[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԲԱՅՑ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ԵՎՍ ՔԻՉ ՉԵՆ

444.jpgՀունիսի 27-ին ԼՂՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)  և ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊՀ) համատեղ նիստը, որի ընթացքում ամփոփվեցին համագործակցության համաձայնագրի և համատեղ աշխատանքային ծրագրերի համաձայն 2010-2013թթ. իրականացված աշխատանքները։
Համատեղ նիստում նաև հաստատվեցին համագործակցության համաձայնագիրը և 2014թ. աշխատանքային ծրագիրը։ 
Դեռևս 2010թ. հոկտեմբերի 16-ին Արցախի և Հայաստանի վերոնշյալ համասեռ կառույցների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր երեք տարի ժամկետով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ, և ժամանակն էր, որ  հանձնաժողովները թարմացնեին այն։ Այդ նպատակն էր հետապնդում ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, հանձնաժողովի անդամ Կարինե Փոլադյանի, մեթոդաբանության և ռազմավարական ծրագրերի վարչության պետ Արման Մանասերյանի Արցախ կատարած այցը։
ԼՂՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը կարևորեց հայաստանյան գործընկերների հետ համագործակցությունը՝ նշելով, որ 2014թ. համատեղ աշխատանքային ծրագիրը նոր հիմքերի վրա կդնի այն։
Ողջույնի խոսքում Ա. Շաբոյանը նույնպես անդրադարձավ վերջին երկու-երեք տարիների համատեղ գործունեությանը՝ նկատելով, որ համագործակցության համաձայնագրի և համատեղ աշխատանքային ծրագրերի շրջանակներում բավականին աշխատանքներ են իրականացվել։  
ԼՂՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի անդամ Լիանա Ավանեսյանը հանգամանալից ներկայացրեց  2010-2013թթ. երկու հայկական հանրապետությունների համասեռ կառույցների կողմից  իրականացված աշխատանքները։ Նշված ժամանակաընթացքում մրցակցային քաղաքականության բնագավառում կատարվել  են փորձի փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, վարույթներ, դիտանցումներ, ինչպես նաև գործնական օժանդակություն մի շարք կարևոր ուղղություններով։ ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովի մասնագետների գործուն աջակցության շնորհիվ տեղի են ունեցել ԼՂՀ օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես փոփոխություններ և լրացումներ են իրականացվել ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚ ԼՂՀ օրենքում և ընդունվել տնտեսական մրցակցության բնագավառին առնչվող մի շարք կարգեր։ Հանձնաժողովների միջև կատարվել է փորձի փոխանակում՝ ուղղված առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ուսումնասիրությանը, այդ շուկաների կենտրոնացվածության աստիճանի որոշմանը, գերիշխող դիրքի առկայության բացահայտման մոտեցումների և մեթոդաբանությունների կիրառմանը։ ՀՀ գործընկերներն ու մասնագետները Ստեփանակերտում կազմակերպել են սեմինարներ՝ տարբեր մրցակցային թեմաներով, տվել պարզաբանումներ կիրառվող կարգերի և հաստատված որոշումների վերաբերյալ, օժանդակել  ընթացիկ աշխատանքներին։ 
Գնագոյացման հարցերի ուսումնասիրության նպատակով երկու հանձնաժողովներում ստեղծվել են աշխատանքային խմբեր։ Հանձնաժողովների նախագահներին ներկայացվել է գործունեության ծրագիր՝ առաջնահերթության կարգով ՙԱլյուր՚, ՙՀաց՚, ՙՀացամթերք՚, ՙՄիս՚, ՙՄսամթերք՚, ՙԿարագ՚, ՙՄակարոնեղեն՚, ՙՇաքարավազ՚, ՙԸնդեղեն՚, ՙՁավարեղեն՚ ապրանքային շուկաներում գնագոյացման ընթացքը պարզելու մասին։ 
Հանձնաժողովները համատեղ աշխատանքներ են իրականացրել անբարեխիղճ մրցակցության դրսևորումների հայտնաբերման, դրանց դանդաղեցման և հետագայում բացառելու ուղղությամբ։ Ըստ այդմ, ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա, ԼՂՀ-ում գործող ՙՄԳԱ-Վոթըր-Ա՚ ՍՊԸ նկատմամբ 2012թ. մայիսին հարուցվել է վարչական վարույթ։ Արդյունքում ընկերությանը տրվել է նախազգուշացում՝ խախտումները սեղմ ժամկետում շտկելու հանձնարարականով։ Իսկ ՙԿարագ՚, ՙՍփրեդ՚ ապրանքային շուկաների ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ տվյալ ապրանքատեսակների իրացմամբ ՀՀ-ում ընդգրկված են նաև ԼՂՀ-ում հաշվառված տնտեսավարող սուբյեկտներ։ 
Նշված ժամանակահատվածում հայաստանյան շուկայում ի հայտ եկած կեղծ ՙՌեդդի՚ անվանումով բուսական յուղի շրջանառության վերաբերյալ ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովից ստացված տեղեկությունների փոխանակման և ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցումների շնորհիվ հաջողվել է կանխել նշված կեղծ ապրանքատեսակի շրջանառությունը ԼՂՀ-ում։ 
Բացի այդ, արցախյան կառույցի կողմից իրականացվել են հացի, ցորենի, ալյուրի, դեղերի և կաթնամթերքի շրջանառության ոլորտների և այլ ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում բացահայտվել են գերիշխող դիրքի չարաշահումներ, մասնավորապես՝ չհիմնավորված գների կիրառում։ Ուսումնասիրությունների արդյունքում զսպվել են մի շարք ապրանքատեսակների գներ, իսկ որոշ դեպքերում էլ դրանք էական իջեցվել են։ 
Ընդհանուր առմամբ, համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել հանձնաժողովների նախագահների, անդամների և աշխատակազմերի 38 գործնական այցելություններ։
ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովը նաև տեխնիկական աջակցություն է ցուցաբերել արցախյան գործընկեր կառույցին՝ տրամադրելով 12 համակարգիչ, վերանորոգել է համակարգչային կաբինետը։ Իր հերթին ԼՂՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովը համակարգիչներից հնգական տրամադրել է Ասկերանի շրջանի Աստղաշեն և Պատարա գյուղերի դպրոցներին՝ համակարգչային դասարանների տեխնիկական  հագեցածությունն ապահովելու համար։ 
Կատարված աշխատանքները շատ են, բայց անելիքները ևս քիչ չեն։ ՙԱնշուշտ, մենք չենք բավարարվում այսքանով,- ասաց Ա. Շաբոյանը։- Զարգացման ուղիներ և հնարավորություններ շատ կան։ Այն ամենը, ինչ ունեցել ենք և ձեռք ենք բերել համագործակցության ընթացքում՝ կպահպանենք՝՝ դրանց ավելացնելով նորը։ Վստահեցնում եմ, որ մեր կողմից աջակցությունը լինելու է մշտական, և մենք պարտավոր ենք էլ ավելի խորացնել ու ակտիվացնել համագործակցությունը՚։   
Ա. Շաբոյանի խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի, Արցախում դատական բողոքարկումները շատ քիչ են, ուստի իրավական կարողությունների զարգացման նպատակով առաջարկեց իրավաբաններ գործուղել՝  ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատողների հետ դատական գործընթացներին մասնակցելու համար։ 
Հայաստանյան գործընկերները համոզված են, որ հաճախ տնտեսավարողների թույլ տված խախտումներն օրենսդրության պահանջների չիմացության հետևանք են։ Նրանց իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀՀ  ՏՄՊՊ հանձնաժողովը փորձում է ակտիվացնել բիզնեսի հետ կապերը և խորհուրդ է տալիս նման հանդիպումներ կազմակերպել նաև Արցախում։ 
Քննարկված հարցերն ու առաջարկությունները, նախանշված անելիքները ներառվեցին 2014թ. համատեղ աշխատանքային ծրագրում, որը հաստատվեց հանձնաժողովների նախագահների կողմից։ 
Համատեղ նիստում քննարկվեցին նաև այլ հարցեր։ ԼՂՀ  ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժինն իրազեկեց, որ ՙՎիաջո՚ ՍՊԸ կառավարման ներքո գտնվող խանութներն այժմ գտնվում են ՙԱնար՚ ՍՊԸ-ի ենթակայության տակ։ Հանձնաժողովի կողմից այդ առևտրային ցանցը համարվեց գերիշխող դիրք ունեցող։ 
Իրավաբանական և վարչական վարույթի բաժնի տեղեկատվությամբ՝ օրենքի խախտման համար հանձնաժողովը ՙՄայակ՚ ՍՊԸ-ի և ՙԱրթուր Պողոսյան՚ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց՝ տուգանելով նրանց 100 000-ական դրամի չափով։ 
Շուրջ մեկ ամիս է՝ ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովում գործում է թեժ գիծ։ Լ. Մնացականյանի կարծիքով՝ հանձնաժողովի աշխատանքներին կարող են նպաստել ինչպես սպառողները, այնպես էլ տնտեսավարողները՝ ներկայացնելով իրենց բողոքներն ու առաջարկությունները։      
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ