[ARM]     [RUS]     [ENG]

ԵԿԵԼ Է ՀՆՁԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Քաշաթաղի շրջանում մայիսի կեսերից սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Այն ժամանակին և անկորուստ կազմակերպելու համար Իշխանաձոր գյուղում գործում է շտաբ, որը ղեկավարում է շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: 
2013թ. աշնանը և 2014թ. գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 17440հա հացահատիկի ցանքս, որից աշնանացան՝ 13685հա (գարի և ցորեն), գարնանացան՝ 3755հա (գարի, ցորեն, հաճար): Այս տարի ևս բնությունը տհաճություն պատճառեց հողօգտագործողներին. երաշտն ու կարկուտը վնասել են բավականին տարածքներ, որոնց վնասները ճշտվում են հանձնաժողովի կողմից: Հունիսի 7-8-ին Արտուշ Մխիթարյանի հետ եղանք շրջանի հարավային թևի համայնքների ցանքատարածքներում: 
Վուրգավանի գյուղական համայնքն ունի 39 տնտեսություն՝ մոտ 150 բնակչով: Համայնքի ցանքատարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 104հա, որից 84-ն անջրդի ցանքատարածքներ են. 63հա-ը մշտական օգտագործման, իսկ 21-ը տրված է վարձակալության: 20հա ջրովի տարածքներից 11-ը տրված է վարձակալության, մնացածը՝ բնակիչներին՝ մշտական օգտագործման: Բացի այս տարածքներից, համայնքն ունի 27հա խաղողի այգի, 12հա բանջարաբոստանային մշակաբույսերի տարածք և 10հա եգիպտացորեն: Անջրդի տարածքներում ընդհանուր առմամբ կատարվել է 10հա ցորենի և 74հա գարու ցանքս, որից 13-ը՝ գարնանացան: Վերջերս տեղացած կարկտի պատճառով նշված 13հա գարնանացան գարու արտերն ամբողջությամբ վնասվել են: ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի Քաշաթաղի ներկայացուցիչ Մհեր Եսայանի ուղեկցությամբ առաջինը բարձրանում ենք Վուրգավանի սարահարթ, որտեղ համայնքի անջրդի հողատարածքներն են: Համայնքի ղեկավար Գեորգի Խաչատրյանն արդեն այդտեղ էր: Շրջեցինք վնասված տարածքում. արդեն ձևավորված հասկերի մեծ մասը կարկտի հարվածից ջարդվել է, իսկ մնացածը չի ապահովի բերքատվություն: Այս պատճառով որոշվեց ամբողջ 13 հեկտարը հնձել որպես անասնակեր: 
Բացի այս վնասից, ևս 4հա գարու արտ էլ երաշտի պատճառով չի հնձվելու: Համայնքի ղեկավարն ասաց, որ 10-15 օրից կսկսվի հունձը. արդեն պայմանավորվել է կոմբայնավարի հետ, ով գալու է Սիսիանից: 
Հաջորդը Թովմասարն է, որտեղ ցանքատարածքներ ունեն մի շարք համայնքներ: 
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալներ Արտուշ Մխիթարյանի, Արտավազդ Ալեքսանյանի և գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ բարձրանում ենք Թովմասարի սարահարթ: 
Այստեղ ցանքատարածքները հիմնականում տուժել են երաշտի պատճառով: Կան կարկտահարվածներ: 
Հատկապես մեծ է կորուստը Արծվաշեն և Աղաձոր համայնքների արտերում: Մեծ վնաս են կրել ցորենի արտերը: Շրջեցինք տարածքում. տեղ-տեղ արդեն կոմբայններն աշխատում էին: Համատարած բերքահավաքը կսկսվի մոտ 10 օրից: Վնասի ընդհանուր չափը կորոշվի մի քանի օրից. բոլոր համայնքներում աշխատում են հանձնաժողովներ: Իսկ հողօգտագործողը գոհ կմնա, թե դժգոհ՝ կերևա բերքահավաքից հետո:     
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր