[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ՝ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐ

Շրջանային խորհրդի նիստում քննարկվեցին ՙԲերքահավաքի ընթացքը շրջանում՚, ՙՀադրութի շրջանի հանրակրթական դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա նախապատրաստման` դպրոցներում իրականացվելիք ընթացիկ վերանորոգման աշխատանքների մասին՚, ՙՇրջանում բնակչության ջրամատակարարման բարելավման և ջրահեռացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՚ հարցերը:
Աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2014թ. հունիսի 30-ի դրությամբ շրջանում հնձվել են  6516հա աշնանացան արտեր (2240հա ցորեն, 4276հա գարի): Ստացվել է 5149 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել  7 ցենտներ: Կարկտից տուժած 1100 հեկտարի վրա հունձ չի կատարվի, որից 530հա՝ ցորեն, 570 հա` գարի, իսկ պետական պահուստային  ֆոնդի վարելահողերում հունձ չի կատարվի  շուրջ 800 հեկտարի վրա: Բացի դրանից, երաշտի պատճառով տուժած տարածքների մոտ 2000հա կատարված հնձից   ստացված բերքը կտատանվի  3-7 ցենտների միջակայքում: 
Բաժնի վարիչն իրազեկեց, որ համայնքային վարելահողերում բերքահավաքի ավարտից անմիջապես հետո անհրաժեշտ է իրականացնել երեսվար, որին կաջակցի ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը` 1 հեկտարի հաշվով տրամադրելով  60 լիտր դիզվառելիք։  Նա համայնքների ղեկավարներին հորդորեց  ժամանակին ներկայացնել հայտերը: 
Օրակարգային երկրորդ հարցի առթիվ հանդես եկավ կրթության շրջանային բաժնի վարիչ Էդիկ Պետրոսյանը: Նրա տեղեկատվությամբ՝ 2014-2015 ուս. տարվա հանրակրթական դպրոցների նախապատրաստման, ընթացիկ վերանորոգումների համար  հատկացվել է 8600 հազար դրամ, որից 6020 հազար դրամը կտրամադրվի շինանյութեր  ձեռք բերելու համար: Հանրակրթական բոլոր դպրոցներում՝ ներքին հարդարման, իսկ Քյուրաթաղի, Մարիամաձորի դպրոցներում կկատարվեն հատակի փոխման աշխատանքներ:  Ձմռանը պատշաճ նախապատրաստվելու համար Հակակվի, Քյուրաթաղի, Առաջամուղի, Բանաձորի, Արևշատի և Առաքելի դպրոցների կաթսայատները պետք է վերանորոգվեն, կաթսաները մաքրվեն: Շրջանի դպրոցներին կտրամադրվի 1395խոր. մետր վառելափայտ: Ըստ բաժնի վարիչի՝ նշված քանակության վառելափայտի կեսն արդեն տեղափոխված է դպրոցներ: Վառելափայտի մթերումն ընթացքի մեջ է: Դպրոցները ստացել են մոտ 10մլն դրամի գույք և սարքավորումներ, առաջիկայում  կստանան 5մլն դրամի գույք ևս։ 
Հարցի առթիվ իր դիտարկումներն արեց շրջվարչակազմի ղեկավար Վ. Գևորգյանը: Նա դպրոցների ընթացիկ վերանորոգման աշխատանքների ժամանակին կատարումը համարեց անհրաժեշտություն: Միաժամանակ կրթության բաժնի վարիչի ուշադրությունը հրավիրվեց կաթսայատների վերանորոգման  վրա: 
Օրակարգի  հերթական հարցը  ներկայացրեց աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ, գլխավոր ճարտարապետ Արծվիկ Մայիլյանը։ Բաժնի վարիչը նշեց, որ պետական բյուջեի և ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում է շրջկենտրոնի ներքին ջրատար ցանցը, աշխատանքներ են տարվում Դրախտիկ, Թաղուտ, Տող գյուղերում: Ակնաղբյուրում շահագործման է հանձնվել նոր ջրամատակարարման համակարգ: Արտեզյան ջրհորեր են փորվել Ակնաղբյուր, Արևշատ, Բանաձոր, Հարթաշեն, Մարիամաձոր, Ջրակուս, Քյուրաթաղ գյուղերում, իսկ Ծակուռի և Ուխտաձոր գյուղերում արտեզյան ջրհորերի փորման աշխատանքներն ընթացքի մեջ են: Խոսք բացվեց նաև ջրահեռացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ջրահեռացման ցանց կա միայն Հադրութ քաղաքում, որը կապիտալ վերանորոգման խիստ կարիք ունի: 
Շրջանում գործում է ՙՋրամատակարարում և ջրահեռացում՚ ՓԲԸ¬ի Հադրութի տեղամասը, որը սպասարկում  է շրջկենտրոնը, Մեծ Թաղեր, Ազոխ, Դրախտիկ, Հարթաշեն, Ջրակուս, Նորաշեն գյուղերը:  Տեղամասն իր աշխատանքները ևս մեծ դժվարություններով է իրականացնում: Էքսկավատորի, զոդման սարքի և այլ տեխնիկական հնարավորությունների բացակայությունը դժվարություններ է առաջացնում ընթացիկ աշխատանքներում: Հարցի առթիվ իրենց մտահոգություններն արտահայտեցին Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանը, Տումու, Մեծ Թաղերի համայնքների ղեկավարներ Էդիկ Մոսիյանը, Վլադիկ Դանիելյանը։
Նիստի աշխատանքներն ամփոփեց շրջվարչակազմի  ղեկավար Վալերի Գևորգյանը: 
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ