Logo
Print this page

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱՑԹՈՂՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԻՉ ԼԻՆԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

01.jpgԱյնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կասկածանքով ենք նայում ցանկացած սննդի, հատկապես` կաթնամթերքի ու մսամթերքի։ Վերահսկման և որակի ստուգման պետական ամենօրյա և հետևողական աշխատանքի բացակայությունը տեղիք է տալիս և՜ խոսակցության, և՜ անհանգստության: Առավելապես այն արտահայտվում է  անասնամթերքի առք ու վաճառքում: 
Պարբերաբար ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) հիվանդություններից վարակվելու վախը ստիպում է զգուշանալ: 
Անասնամթերքի մաքուր և անվնաս լինելու հարցում կարևորագույն դերակատարություն ունի շրջանի անասնաբուժական ծառայությունը: ՙՄարտունու  անասնաբուժական  սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ մեր զրույցը նպատակ ունի ներկայացնել ծառայության կողմից իրականացվող աշխատանքները և պարզել, թե որքանով կարող ենք մեզ ապահով զգալ տեղական անասնամթերք ձեռք բերելու ժամանակ:
-Գաղտնիք չէ, որ պարբերաբար խոսակցություններ են գնում տարբեր ենթաշրջաններում այս կամ այն հիվանդության ի հայտ գալու վերաբերյալ, ինչն էլ լուրջ անհանգստություն է առաջացնում սպառողի մոտ: Մեր բնակչությունն ինչքանո՞վ կարող է ապահով զգալ իրեն` գնելով մսամթերք և կաթնամթերք:
- Շրջանի անասնաբուժական ծառայությունը բավականին լուրջ աշխատանք է տանում  համայնքներում գյուղկենդանիների և թռչունների  հիվանդությունների ախտորոշման, կանխման և վերացման, առանձնապես մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից զերծ պահելու,  բուժսանիտարական տեսակետից բարձրորակ մթերքներ  ապահովելու  ուղղությամբ: Մեծ ջանքեր ենք գործադրում շրջանի որոշ համայնքներում երևան հանված բրուցելյոզ հիվանդության վերացման համար: Նշեմ, որ միաժամանակ լուրջ աշխատանք է տարվել շրջանի որոշ համայնքներում խոզերի  աֆրիկյան ժանտախտ հիվանդության տարածումը կանխելու համար:
Շրջանում 2013թ. սպանդի և մսի առաքման նպատակով տրվել է 1450  անասնաբուժական տեղեկանք, որից Մարտունի քաղաքում` 130 հատ, որոնք  տրվել են մսի պիտանիության համար լաբորատոր քննություն կատարելուց հետո: Նախորդ տարիների համեմատությամբ պակասել է հարկադիր մորթը: Վերացվել են  մի շարք ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդություններ: Վստահեցնում եմ, որ մեր կողմից ամեն ինչ արվում է բնակչությանն առաքվող մթերքի որակն ու անվտանգությունն ապահովելու համար:
- Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են տարվում:
- Բրուցելյոզ հիվանդության վերացման և նրա տարածումը կանխելու նպատակով անապահով համայնքներում, շրջվարչակազմի ղեկավարի կարգադրությամբ, սահմանվում է կարանտին, կատարվում գլխաքանակի նկատմամբ ամենամսյա    արյան քննություն, հիվանդ գլխաքանակն առանձնացվում է և ենթարկվում  սպանդի, կատարվում է շենքերի ախտահանություն ֆորմալինի, քլորակրի և կաուստիկ   սոդայի լուծույթներով:
Շրջանում բրուցելյոզ հիվանդության վերացման համար պայքարի միջոցառում է հանդիսանում գլխաքանակի պահվածքն ըստ սեռահասակային խմբերի: Այսօրվա   դրությամբ մի քանի համայնքներում դեռ շարունակվում է արյան քննությունը:
Տարեվերջին կատարվում է գլխաքանակի հաշվառում, որի հիման վրա կազմվում է   անհրաժեշտ պատվաստանյութերի պատվեր, որը տրամադրվում է անվճար, պետպատվերի շրջանակներում` գյուղնախարարության անասնապահական-անասնաբուժական տեսչության կողմից, գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ  պատվաստումներ կատարելու համար:
Պլանով, ըստ անասնագլխաքանակի, համայնքներին ենք ներկայացնում տարվա ընթացքում կատարվելիք միջոցառումների ցանկը, որի իրագործումը խիստ  պարտադիր է, քանի որ չկատարելու դեպքում կարող է հիվանդությունների  առաջացման և տարածման պատճառ հանդիսանալ, ինչն էլ կբերի տնտեսական և սոցիալական լուրջ կորուստների:
Անասնաբուծությանը մեծ վնաս են պատճառում  ինֆեկցիոն մի շարք  հիվանդություններ` սիբիրախտը, դաբաղը, տուբերկուլյոզը, բրուցելյոզը,  լեպտոսպիրոզը, կատաղությունը և այլն: Կազմակերպում և իրականացնում ենք  կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ   նախատեսված անասնաբուժական համապատասխան միջոցառումներ։ 2013-ին գյուղնախարարության կողմից մեզ է տրամադրվել 12177964 դրամի   պատվաստանյութ:  
Գործընթացը շարունակվում է նաև ընթացիկ տարում: Հատկացված պատվաստանյութերը  սրսկվում են  նպատակային: Նշեմ նաև, որ կենդանիների մոտ վարակիչ հիվանդություների բռնկումներ վերջին շրջանում չեն գրանցվել:  
- Ինչպիսի՞ն է անասնագլխաքանակի վիճակը: Կա՞ աճի միտում:
- Լուրջ շարժ գլխաքանակի ավելացման առումով չկա, ինչն ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Կուզենայի նշել տարվա բերքատվության ցածր ցուցանիշը, խոտհարքներում խոտի բացակայությունն, ինչը, կարծում եմ, իր բացասական ազդեցությունը կունենա:
- Ծառայությունն ապահովվա՞ծ է մասնագետներով:
- Մարտունու  շրջանի  անասնաբուժական  ծառայությունը  ղեկավարվում  և  վերահսկվում  է  Մարտունու   անասնաբուժական    կայանի    կողմից:    Այսօրվա     դրությամբ շրջանի  անասնաբուժական   կայանում   կա   41   աշխատող,     որոնք սպասարկում են  շրջանի  36  համայնքներում  առկա  անասնագլխաքանակը: 7  հոգի իրականացնում  են պատվաստանյութերի  բաշխումը, ախտահանիչների առաքումը, Մարտունու և  շրջակա անասնապահական  ֆերմաներում  եղած  անասնագլխաքանակի  նկատմամբ  հակահամաճարակային  պատվաստումները:
Մասնագետներով ապահովված  ենք, բայց աշխատանքը բավականին ծանրաբեռնված ու դժվար է, ինչպես նաև պահանջում է հետևողականություն ու մասնագիտական գիտելիքների, հմտությունների ամենօրյա ավելացում: 
- Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում ծառայությունը:
- Պատվաստանյութերը   ստանում  ենք  մեր ներկայացրած  գլխաքանակի հիման վրա  և բաշխում  միջոցառումների  պլանին  համապատասխան: Գլխաքանակի վերաբերյալ ճիշտ տեղեկությունները   նպաստում են   բավարար քանակությամբ պատվաստանյութերի ստացմանը և միջոցառումների    անթերի կատարմանը: Ցավոք, միշտ չի հաջողվում ճիշտ գլխաքանակը ներկայացնել, ինչը  խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում: 
Մեր  պայմաններում շատ դժվար է իրականացվում  անասնաբուժական գործը: Չկան տիպային  ֆերմաներ, գլխաքանակը  պահվում  է խառը  սեռահասակային  խմբերով: Անասնատերերի մեծ մասը հրաժարվում է հակահամաճարակային միջոցառումներ կատարելուց: Համայնքներում չեն իրագործվում կարանտինային  սահմանափակումները` կապված խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության  հետ,  որը  հանդիսանում  է խոզաբուծության համար իրական  սպառնալիք,  հատկապես այն պատճառով, որ մինչ այժմ գոյություն  չունեն համապատասխան պատվաստանյութ և բուժում:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.