գրանցվեց հորթերի առաջին ծինը` 22կգ քաշով: 2-րդ հորթը ծնվեց փետրվարի 18-ին` 20կգ քաշով: 
Մարտունաբնակ մենատնտես Վիտալի Սարգսյանն անասնապահությամբ զբաղվում է շրջանի Խաներ տեղամասում: Ունի մոտ 40 գլուխ ԽԵԱ: Ձեռք է բերել 2 տոհմային շվից ցեղի 1,5 տարեկան` 370 և 371կգ-ոց ցուլեր: Ցավոք, պարզվել է, որ նրանցից մեկը հիվանդ է: Հունվարի 25-ին ծնվեց առաջին հորթը, 2-րդը՝ փետրվարի 15-ին: Հորթերն ունեն 18-20կգ քաշ: Առաջիկայում սպասվում է ևս 5 ծին Սարգսյանի անասնաֆերմայում: 
Մենատնտեսները վկայում են, որ ծնունդներն անցան բարեհաջող, առանց բարդությունների:   
Բաժնի անասնաբույծ Գ. Մայիլյանի և անասնաբույժ Է. Դանիելյանի վկայությամբ՝ մենատնտեսների հետ տարվել է անասունների պահքի և խնամքի վերաբերյալ մանրակրկիտ բացատրական աշխատանք: Անասունների նկատմամբ համապատասխան խնամքն ապահովելով` տերերը խնդիրների հետ չեն առնչվում:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի