[ARM]     [RUS]     [ENG]

ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ՝ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

21.03.14__4_.jpgՄի քանի տարի առաջ, երբ Արցախում բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող ամենամեծ կազմակերպության՝ ՙԱրցախֆրութ՚-ի հիմնադրման աշխատանքները դեռ նոր էին մեկնարկում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների մեջ որոշակի ոգեւորություն կար: 
Ի վերջո, այս կազմակերպությունը հենց հիմնադրման պահից խոստանում էր ամբողջովին լուծել հանրապետությունում բանջարեղենի ու մրգի իրացման խնդիրը: 
Ժամանակի ընթացքում վերամշակող նոր կազմակերպություններ եւս հիմնադրվեցին եւ խնդիրն ընդունեց հակառակ կերպարանքը: Այսօր մթերման հետ կապված խնդիրներ ունի ՙԱրցախֆրութ՚-ը: Եվ ոչ միայն նա:
ՙԱրցախում միրգ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող համեմատաբար խոշոր կազմակերպություններն այսօր ստիպված են հումքի պահանջարկը Հայաստանի Հանրապետությունից ներմուծվածի հաշվին լրացնել՚,- ընդհանուր խնդիրն է ներկայացնում ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը:
Հիմա՝ կոնկրետ օրինակով: Հիմնադրումից ի վեր ՙԱրցախֆրութ՚-ը ոչ մի տարի միայն տեղական արտադրանքով չի բավարարվել: Այդ առումով ոչինչ չի փոխվել նաեւ նախորդ տարի: 2013 թվականին ընկերությունը մոտ 550 տոննա միրգ ու բանջարեղեն է վերամշակել: ՙԱռյուծի բաժինը՝ ավելի քան 450 տոննան, բանջարեղենին է բաժին հասնում: Այդ ծավալի 60-65 տոկոսը ներմուծում ենք Հայաստանի Հանրապետությունից՚,- իրավիճակը հստակ թվերով է ներկայացնում ՙԱրցախֆրութ՚ ՓԲԸ տնօրեն Արարատ Միրզոյանը:
Արցախի գործընկերներն այնքան էլ շատ չեն: Ընկերության տնօրենը տեղից մթերված բերքը անգամ ըստ բնակավայրերի կարող է ներկայացնել. ՙՄեր կողմից վերամշակվող տեղական բանջարեղենի մոտ հիսուն տոկոսը Քաշաթաղի շրջանի հարավային թեւի ֆերմերներն են մատակարարում, մյուս կեսը՝ ավելի մոտ շրջաններից են բերում՚: Էլի մի նրբություն: Արցախի ֆերմերներն ավելի ակտիվ են ձմերուկի, սեխի վերջին շրջանում՝ նաեւ սոխի արտադրության մեջ: Իսկ ահա գործարանի պահանջարկն այլ ուղղություններից է: ՙՄեր պահանջարկի մեծ մասն են կազմում պոմիդորը, սմբուկը եւ տաքդեղը: Այս կուլտուրաների մշակության հարցում Արցախի ֆերմերներն աչքի չեն ընկնում՚,-առկա իրավիճակն է ներկայացնում Արարատ Միրզոյանը:
Ինչն է պատճառը, որ իրացման խնդիր չունեցող հողօգտագործողն արտադրության հարցում ակտիվություն չի ցուցաբերում: Գո՞ւցե խնդիրն այն է, որ գործարանը միրգ-բանջարեղենը ցածր գներով է գնում: ՙԱրցախֆրութ՚-ի տնօրենը հակադարձում է եւ իր հիմնավորումները ներկայացնում. ՙՄենք հաստատ ավելի բարձր գին ենք առաջարկում, քան ՀՀ վերամշակողները: Ի վերջո, եթե մեր առաջարկած գնով անգամ հայաստանյան ֆերմերներն են կարողանում ավելի քան 400 կիլոմետր ճանապարհ կտրել եւ իրենց արտադրանքը գործարան բերել, ուրեմն այդ գինը պետք առավել քան ընդունելի լինի նաեւ տեղական ֆերմերների համար, ովքեր այդքան ճանապարհ կտրելու խնդիր չունեն՚:
Իսկ գուցե խնդիրն այն է, որ գործարանը ժամանակի ընթացքում պարտքեր է կուտակել, ընդունած գյուղմթերքի դիմաց վճարումներն ուշացրե՞լ է: Դա եւս բացառում է ՙԱրցախֆրութ՚ ՓԲԸ տնօրենը: Գլխավոր պատճառը բանջարեղենի մշակությանը հիմնավոր չտիրապետելն է համարում Արարատ Միրզոյանը: Նաեւ դա է համարում պատճառը, որ մինչեւ օրս չի հաջողվել գործարանի հետ հողօգտագործողների հարաբերությունները պայմանագրային դաշտ տեղափոխել եւ դա ավանդույթ դարձնել:
Լավատեսության լրացուցիչ չափաբաժինը նաեւ բանջարեղենի առեւտրով զբաղվողներին չէր խանգարի: Եթե վերամշակողները կարող են սպասել բերքահավաքին, առեւտրով զբաղվողները պետք է հարուստ տեսականի ունենան ողջ տարվա ընթացքում: Այս պահին ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների հարաբերակցությունը բանջարեղենի խանութներում մոտավորապես այսպիսինն է: ՙՁմռան ամիսներին տեղական արտադրության միայն կանաչեղեն ունենք, տեսականու հիմնական մասը ներմուծվում է՚,- թվարկում է անհատ ձեռնարկատեր Ալվինա Սարգսյանը: Տարիների փորձից ելնելով՝ մանրամասնում է՝ ոչ ամբողջովին, բայց գոնե մասամբ՝ այդ հարաբերակցությունը ամռան ու աշնան ամիսներին է փոխվելու:Պարզապես մի փոքր հավելում: Ձմեռային սեզոնը բանջարեղենի առեւտրով զբաղվողի համար չի սահմանապակվում միայն ձմռան երեք ամիսներով: ՙԴե, մոտավորապես հոկտեմբերի վերջերից մինչեւ մայիսի վերջերը՚,- հստակեցնում է Ալվինա Սարգսյանը:
2014 թվականը կարող է որոշիչ դառնալ բանջարեղենի արտադրության ոլորտում ունեցած դժվարությունները հաղթահարելու հարցում: Ծրագիրը կյանքի կկոչվի պետական աջակցությամբ, որն իրագործվելու է գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հնարավորություններով: Արդեն հստակեցված են պայմանները՝ ովքեր կարող են ներգրավվել բանջարեղենի մշակման աջակցությանն ուղղված պետական ծրագրերում: Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը հստակեցնում է հիմնական ուղղությունները. ՙՆախատեսվում է ծրագրում 15 հողօգտագործող ընդգրկել: Առաջին պայմանն այն է, որ բանջարեղեն մշակի առնվազն մեկ հեկտարի վրա, մթերման նախնական պայմանագիր ունենա ՙԱրցախֆրութ՚, ՙԱրաքսֆուդ՚ եւ ՙՄկրտումյան՚ կազմակերպություններից որեւէ մեկի հետ՚: Մրցույթում հաղթող կազմակերպություններին պետական աջակցություն կցուցաբերվի՝ անտոկոս փոխառության տեսքով սերմացու, պարարտանյութ եւ թունաքիմիկատներ տրամադրելով:
Հիմնադրամն արդեն որոշակի նախապատրաստություններ ունի՝ սպասվող ցանքսին ընդառաջ: Պարարտանյութերի եւ թունաքիմիկատների հիմնական մասն արդեն Արցախում է: Իսկ ներմուծված սերմացուն նույնիսկ գերազանցում է այս պահին արդեն ուրավգծվող պահանջարկը: 
Հիմնադրամի տնօրենը ավելացնում է՝ թվարկվածից բացի այլ առաջարկ եւս ունեն: Արաքսի հովտում հիմնադրամի ծրագերի շրջանակներում հողերի մաքրման եւ ենթակառուցվածքների կարգավորման աշխատանքները շարունակվում են: Արդեն մշակման պատրաստ տարածքները վարձակալությամբ են տրվում՝ հեկտարի դիմաց տարվա վճարը 51 հազար դրամ:
Այս ծրագրից մեծ ակնկալիքներ ունեն նաեւ վերամշակող կազմակերպությունները: ՙԱրցախֆրութ՚-ի տնօրենը լավատես է: Այս տարի գործարանը նախատեսում է 1000 տոննայից ավելի բանջարեղեն ու միրգ վերամշակել, որի մեծ մասը հույս ունեն տեղի արտադրողներից գնել: