ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ԱՆԿՈՐՈՒՍՏ
Հադրութի շրջանային խորհրդում
Օրակարգային հարցերի շարքում քննարկման առարկա դարձավ ՙ2014 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին՚, ՙՀացահատիկայինների ցանքատարածությունները և անտառային զանգվածները հրդեհներից պաշտպանելու ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների մասին՚ հարցերը, որոնց վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման ¥ԳՀՀ¤ բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը:
2014 թվականի բերքի տակ շրջանում կկատարվի ավելի քան 10 հազ. հեկտարի վրա հունձ, որից 4666 հա ցորեն, 51354 հա գարի: Համայնքային վարելահողերում կատարված աշնանացանի տարածքները կազմում են 3474 հեկտար, որից 2377 հա-ն սեփականաշնորհված վարելահողեր են: Պետական պահուստային վարելահողերում ցանված աշնանացանի տարածքները կազմում են 6586 հա, որից ցորեն՝ 2200 հա, գարի՝ 4386 հա: Մասնագիտական դիտարկումներից պարզվել է, որ գարու ցանքատարածությունները լրիվությամբ ենթակա են հնձման, սպասվող բերքը հեկտարից կտատանվի 5-12 ցենտների սահմաններում, իսկ 4666 հեկտար ցորենի դաշտերից մոտավոր հաշվարկներով շուրջ 1200 հեկտար չի հնձվելու, որի գերակշիռ մասը պետական պահուստային վարելահողերում ցանվածն են: Ընթացիկ տարվա երկարատև երաշտը մեծ վնասներ է հասցրել շրջանի հողօգտագործողներին: Սակայն ստեղծված իրավիճակը բաժնի վարիչը բացատրում է նաև ցանքսի ոչ ժամանակին կատարմամբ, ցանքսաշրջանառության և պարարտանյութերի բացակայությամբ, սև ցելի ոչ մասնագիտական կատարմամբ:
Շրջանում առկա 56 կոմբայններից 49-ը պատրաստ են բերքահավաքի աշխատանքներին: Դրանց կներգրավվեն նաև ՙԱգրոտնտեսություն՚ ՓԲԸ-ի ինը կոմբայնները: Բերքահավաքին կմասնակցի մոտ 180 միավոր փոխադրիչ տեխնիկա: Կոմբայնները վերանորոգելու համար ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը կարճաժամկետ վարկեր է տրամադրել մինչև 500 հազար դրամի սահմաններում: Այդ նպատակին հատկացվել է 4 մլն 500 հազար դրամ:
Բերքահավաքն անկորոստ կազմակերպելու համար հաստատվել է ՙՀացահատիկային ցանքատարածությունները և անտառային զանգվածները հրդեհներից պաշտպանելու ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը՚: Աբրիկ Մարտիրոսյանը խոսեց նաև համայնքների սեփականաշնորհված վարելահողերում կատարված սև ցելի մասին, որը շուրջ 400 հեկտար է։ Ստուգումներից պարզվել է, որ կատարված սև ցելերը գտնվում են վատթար, մոլախոտերով պատված վիճակում: Բաժնի վարիչը համայնքների ղեկավարներին հորդորեց կարճ ժամկետում կատարել հերթական մշակումները: Նույն վիճակում են նաև պետական պահուստային վարելահողերում կատարված 300 հեկտար սև ցելերը:
Հարցերի առթիվ ընդունվեցին շրջվարչակազմի ղեկավարի որոշումները, ըստ որոնց ստեղծվել են բերքահավաքի կազմակերպման շրջանային շտաբ` շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ, հացահատիկային ցանքատարածությունները և անտառային զանգվածները հրդեհներից պաշտպանելու ուղղությամբ տարվող կանխարգելակիչ միջոցառումների իրականացման և կոորդինացման հանձնաժողով:
Քննարկվող հարցի առթիվ շրջվարչակազմի ղեկավար Վ. Գևորգյանը ներկայացրեց իր նկատառումները: Նա ՙԱգրոտնտեսություն՚ ՓԲԸ տնօրենին առաջարկեց Ուխտաձորի ենթաշրջանի համայնքներում իրականացվող բերքահավաքի աշխատանքները մշտական պահել ուշադրության կենտրոնում: Ի պատասխան առաջարկի՝ ՙԱգրոտնտեսություն՚ ՓԲԸ-ի տնօրեն Խորեն Հովսեփյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ բերքահավաքն սկսված է, բայց ոչ մի համայնքի ղեկավար դեռևս հայտ չի ներկայացրել և պայմանագիր չի կնքել համայնքում հնձի աշխատանքներ իրականացնելու մասին:
Աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչը ներկայացրեց ՙՏողի և Ուխտաձորի ենթաշրջանների համայնքների զարգացման ծրագրով նախատեսված բազմամյա կերակուլտուրաների զարգացման և պտղատու այգիների հիմնադրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին՚ տեղեկանքը:
Շրջանային խորհրդի նիստի քննարկմանը ներկայացվեցին նաև ՙԱյգեստանի համայնքի ղեկավարի հաշվետվության մասին՚, ՙԽանձաձորի, Խծաբերդի և Հին Թաղերի համայնքների ղեկավարների ու ավագանու անդամների կողմից սեփական և պետության պատվիրակած լիազորությունների կատարման մասին՚ հարցերը:
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ