[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՇԱԹԱՂՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հատկապես վերջին տարիներին Քաշաթաղի շրջանի հարավային թեւում մեծացել է  ջերմոցների նկատմամբ հետաքրքրությունը:  Այս ենթաշրջանում արդեն շուրջ մեկ տասնյակ ջերմոցային տնտեսություններ են գործում: Ոմանք գյուղատնտեսության այս աշխատատար, բայց եկամտաբեր ճյուղում ներգրավված են արդեն երկար տարիներ: Սակայն ոլորտի ՙհնաբնակների՚ հետ վերջին շրջանում նաեւ նորեկների թիվն է ավելացել:
Ընդամենը երկու-երեք շաբաթից առաջին բերքը շուկա կհանեն: ՙԱպրիլի 5-ին այս ջերմոցում արդեն վարունգ կունենանք, մինչեւ մայիսի 5-ը՝ պոմիդոր՚,- մանրամասնում է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, ով ինքն էլ երկար տարիներ ջերմոցային տնտեսությամբ է զբաղվել եւ այսօր էլ շարունակում է զբաղվել:
Ջերմոցները հատուկ այդ նպատակի համար կառուցված փայտի վառարաններով են ջեռուցվում: Արաքսի հովտի մեղմ կլիման գործը հեշտացնում է: Ձմռանն այստեղ ուժեղ սառնամանիքներ չեն լինում: Դա թույլ է տալիս ոչ մեծ ներդրումների արդյունքում հողը մշակել ողջ տարին, վստահեցնում է Արտավազդ Ալեքսանյանը. ՙՏարին տասներկու ամիս այստեղից հնարավոր է բերք հավաքել՝ եթե մշակեն: Կարող են կանաչի ցանել, հետո կարտոֆիլ, իսկ դրա բերքահավաքից հետո՝ պոմիդոր ու վարունգ ցանել՚:
Ջերմոցային տնտեսությունները Քաշաթաղի հարավային թեւում վերջին տարիներին են ավելացել: Եթե մինչ այդ հիմնականում մասնավոր նախաձեռնությունների արդյունքում էին ջերմոցային տնտեսություններ հիմնադրվում, ապա վերջին շրջանում դա նաեւ պետական մակարդակով է խրախուսվում: Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը, պահանջարկը հաշվի առնելով, նաեւ այս ոլորտին է արտոնյալ պայմաններով վարկեր ուղղում: ՙԱռայժմ երեք հայտատուի հայտ բավարարել ենք, բայց ցանկացողներն ավելի շատ են՚,¬ այս պահին արվածն է ներկայացնում հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը:
Առայժմ ջերմոցային տնտեսություններ ստեղծելու համար վարկերը հիմնադրամն է տրամադրում: Քայլեր են արվում՝ նաեւ ՙԱրի՚ ծրագրի շրջանակներում ներգրավվող գումարներն այդ նպատակին ուղղելու համար: Պայմանավորվածություններ արդեն կան: Փորձ կարվի մոտ ժամանակներում ավելի ակտիվացնել ջերմոցային եւ բանջարանոցային տնտեսություններին ուղղվող վարկային միջոցները:
Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի օժանդակությամբ` Քաշաթաղի հարավային թեւում արդեն 4 ջերմոցային տնտեսություն է գործում, եւս 2-ը՝ Թուֆենկյան հիմնադրամի կողմից է կառուցվել: Նաեւ առանձին անհատներ են իրենց ուժերով ջերմոցներ հիմնում: Ընդհանուր առմամբ՝ Քաշաթաղի շրջանում ջերմոցները մոտ մեկուկես հեկտար են զբաղեցնում:
 
Նորայր Հովսեփյան