[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՕՐ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՂԸ ՍԱՐՍԱՆԳԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է

PA200025.JPGՍարսանգի հիդրոհանգույցը, որի մեջ մտնում են Սարսանգի ջրամբարը, հիդրոէլեկտրակայանը, Մատաղիսի ջրամբարն ու ոռոգման համակարգը՝ ջրանցքների եւ ջրատարների իր ամբողջությամբ, սկսվել է կառուցվել 1964-ին եւ շահագործման հանձնվել1977-ի վերջին:
 Համամիութենական նշանակության կառույցի  նախագծմանն ու կառուցմանը մասնակցել են խորհրդային գրեթե բոլոր կարեւոր ինստիտուտները: Այս հիդրոհանգույցը կառուցվել էր հիմնականում ոռոգման նպատակով: 
Սարսանգի ջրամբարից սնվող ջրանցքներն ավելի քան 100 հազար հեկտար էին ոռոգում: Դրա հիմնական մասը, սակայն, նախկին ինքնավար մարզի սահմաններից դուրս էին: Ավելի պարզ՝ համակարգի մեծ մասը գտնվում էր ինքնավար մարզի տարածքում, սակայն նրա բուն նպատակը մարզի հարակից տարածքների ոռոգումն ապահովելն էր: Իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունն այդ հանգույցի, այսպես ասած, երկրորդական աշխատանքն էր:
Բաքուն ի սկզբանե հակված չի եղել Սարսանգի հիդրոէլեկտրակայանը կառուցել ինքնավար մարզի տարածքում: Դրա համար այլ լուծում էր նախատեսված: ՙՀԷԿ-ը այլ տեսքով պետք է լիներ: Այն պետք է լիներ ադրբեջանական տարածքում: Այսինքն՝  Սարսանգի պատվարից հետո ջուրն ուղղաձիգ թունելով իջնելու էր ներքեւ 150 մետր ավելի ցածր ՀԷԿ-ի այսօրվա նիշից եւ դուրս էր գալու Ադրբեջանի տարածք, որտեղ թունելի վերջում մոտ 250 մեգավատանոց ՀԷԿ պետք է լիներ՚,- մանրամասնում է ՙՎոթեր փրոջեքտ՚ ՍՊԸ տնօրեն  Հարություն Հակոբյանը, ով ժամանակին արխիվային նյութերին ծանոթանալու հնարավորություն էր ունեցել: Այլ կերպ ասած՝ բուն ներդրումը ինքնավար մարզի տարածքում կատարելով՝ Բաքուն նպատակադրված էր ստեղծված ողջ արդյունքն օգտագործել մարզի սահմաններից դուրս: Արդեն տարիների հեռվից՝ այս էպիզոդը լիովին համահունչ է դիտվում տասնամյակներ շարունակ Արցախում վարված քաղաքականությանը: Այն, որ Սարսանգի հարցում ավելի ուշ փոփոխություններ եղան եւ արդյունքում ՀԷԿ-ը կառուցվեց մարզի տարածքում, բոլորովին էլ հայերի հանդեպ հայր Ալիեւի վերաբերմունքի փոփոխությունից չէր բխում, նշում է ՙՎոթեր փրոջեքտ՚ ՍՊԸ տնօրեն Հարություն Հակոբյանը.ՙԱլիեւի փառասիրությունն այս անգամ հօգուտ Ղարաբաղի ծառայեց: Նախ՝ պատվարը 20 մետր ցածր կառուցեցին, երկրորդը՝ թունելի եւ այլ կառույցների շինարարության  համար եւս երկու տարի էր պետք, իսկ կոմկուսի հերթական համագումարն ավելի մոտ էր. կատարված աշխատանքների մասին պետք է զեկուցեին: Եվ Ալիեւը հանձնարարեց կառուցել այս տարբերակով, որ ավարտեն մինչեւ համագումարը՚: Ալիեւը զեկուցեց եւ իր ոսկե աստղը ստացավ: Արցախն էլ Սարսանգի հիդրոէլեկտրակայանը ստացավ: Դրա իրական արժեքը զգացվեց անկախությունից հետո: Սարսանգի հիդրոհանգույցի նշանակությունը կտրուկ փոխվեց: Այսօր առաջին հերթին նրա էներգետիկ հնարավորություններն են գնահատվում: Տարիների հետ Սարսանգի էներգետիկ հնարավորություններն ավելի արդյունավետ են օգտագործվում: Նախորդ տարի ջրի կուտակման հարցում արդեն ցանկալի նիշին ենք հասել: Էլեկտրաէներգիայի արտադրության հարցում էլ այդ դրական տեղաշարժն արտահայտվել է, պատմում է ՙԱրցախՀԷԿ՚ ԲԲԸ արտադրական վարչության պետ Սլավա Գաբրիելյանը. ՙԵթե  նախորդ տարիներին ընդամենը 92-93 միլիոն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա ենք արտադրել, ապա 2014-ին Սարսանգում կարտադրվի ավելի քան 100 միլիոն կՎտ/ժամ:  Հաջորդ տարվանից այդ ցուցանիշը բարձրանալու է: 2015-ին  երեւի կարտադրենք մոտ 112 միլիոն: Սարսանգի արտադրանքը կկազմի Արցախում  սպառվող Էլեկտրաէներգիայի մոտ 41 եւ արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան 47 տոկոսը՚:
Սարսանգի թեման պարբերաբար նաեւ քաղաքական շահարկումների նյութ է դառնում: Բաքուն հարցը բարձրացնում է իրեն հասանելի բոլոր ատյաններում: Բողոքում է, որ ամռանը Սարսանգից բավարար քանակի ջուր չի բաց թողնվում, որ Արցախին սահմանամերձ ադրբեջանական տարածքներում հողերը ոռոգեն: ՙԱրցախՀԷԿ՚-ի ներկայացուցիչն էլ չի ժխտում. Ստեփանակերտին հետաքրքրողն այսօր Սարսանգի  ոչ թե ոռոգման, այլ էներգետիկ հնարավորությունն է: Ընդ որում, էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ պետք է որոշակի ռեժիմով կազմակերպվի՝ հաշվի առնելով պահանջարկի աճը կամ նվազումը, պարզաբանում է ՙԱրցախՀԷԿ՚ ԲԲԸ արտադրական վարչության պետը:  Պահանջարկը մեծ է հատկապես աշնան կեսերից մինչեւ գարնան կեսերը: Այդ ամիսներին ՀԷԿ-ին  բավարար քանակի ջուր մատակարարելու համար ջրամբարում ջուր է կուտակվում գարնան ու ամռանը: Այնինչ՝  խորհրդային տարիներին՝ հակառակն էր. ջրամբարից ջրի հիմնական քանակը բաց էր թողնվում հենց ամռան ամիսներին: ՙԵթե նախկին սխեմայով աշխատի հանգույցը՝ Սարսանգը էներգաարտադրության մասով իր այսօրվա դերը չէր ունենա,- վստահեցնում է ՙՎոթեր փրոջեքտ՚ ՍՊԸ տնօրեն Հ. Հակոբյանը:- Արտադրության ծավալը ըստ էության չի փոխվի, պարզապես դա չի համընկնի այն պահի հետ, երբ պահանջարկն է շատ՚: Իր կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Արցախը չի կարող Սարսանգի կառավարման ռեժիմը փոխել: Մյուս կողմից, անգամ միակողմանի բարի կամք դրսեւորելու պարագայում Սարսանգից ոռոգման նպատակով բաց թողած ջուրն անհնար կլինի կառավարել, քանի որ հիմնական ենթակառուցվածքների զգալի մասը գտնվում են, այսպես ասած, չեզոք գոտում: Այնպես որ՝ առանց երկկողմ պայմանավորվածության դրանց օգտագործումը պարզապես անհնար է: Այստեղ, սակայն, վերապահում կա, հիշեցնում եւ ապագա ծրագրերն է մասամբ գաղտնազերծում Հ. Հակոբյանը. ՙԻհարկե, Ադրբեջանն ավելի շահագրգռված է: Նա չի կարող առանց ԼՂՀ հետ համագործակցելու օգտվել Թարթառի պաշարներից: Իսկ Արցախը կարող է, քանի որ գետը եւ Մատաղիսի ջրամբարը Արցախի տարածքում են: Եթե որոշակի ներդրում արվի, ապա հնարավոր է գետի ջրային ողջ պաշարներն օգտագործել եւ էլեկտրաէներգիայի արտադրության, եւ ոռոգման նպատակով՚: Դրան ուղղված ծրագիրն արդեն գաղափարից գործի վերածվելու ճանապարհին է:                                                                         
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ