[ARM]     [RUS]     [ENG]

ՙՕՊԵՐԱՏԻՎ ՇՏԱԲԻ ՆՊԱՏԱԿԸ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ ԱՆՎՏԱՆԳ ՈՒ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ Է՚

ՙnaxarar1_300x199.jpgԱզատ Արցախ՚ թերթի հարցազրույցը ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  հետ 
-Պարոն նախարար, հանրապետության տարածքում մեկնարկել է բերքահավաքը, ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ է արվել այս պահի դրությամբ:
- Այո, բերքահավաքն արդեն ընթացքի մեջ է, և հունիսի 23-ի դրությամբ հնձվել է  շուրջ 16984  հա տարածք: Համախառն բերքը կազմել է 16539,8 տ:
 Հեկտարի միջին բերքատվությունը կազմում է շուրջ 9,7ց: Հնձված հողատարածքներից  5501 հեկտարը ցորենի դաշտեր են, մնացածը` գարու: Ցորենի միջին բերքատվությունը կազմում է 12,5 ց, գարունը` 8,4ց: Բերքատվության նման ցածր մակարդակը պայմանավորված է  տևական  երաշտով և կարկտահարությամբ: 
- Կարկտահարված, վնասված այլ տարածքների վերաբերյալ կա՞ն կոնկրետ տվյալներ: Փոխհատուցում ստանալո՞ւ են տուժած հողօգտագործողները և ին՞չ չափով:
- Այս տարի բնական աղետներն անընդհատ և շարունակական էին, և վնասի չափերը միանգամից ճշտելը հնարավոր չէր: Այդ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Կան տարածքներ, որոնք տուժել են երաշտից, և կան տարածքներ, որոնք տուժել են կարկտահարությունից: Բնականաբար, տուժած հողօգտագործողներին կցուցաբերվի աջակցություն: Ձևավորվել է համապատասխան հանձնաժողով, որը հարցն ուսումնասիրելուց  հետո կառավարությանը կներկայացնի  առաջարկություն` հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու համար:
- Ամեն տարի խոսվում է հողօգտագործողների կողմից հողի մշակման ագրոկանոնների խախտման, ամուլ հողատարածքների մասին, ինչը նաև մշակվող հողերի` կրծողներով, հիվանդություններով վարակման պատճառ է դառնում և  բացասաբար է անդրադառնում ընդհանուր ցուցանիշներին: Ինչպիսի՞ն է վիճակն այդ առումով:
- Պետք է նշել, որ հողերի սեփականաշնորհման արդյունքում առաջացել է հողատեսքերի ընդգծված մասնատվածություն, և շատ հաճախ փոքր հողակտորները չեն մշակվում այն պատճառով, որ դրանց` ագրոկաննոներին համապատասխան մշակումը նպատակահարմար չէ եկամտաբերության առումով: Արդյունքում հողաֆոնդի մի մասը մնում է անմշակ: Ինչ վերաբերում է ագրոկանոններին, ապա մեր մասնագետների կողմից պարբերաբար տեղերում անց են կացվում սեմինար-խորհրդակցություններ աշնանացանի և գարնանացանի ճիշտ մշակության թեմայով: Նաև` ագրոկանոններին համապատասխան մշակության համար, վերջին տարիներին մշտապես հանրապետություն են ներկրվում և մատչելի պայմաններով հողօգտագործողներին տրամադրվում որակյալ սերմացու և հանքային տարբեր պարարտանյութեր (ազոտական, ֆոսֆորական, կալիումական), հերբիցիդներ և այլ թունաքիմիկատներ, ինչպես նաև հատկացվում են ֆինանսական միջոցներ` մկնանման կրծողների դեմ պայքարն իրականացնելու համար: Կոնկրետ 2014 թվականի բերքի տակ առայսօր կատարվել են հետևյալ աշխատանքները. 7970 հա-ի վրա՝ մոլախոտերի դեմ պայքար, 15295 հա-ի վրա` ընդհանուր պարարտացում և սնուցում, 5060 հա-ի վրա` ոռոգում և ավելի քան 43630 հա-ի վրա` հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար:
- Կա՞ բավարար մեքենատրակտորային համակազմ բերքահավաքի լիարժեք կազմակերպման համար:
- Բնականաբար, կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, ներկայումս հնձի աշխատանքներին ներգրավված է 170 կոմբայն: Նրանց սարքինության հետ կապված խնդիրներ ծագում են, որոնք օպերատիվ կերպով ստանում են իրենց լուծումը: Բերքահավաքին ներգրավվող կոմբայնավարների կողմից շրջվարչակազմերի միջոցով ներկայացվել են կոմբայնների վերանորոգման համար ֆինանսական միջոցների տրամադրման հայտեր`  ընդհանուր առմամբ 32 մլն 150 հազ. դրամ, ինչը բավարարվել է: Գյուղտեխնիկայի առկա պարկի միջոցներով մենք կարող ենք բերքահավաքն ավարտել ագրոտեխնիկական ժամկետներին համապատասխան:
- Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս ստեղծվել է բերքահավաքի արդյունավետ կազմակերպման օպերատիվ շտաբ: Ո՞ր գերատեսչություններն են ընդգրկված  նրա կազմում և որո՞նք են նրա գործառույթները:
- Նախ նշենք, որ բերքահավաքը, առավել ևս` սննդի հարցում ինքնաբավության ապահովման կարևորագույն տարր հանդիսացող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն միջոցառում է, որը միշտ եղել է ուշադրության կենտրոնում: Հետևաբար և ցանքսից մինչև բերքահավաքն ընկած ողջ ժամանակահատվածում իրականացվում են բազմաթիվ և բազմաբնույթ  միջոցառումներ և  գործառույթներ: Այնուհետև բուն բերքահավաքից առաջ ձևավորվում է օպերատիվ շտաբ`  գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ: 
Շտաբում ընդգրկված են բոլոր շահագրգիռ պետական գերատեսչությունները` ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունը, ԼՂՀ ոստիկանությունը, Առողջապահության նախարարությունը, Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը և մեր բոլոր վարչական շրջանների համապատասխան ներկայացուցիչները: Օպերատիվ շտաբի գործառույթներն ու նպատակը բերքահավաքն անվտանգ ու անկորուստ կազմակերպելն է, ինչպես նաև տեղում առաջացած խնդիրներին օպերատիվ լուծում տալը: Հավելեմ նաև, որ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով հակահրդեհային միջոցառումների իրականացման համար հատկացվել է ավելի քան 27,5 մլն դրամ:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ