[ARM]     [RUS]     [ENG]

ՃՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ 2014¬Ը ԿԼԻՆԻ ՎՃՌՈՐՈՇ

naxarar1_300x199.jpgԳյուղատնտեսությունն առաջնային ճյուղ հռչակած Արցախը բանջարեղենի զգալի մասն առայժմ ներմուծում է: Ոլորտի պատասխանատուները վստահ են, որ բանջարեղենի մշակության հարցում  2014 թվականը որոշիչ դեր է ունենալու: 
Ի՞նչ փուլում են նախապատրաստական աշխատանքները, ումից ի՞նչ է կախված լինելու այս ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհին: Պատասխանում է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: 
-Հենց սկզբում հստակեցնենք՝ ի՞նչ խնդիր է դրված: Որքա՞ն հող պետք է դրվի բանջարեղենի մշակության տակ եւ որքա՞ն բերք պետք է ապահովվի:
- Վերջին 5 տարվա ընթացքում բանջարեղենի արտադրության ծավալների աճ ունենք: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2013թ. այս ոլորտում մեր ինքնաբավությունը մոտ 60 տոկոսի է հասնում: Սակայն տարեկան մոտ 11 հազար տոննա բանջարեղեն էլ ներմուծում ենք ՀՀ-ից: Խնդիր է դրված առաջիկա տարիներին բանջարեղենի արտադրությունն այնքան ավելացնել, որ ներքին պահանջարկն ամբողջովին կարողանանք բավարարել եւ ավելացնել արտահանման ծավալները:
Անկեղծ ասած՝ վերամշակող կազմակերպությունների պահանջարկի մասով մեզ ծավալները շատ չեն անհանգստացնում: Պարզաբանեմ՝ ինչու: Ամենախոշոր վերամշակողներից մեկի՝ ՙԱրցախֆրութ՚-ի պահանջարկը կազմում է տեղում արտադրված բանջարեղենի մոտ 5 տոկոսը: Այլ խնդիր է, սակայն, որ արտադրության  ծավալներն ապահովում են փոքր տնտեսությունները, ովքեր իրենց արտադրանքը վերամշակողին չեն հասցնում, իրենք են օգտագործում կամ տեղում են իրացնում: Արդյունքում, տեղի վերամշակողներն իրենց հումքի մեծ մասը ստիպված են ՀՀ-ից ներմուծել: Բանջարեղենի արտադրության խթանմանն ուղղված ծրագիրը, որի մասին խոսում ենք, առաջին հերթին խնդիր ունի ավելացնել հենց վերամշակողներին հասնող ծավալները:
- Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է մանրամասնել՝ ումից եք ակնկալում այդ ծրագրի իրագործումը:
- Պայմանները հստակ են: Հողօգտագործողը պետք է երաշխավորված ոռոգմամբ հող ունենա, նախընտրելի է՝ Արաքսի հովտում կամ Ասկերանի Ակնա թաղամասում, եւ պարտավորություն ստանձնի դրանից առնվազն մեկ հեկտարը հատկացնել բանջարեղենի մշակությանը, մշակվելիք հողի մեծությունը հաշվի առնելով՝ մատակարարման նախնական պայմանագիր կնքի ՙԱրցախֆրութ՚, ՙԱրաքսֆուդ՚ կամ ՙՄկրտումյան՚ կազմակերպությունների հետ: Այս պայմանները բավարարող բոլոր հողօգտագործողները կարող են դիմել Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ: Ընտրվելու են դիմողներից 15-ը: Անշուշտ, թվարկված պայմանների հետ՝ ընտրությունը կատարելիս նաեւ դիմողի մասնագիտական հնարավորություններն են հաշվի առնվելու:
- Ի՞նչ աջակցություն է սպասվում ընտրված 15 դիմորդներին:
- Անտոկոս փոխառության տեսքով՝ կտրամադրվեն անհրաժեշտ սերմացուն, պարարտանյութն ու թունաքիմիկատները: Անհրաժեշտության դեպքում՝ նաեւ մասնագիտական խորհրդատվություններ կիրականացվեն:
- Արդյո՞ք սա նաեւ խոշոր, մասնագիտացված տնտեսությունների ձեւավորմանն ուղղված քայլ չէ: Թե՞, այնուամենայնիվ, համեմատաբար փոքր արտադրողներն էլ այս ծրագրի շրջանակներում անելիքներ ունեն:
- Կոնկրետ ներկայացված ծրագիրն, իսկապես, նաեւ ավելի խոշոր, մասնագիտացված տնտեսությունների ձեւավորմանն է ուղղված, որոնք պետք է անմիջապես վերամշակողների  հետ աշխատեն: Սակայն աջակցություն կլինի նաեւ ավելի փոքր հողօգտագործողներին: Այս պահին օժանդակության պայմանները հստակեցվում են: Չի բացառվում, որ նրանց էլ  100-150 հազար դրամ անտոկոս փոխառություններ հատկացնենք՝ մեկ տարի մարման ժամկետով: 
- Խոսեցինք հիմնականում վերամշակողների պահանջարկի մասին: Իսկ ո՞վ է բավարարելու հենց տնային տնտեսություննների պահանջարկը, որի զգալի մասը եւս այս պահին ներմուծման շնորհիվ է բավարարվում:
-Կարծում եմ, այս հարցում որոշիչ դեր են ունենալու հենց խոշոր տնտեսությունները: Սակայն նաեւ մանր տնտեսությունների ակտիվությունն ենք ակնկալում:
- Մեկ այլ դժվարություն երաշխավորված ոռոգման հետ է կապված: Բանջարեղենի մշակության պարագայում դա կարող է ճակատագրական դեր ունենալ: Խնդրի ի՞նչ լուծում է նախատեսվում այս պարագայում:
- Այս տարիների ընթացքում արդեն հասցրել ենք բավական տարածքներ դարձնել ջրարբի: Վերջերս այդ ճանապարհին սկսել ենք ավելի ակտիվ օգտագործել նաեւ խորքային ջրերը: Այսօր խնդիր ունենք պարզապես այդ տարածքներն ավելի արդյունավետ օգտագործել: Բանջարեղենի մշակության զարգացման ծրագիրն էլ դրան ուղղված քայլերից մեկն է:
 
Նորայր Հովսեփյան