[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԹԱՆԿԱՑԱՎ, ԳԱԶԸ ԷԺԱՆԱՑԱՎ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ

gazik.jpgՀուլիսի 11-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում սահմանվեցին սպառողներին վաճառվող  էլեկտրաէներգիայի և բնական գազի նոր սակագներ:
Օգոստոսի 10-ից ՙԱրցախէներգո՚- ՓԲԸ-ն էլեկտրաէներգիան սպառողներին կվաճառի հետևյալ սակագներով.35կՎ և բարձր ու 6/10/կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 32,85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար` ա/ցերեկային սակագին` 41,85 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, բ/ գիշերային սակագին` 36, 85 դրամ/կՎտժ` ներառյալ ԱԱՀ-ն: Գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառք սարքի առկայության դեպքում:
ԼՂՀ ՀԾՏՄԿՊՀ նախագահ Լևոն Մնացականյանի խոսքով՝ կառավարությունը սուբսիդավորելու է բնակչության սպառած էլեկտրաէներգիայի սակագնի տարբերությունը: Եվ փաստորեն բնակչության վրա չի տարածվում էլեկտրաէներգիայի թանկացումը, այլ միայն` տնտեսավարող սուբյեկտների, քաղաքացիները կշարունակեն մեկ կՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարել 25 դրամ։ 
Հանձնաժողովը բավարարեց ՙԱրցախ ՀԷԿ՚ ԲԲԸ-ի հայտը ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման մասին։ Հանձնաժողովը որոշեց ՙԱրցախ ՀԷԿ՚-ի կողմից առաքվող էլետրաէներգիայի սակագինը սահմանել  17,5 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 21 դրամ/ կՎտժ` ներառյալ ԱԱՀ-ն` գործող 16, 375 դրամ/կՎտԺ-ի փոխարեն: 
Ի՞նչն է հիմք հանդիսացել բարձրացնելու  ՙԱրցախ ՀԷԿ՚-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը լրագրողի հարցին ընկերության արտադրական վարչության պետ  Ս. Գաբրիելյանը  հետևյալ  պարզաբանումը տվեց. 2008-ից, երբ ստեղծվեց ՙԱրցախ ՀԷԿ՚-ը,   կար միայն Սարսանգի հիդրոէլեկտրակայանը` կառուցված 1977թ.: ԼՂՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի առաջին փուլը նախատեսում էր հինգ նոր հիդրոէլեկտրակայանների կառուցում: Չորսն արդեն կառուցվել է, հինգերորդը կկառուցվի մինչև տարեվերջ: Դրա արդյունքում Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը  100 մլն կԿտժ-ից հասցվել է 170մլն կՎտժ-ի: Պետությունն անցած 6 տարիների ընթացքում ոչ մի լումա չի ներդրել նոր կառուցվող կայանների համար, կառուցվել են հիմնականում բաժնետերերի հաշվին: Նրանց  մոտ շահագրգռություն պիտի առաջացնել ներդրումներ կատարելու համար: Կառավարության նպատակն է Արցախն էլեկտրաէներգիա ներկրող երկրից դարձնել էլեկտրաէներգիա արտադրող երկիր: Այդ կայանների կառուցմանը զուգահեռ իրականացվել են ուսումնասիրություններ. Շահումյանի շրջանից մինչև Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ կա 26 նոր հիդրոէլեկտրակայանի շինարարության հնարավորություն` 78 մՎտ հզորությամբ, ավելի քան 400մլն կՎտժ տարեկան արտադրողականությամբ, որոնք հիմնականում ՙԱրցախ ՀԷԿ՚-ն է կառուցելու  և շահագրգռելու նոր ներդրողների: Սարսանգի հիդրոկայանի վրա վերջին 7 տարիներին աշխատավարձից բացի հնարավորություն չեն ունեցել ներդրումներ  կատարել: Իսկ այդտեղ պետք է կառուցվի  ենթակայան: Դեռ ավելին` տեղադրվի երկրորդ տրանսֆորմատորը: Բոլորս էլ ականատես ենք լինում, որ երբ հոսանքը Հայաստանից անջատվում է, լարման տատանումները, անջատումները և այլն ինչպես են ազդում էներգամատակարարման վրա: Դրա պատճառն այն է,  որ Սարսանգի հիդրոէլեկտրակայանի ագրեգատները արդիականացման մեծ կարիք ունեն: Ս. Գաբրիելյանի հավաստմամբ՝ ծախսերը  մեծ մասամբ   ՙԱրցախ ՀԷԿ՚¬ի եկամուտների հաշվին են կատարվում։ Կայաններն ավելանում են, ծախսերն էլ հետը, աշխատողների քանակը 40-ից հասել է 200-ի, կայանների քանակը` 
6-ի:  Ծախսերի մի մասն էլ  գնում է վարկերի մարմանը:
Հանձնաժողովի որոշմամբ՝ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի  սակագինը չի թանկացել: Բայց թանկացել է  տնտեսավարող սուբյեկտներին առաքվող էլեկտրաէներգիայի գինը: Արդյոք՞ հաց, կաթնամթերք և այլ ապրանքատեսակներ արտադրող կազմակերպությունները չեն թանկացնի իրենց ապրանքների գինը` ելնելով էլեկտրաէներգիայի թանկացումից, հանձնաժողովը ի զորու կլի՞նի վերահսկել դաշտը: 
Լրագրողների այս հարցադրմանը հանձնաժողովի  նախագահ Լ. Մնացականյանը պատասխանեց, որ կվերահսկեն իրենց վերապահված դաշտը: Ապրանքների գնագոյացման մեջ,  մասնավորապես հացի, կաթնամթերքի ինքնարժեքում էլեկտրաէներգիայի բաժինը չնչին է և ոչ մի արտադրող ապրանքատեսակի թանկացումը չպիտի կապի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: 
 Տնտեսավարող սուբյեկտները եթե որոշ չափով տուժում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից, ապա հանձնաժողովի հաջորդ որոշումը նրանց օգտին էր: Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերանայել է ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող   բնական գազի սակագները և սահմանել հետևյալը. 
ամսական մինչև 10 հազար  խոր. մ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար  խոր. մ բնական գազի սակագինը 276 դոլարին համարժեք դրամ է, այն նվազել է մոտ 13, 2 դոլարով (4,5տոկոս):  Լրագրողի հարցին` ի՞նչն է հիմք հանդիսացել գազի սակագնի նվազման համար, Լ. Մնացականյանը պատասխանեց.  գազի սպառման աճ է գրանցվել, որը հնարավորություն է տվել այդ քայլին գնալ և հավասարեցնել ՀՀ-ում գործող  սակագներին: Այսպիսով, հանձնաժողովն ինչ-որ չափով հավասարակշռել է տնտեսավարող կազմակերպությունների սպառած էլեկտրաէներգիայի և բնական  գազի սակագները:
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ