[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ

IMG_0319.jpgԱրդեն ավելի քան երկու ամիս է, ինչ Քաշաթաղի շրջկենտրոնում գործում է ՙԲերձոր՚ անունը կրող մեխանիկական տեղամասը (տնօրեն՝ Հ. Մաթիլյան): Երկար տարիներ պարապուրդի մատնված մի շենքի առաջին հարկը վարձակալել է կանադահայ, երևանաբնակ, ՙՀարվալ մաշինըրի՚ ՍՊԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Խարչաֆջյանը, հատկացրել է տարբեր հաստոցներ՝ խառատային, ֆրեզերային, տաշող, գայլիկոնային, հղկող և այլն: 
Դեռևս 2012թ. աշնանը Գևորգը ժամանել է Բերձոր. իր հետ բերել էր ՙՕգնիր եղբորդ՚ քաղաքացիական նախաձեռնության օգնությունը սիրիահայերին՝ բնակիչների թվով արկղեր: Կայացել է  հանդիպում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և շրջանում գործող ՙՍյունիք՚ ՀԷԿ-երի տնօրեն Հակոբ Մաթիլյանի հետ: Որոշվել է, որ ՙՀարվալ մաշինըրի՚ ՍՊԸ-ն ներդրումներ կատարի Քաշաթաղի շրջանում՝ բացելով աշխատատեղեր: Ընտրվել է տարածք, և ահա սկսել է գործել արտադրամասը, որը շատ կարևոր դեր կունենա շրջանում՝ հատկապես գյուղատնտեսության բնագավառում: 
Այցելելով տեղամաս՝ ծանոթացանք կատարված աշխատանքներին: Պատասխանատու, սիրիահայ Վարդան Պողոսը տեղեկացրեց, որ այստեղ իրագործվում են մետաղամշակման տարբեր աշխատանքներ՝ պատրաստվելու և նորոգվելու են գյուղատնտեսական մեքենաների, հէկերի սարքավորումների և այլ մեխանիզմների մասեր, ծառայություն է մատուցվում ազգաբնակչությանը:  Կարևորվեց նաև այն, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի կենտրոնում գտնվելով՝ կարող է օգտակար լինել նաև ճամփորդների համար:
 Առայժմ տեղամասում աշխատում է մեկ վարպետ՝ Հենրիկ Մկրտչյանը: Գոհ է աշխատանքից. հաստոցները գտնվում են սարքին վիճակում, գործիքների պակաս նույնպես չկա: Մնում է աշխատանքի պահանջարկը մեծանա, և նոր աշխատատեղեր կբացվեն: Արդեն մեկ աշակերտ ունի վարպետը. սիրիահայ Ջալալ Մելիքը ցանկանում է դառնալ խառատ Վ. Պողոսն ավելացրեց, որ կա ծրագիր մեծացնել տեղամասը, նոր հաստոցներ տեղադրել, որպեսզի կարողանան տարբեր աշխատանքներ իրականացնել: Աշխատանքներ են տարվում նաև տարածքի ջեռուցման և բարեկարգման հարցերը վերջնական լուծելու համար: 
Հուսանք՝ այս տեղամասը ժամանակին կդառնա և՜ աշխատատեղ բերձորցի երիտասարդների համար, և՜ իր ծառայությունը կմատուցի շրջանի ազգաբնակչությանը, հյուրերին: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր