[ARM]     [RUS]     [ENG]

ՀՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Շրջանում շարունակվում է աշնանացան հացահատիկայինների հունձը: Չնայած տարին անբարենպաստ է, որը պայմանավորված է երկարատև երաշտով, այնուհետև տեղացած կարկուտով, բայց և այնպես, միջոցներ են ձեռնարկվում գոնե եղած բերքն անկորուստ հավաքելու համար:  
Ինչպես տեղակացրեց Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը, գործող  հանձնաժողովն ստուգել է կարկտից տուժած տարածքները: Ներկայացված տվյալների համաձայն՝ շրջանի Ազոխ, Ակնաղբյուր, Տող, Տումի, Ջրակուս, Ուխտաձոր, Քյուրաթաղ, Հարթաշեն, Մեծ Թաղեր համայնքների սեփականաշնորհված և վարձակալված վարելահողերում 352 հա աշնանացան ցորենի տարածքներ կարկտից տուժել են մինչև 50%, 47,4 հա-ն՝ 50-80%, իսկ 323,4 հա-ն` 80-100%: Պետական  պահուստային վարելահողերում 200հա հացահատիկայիններ տուժել են 80-100%-ով: Բացի կարկտից տուժած տարածքների, երաշտի հետևանքով հունձ չի կատարվի շուրջ 1200հա ցորենի դաշտերում: Գարու ցանքատարածքներում մինչև 50տոկոս տուժել է 42հա տարածք, իսկ 170հա տուժել է 80-100%-ով: Պետական պահուստային վարելահողերում 400հա գարու դաշտեր տուժել են 80-100%-ով: Ընդհանուր առմամբ՝ շրջանում կարկտից տուժել են շուրջ 1600հա հացահատիկայիններ,  գարնանացան ցանքսեր, տնկիներ, պտղատու և խաղողի այգիներ:
Կարկտից տուժած հողօգտագործողներին աջակցելու նպատակով ԼՂՀ կառավարությունն  օգնություն է ցուցաբերում` յուրաքանչյուր բնակչին հատկացնելով 100կգ գարի: Քյուրաթաղ, Ջրակուս, Ուխտաձոր, Հարթաշեն, Ակնաղբյուր համայնքների բնակիչներին հատկացվել է մոտ 125 տոննա գարի:
2014թ. հունիսի 30-ի դրությամբ՝ շրջանում կատարվել է շուրջ 6516հա հունձ, որից ցորեն՝ 2240, գարի` 4276հա: Ստացվել է մոտ 5149տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 7 ցենտներ: Բերքահավաքին մասնակցում են 48 կոմբայն, բավարար քանակի փոխադրամիջոցներ: Եթե հարթավայրային գոտում միջին բերքատվությունը տատանվում է 5-8 ցենտների սահմաններում, ապա գյուղամերձ սեփականաշնորհված և վարձակալված տարածքներում այն հասնում է մինչև 10 ցենտների: Բերքահավաքի հետ մեկտեղ  շրջանի համայնքներում իրականացվում են նաև կերակուտակման աշխատանքներ, ինչը կարևոր պայման է անասնաբուծության հետագա զարգացման և անասնապահական մթերքների արտադրության ավելացման համար: Մամլվել և կուտակվել են մոտ 80 տոննա  ծղոտ և խոտ:
Ընթացիկ բերքահավաքն անկորուստ անցկացնելու և հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով հացահատիկային տարածքներին կից հերթապահություն է սահմանված. այն կրում է շուրջօրյա բնույթ։
Շրջանում բերքահավաքի և կերակուտակման աշխատանքները շարունակվում են:
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ