[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ԷՐ

Մարտի  7-ին ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը  հրավիրեց  խորհրդակցություն, նվիրված  առաջիկայում  նախատեսվող` պետական  հատվածի  աշխատավարձերի  բարձրացման  նախապատրաստական  գործընթացներին: 
Ինչպես հայտարարվել էր նախօրոք,  հուլիսի 1-ից  հանրապետության տարածքում նախատեսվում են  աշխատավարձային  քաղաքականության  փոփոխություններ, և խոսքը,  վարչապետի իրազեկմամբ, միայն  աշխատավարձերի  բարձրացման մասին  չէ.ներդրվելու է  աշխատավարձային  քաղաքականության  նոր մոդել, և կառավարությունը  պետք է օրենքով  պահանջվող  գործընթաց   իրականացնի: Ներդրվելու է  վարձատրության միասնական  նոր համակարգ,  որտեղ նվազագույն  ամսական  աշխատավարձը  կսահմանվի  50000 դրամ:  Ա.  Հարությունյանը  նշեց, որ  նոր համակարգը  նպատակաուղղված է աշխատավարձերի  չափերի  միջև գոյություն  ունեցող  հարաբերակցությունների  շտկմանը, պետական  պաշտոններ  զբաղեցնող  անձանց վարձատրությունների  չափերի միջև  հիմնավորված  տարբերակում մտցնելուն, պետական  ծառայության  տարբեր ոլորտներում  աշխատավարձերի  սանդղակների  համադրելիության և  միասնականության  ապահովմանը:  Որպես  կանոն, ըստ  Ա. Հարությունյանի,  բարեփոխումների  կիրառման  գործընթացում  արձանագրվում են  բացթողումներ, որոնք  բերում են տարաբնույթ  խնդիրների,  ուստիև` նա հանձնարարեց  հնարավորինս  լիարժեք իրականացնել  նախապատրաստական  աշխատանքը`  հետագա սխալներից  խուսափելու համար:
  Ինչպես իր խոսքում  նշեց  ԼՂՀ ֆինանսների  և էկոնոմիկայի  նախարար  Ս.Թևոսյանը, արդեն  իսկ որոշ նախապատրաստական  աշխատանք  կատարվել է, փոփոխություններ են մտցվել օրենսդրական  դաշտում, հունվարի  1-ից  եկամտային հարկի մասին  նոր օրենք է  ուժի մեջ մտել և այլն:  Բայց  գործընթացն, ինչ խոսք, ավարտված  համարել չի կարելի, և  գերատեսչությունների մակարդակով որոշ  կարգավորումների  կարիք   զգացվում է:
Ս. Թևոսյանը  հիշեցրեց, որ այս տարիների  ընթացքում  անընդհատ  խոսակցություններ  են եղել`  կապված գերատեսչությունների  վարձատրությունների  չափերի  տարբերությունների  հետ, և պահը հասունացել է այդ  աշխատանքները  կարգավորելու համար:  Ներկայացնելով ընդհանուր վիճակը, Ս. Թևոսյանը  նշեց, որ մինչև օրենքը ուժի մեջ  մտնելը անհրաժեշտ է  ինչպես  պետական, այնպես էլ    ՊՈԱԿ-ների  և առևտրային  կազմակերպությունների  աշխատակիցների  աշխատանքի վարձատրության  հաշվարկներ անել,  հստակեցնել  ՊՈԱԿ-ների  աշխատանքի վարձատրության  չափորոշիչները:  Այս հարցում  Ս. Թևոսյանը  խոստանում է  ֆինանսների  և էկոնոմիկայի  նախարարության  մեթոդական  աջակցություն: 
Ս. Թևոսյանը  կառավարության անդամներին  հորդորեց մարտ  ամսվա ընթացքում ավարտել այդ  աշխատանքները, որպեսզի  ապրիլից սկսեն  կառավարության  համապատասխան որոշումների  նախագծերի  կազմման և հատուցման  գործընթացը: Նա նաև նշեց,  որ այդ  գործընթացով որևէ մեկի  աշխատավարձի  իջեցում  չի նախատեսվում, բայց  այս կամ  այն պատճառով բարձրացված  աշխատավարձերը, որոնք համամասնական չեն  ընդհանուրի  հետ, կհամապատասխանեցվեն: Այսպիսով,  ըստ նրա,  հիմք է ստեղծվում  ապագա տարիների համար, որպեսզի  չվերադառնալ  աշխատավարձի չափի որոշման:  Այսինքն, աշխատավարձի  չափը  որոշվելու է  հիմա` նվազագույն  աշխատավարձի  նկատմամբ գործակցի  համաձայն:  Այսօր, փաստորեն,   հիմք է  դրվում  աշխատավարձային  քաղաքականության  մեջ լուրջ  բարեփոխման, որն էլ պիտի  հետագայում  տարբեր  խնդիրներից  և ասեկոսեներից  ապահովագրման  միջոց  հանդիսանա: 
Այս օրենքը  տարածվում է  ոչ միայն  պետական, այլև  մասնավոր հատվածի  վրա. աշխատավարձերի  հետագա բարձրացումը  պայմանավորված է լինելու նվազագույն  աշխատավարձի բարձրացմամբ:
Այսինքն,  եթե մինչև հիմա  աշխատանքի  վարձատրության հիմքում  քիչ դեր  չի խաղացել  նաև  գերատեսչության  ղեկավարի որոշումը, ապա այսուհետ կգործեն  չափորոշիչներ, որոնց համաձայն  կորոշվի  կառույցի  աշխատանքի  ծանրաբեռնվածությունը, արդյունավետ  գործունեությունը և այլն, որոնց  հիման վրա էլ  կորոշվի  աշխատավարձի  բարձրացման  գործակիցը: 
Ս. Թևոսյանը  հստակ խոսեց ՓԲԸ-ների մասին. նրանք, որոնք աշխատում են  պետպատվերով, և նրանք, որոնց  գործունեության մեջ  կառավարությունն ունի  ավելի քան  50% մասնակցություն, պետք է  ձեռնամուխ  լինեն  օրենքի  համապատասխան  աշխատավարձերի  դրույքաչափերի  հստակեցմանը, հիմքում, բնականաբար,  ունենալով  նվազագույն  աշխատավարձի չափը: 
Ֆինանսների  և էկոնոմիկայի  նախարարությունը  աշխատավարձային  քաղաքականության  իրազեկման  աշխատանքներ  ևս իրականացրել է: Համապատասխան  անձանց հետ  և  կառույցներում  կազմակերպվել են  սեմինար-խորհրդակցություններ  եկամտային  հարկի  մասով,  անհրաժեշտության դեպքում դրանք  կշարունակվեն այդ գործընթացի մյուս  կետերի  վերաբերյալ ևս: 
Կառավարության անդամները  թեմայի շուրջ ունեցան  բազմաթիվ հարցեր և  առաջարկություններ.  գերատեսչությունների  ղեկավարները  իրավունք ունե±ն սեփական  եկամուտներից  հավելյալ վճարումներ կատարել, օգտագործել  խրախուսման  ֆոնդերի միջոցները, կամ` արդյո±ք այդ  ՙհավասարեցումը՚ հավասարեցնելու է  միևնույն կարգավիճակ ունեցող  կառույցների  իրավունքներն ու  հնարավորությունները (օրինակ, կան ՊՈԱԿ-ներ, որոնք ունեն  խրախուսման  ֆոնդեր, որոշ  ՊՈԱԿ-ներ զուրկ են այդ  հնարավորությունից):  Սրանք հարցեր են, որոնց  լուծումը  պիտի   տրվի  մինչև մայիսի  վերջը: 
Խորհրդակցությունում  քննարկվեց նաև  հասարակական կազմակերպությունների, մշակութային և սպորտային  կառույցներին տրամադրվող   դրամաշնորհների խնդիրը: Այս հարցում ևս,  վարչապետի խոսքերով, կարգավորման ենթակա  կետեր կան, ինչը  հնարավորություն  է ստեղծելու  բացառել  սուբյեկտիվ  մոտեցումներն ու  միջնորդավորված  ֆինանսավորումները: 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ