Logo
Print this page

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

555.jpgՄեր հանրապետությունում տարեցտարի ավելանում են կանոնավոր ջրամատակարարմամբ ապահովված համայնքները: Դրան զուգահեռ ավելի սուր է դրվում ունեցած պաշարներն արդյունավետ կառավարելու հրամայականը: ՙՋրամատակարարում եւ ջրահեռացում՚ ընկերությունը հիմնադրվել է՝ ունենալով հենց այդ խնդիրը: 
2009 թվականին, երբ հիմնադրվեց ընկերությունը, որը պետք է սպասարկեր համայնքների ջրամատակարարման-ջրահեռացման համակարգերը, գնահատականները տարբեր էին:
Շատ համայնքներում բացահայտ եւ կտրուկ դեմ էին արտահայտվում այդ հեռանկարին: Ընկերության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում փոխվել է տրամադրությունը: Այդ փոփոխությունն արտահայտվել է ընկերության կողմից սպասարկվող համայնքների ցանկում եւ բաժանորդների թվում: Ընկերության ներկայացուցիչը ձեռքբերումների շարքում բաժանորդների պարտաճանաչության մակարդակի բարելավումն է տեսնում: Ներկայումս ընկերության կողմից սպասարկվող համայնքներում գումարները գանձվում են երկու սկզբունքով: Որտեղ ջրաչափեր դեռ չկան՝ ըստ շնչի, մեկ շնչի հաշվով՝ 300 դրամ: Իսկ որտեղ ջրաչափեր արդեն տեղադրված են՝ բաժանորդը վճարում է սպառած ջրի հաշվարկով, մեկ խորանարդ մետր ջրի համար վճարելով 100 դրամ: Ներկայումս իրացված ջրի դիմաց վճարների հավաքագրումը տատանվում է 80-90 տոկոսի միջակայքում, մանրամասնում է  ՙՋրամատակարարում եւ ջրահեռացում՚ ՓԲԸ իրացման բաժնի պետ Սոնյա Աղաբաբյանը:
Անելիքների շարքում նաեւ ջրաչափերի տեղադրման ծրագրի շարունակումն է: Դա ոչ միայն ջրի դիմաց վճարումներն է ավելի իրատեսական հարթություն տեղափոխում, այլեւ նպաստում է, որ ջուրն անտեղի չվատնվի: Արդյունքում՝ մի շարք բնակավայրերում, որտեղ ջրաչափերի տեղադրման ծրագիրն ավարտվել է, արդեն կարողացել են անցնել շուրջօրյա ջրամատակարարման:
Այսօր ընկերությունը նաեւ դժվարություններ ունի: Դրանցից մեկն ընդհանուր է ընկերության՝  առանց բացառության բոլոր ստորաբաժանումների համար: Խոսքը տեխնիկական հագեցածության ցածր մակարդակի մասին է: Դա շեշտում են բոլոր տեղամասերի պատասխանատուները: Ունեցած խնդիրներով հատկապես Շուշիի տեղամասն է առանձնանում: Տեղամասն այսօր բերդաքաղաքում է աշխատում: Ջրամատակարարման խնդիրը Շուշիում կիսով չափ է կարգավորված: ՙՀամահայկական հիմնադրամի կողմից կատարված աշխատանքների շնորհիվ Շուշիի առաջին եւ երկրորդ գոտիներում շինարարական աշխատանքներն ավարտված են, եւ բնակչությունն ապահովված է մշտական ջրով: Իսկ երրորդ եւ չորրորդ գոտիներում, որոնք քաղաքի ներքեւի թաղամասերն են ընդգրկում, բնակչությանը ջուրը ժամային գրաֆիկով է մատակարարվում, բայց ամեն օր՚,- պարզաբանում է ընկերության Շուշիի տեղամասի պետ Ֆելիքս Հակոբյանը: Ջրամատակարարման հարցում հիմնական դժվարությունները հենց չբարեկարգված, հին հատվածում են: ՙՆերքեւի թաղամասերի այդ երկու գոտու ջրագծերը մոտ 50-60 տարվա պատմություն ունեն, խողովակները փտած, քայքայված են մոտ 90 տոկոսով: Այդ թաղամասերին տրվող ջրի կեսից ավելին պարզապես փողոցներով է հոսում՚,- իրավիճակը ներկայացնում է տեղամասի պետը եւ վստահեցնում. դրանում ոչ սպառողներն են մեղավոր եւ ոչ էլ ընկերության աշխատակիցները. այս վիճակում վթարներն անխուսափելի են: Տարվա ընթացքում Շուշիում 450-500 վթար է գրանցվում: Տեղամասի պետին ոչ թե վթարների մեծ թիվն է մտահոգում, այլ դրանց վերացման համար համապատասխան տեխնիկայի բացակայությունը: ՙՈչ թե համապատասխան, այլ պարզապես տեխնիկայի բացակայությունը՚,- ճշտում է Ֆելիքս Հակոբյանը: Վթարներ գրանցվում են քաղաքի գրեթե ողջ տարածքում: Փոխադրամիջոցի բացակայության պայմաններում ընկերության աշխատակիցներին մնում է մեկ ելք, մեղմ ասած համեստ գործիքները վերցնել եւ ոտքով գնալ քաղաքի մի ծայրից մյուսը: Այս հեռանկարը, բնականաբար, շատերին չի գրավում: Աշխատակիցների ներգրավումը հեշտ չէ, հատկապես  որ աշխատավարձն էլ շատ բարձր չէ եւ զիջում է միջին հանրապետականին: Վերջերս աշխատավարձերը բարձրացվել են, եւ այս խնդիրը մասամբ կարգավորվել է: 
Նախկինում ջրամատակարարման ցանցում էին վթարները շատ:  Այսօր մեծամասնությունը կապված է կոյուղագծերի հետ: Առավել հաճախ՝ բազմահարկ շենքերում: Այս հարցում տարաձայնություններ կան ՙՋրամատակարարում եւ ջրահեռացում՚ ընկերության Շուշիի տեղամասի եւ քաղաքապետարանի միջեւ. ով՝ ինչի համար է պատասխանտու: Հարցը դեռ բաց է մնում, չի թաքցնում Շուշիի տեղամասի պետը. ՙԲազմահարկ շենքերի կոյուղու կանգնակներում են հաճախակի վթարներ լինում: Արդեն 5 տարի այդ աշխատանքները մենք ենք կատարում, բայց, ըստ կարգի, դա քաղաքապետարանի իրավասության տակ պետք է լինի՚:
Շուշիի տեղամասի պետը մեկ այլ դժվարություն էլ է մատնանշում: Շուշին երեք ջրատար ունի՝ Թադեւոսի ջրատարը, որը գալիս է Լիսագորի տարածքից, Քիրսի ջրատարը եւ ՙԽանեն աղջիկ՚ ջրատարը: Այսօր քաղաքը ջուր է ստանում միայն Թադեւոսի ջրատարից՝ վայրկյանում 30-35 լիտր: Գլխավոր ջրատարներից մեկը՝ Քիրսի ջրատարը, բարեկարգելու խնդիր կա: ՙԱռայսօր ջրատարի վրա աշխատանքներ չենք կարողանում կատարել, քանի որ ճանապարհ չկա՚,- տեղեկացնում է Ֆելիքս Հակոբյանը:
Ամեն դեպքում, անգամ այս պայմաններում՝ կարողանում են սպասարկումն իրականացնել եւ դրա դիմաց վճարումները հավաքագրել:  Շուշիում 2013-ին դա հաջողվել է 81 տոկոսով՝ 2010-ի 63 տոկոսի դիմաց: 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.