Logo
Print this page

ՍԱՐՍԱՆԳԻ ՀՈՒՅՍԻ ԼՈՒՅՍԵՐԸ

12.jpgԼՂՀ կառավարության  ծրագրերի իրականացման գործընթացին լրագրողներն անդրադառնում են պարբերաբար: Բայց որ հանրապետության բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները խմբով շրջայց կատարեցին կոնկրետ ուղղությամբ, ինչը եղավ այս շաբաթվա առաջին օրը, հիշարժան ու հետաքրքիր էր ինչպես լրագրողների, այնպես էլ այն օբյեկտներում աշխատողների համար, որտեղ եղան նրանք:
 Լրագրողական ՙդեսանտը՚ կառավարության նախաձեռնությամբ հայտնվեց հանրապետության հյուսիսային թևում` Մարտակերտի շրջանի հեռավոր տարածքներում` տեղում ծանոթանալու ռազմավարական նշանակության օբյեկտների գործունեությանը, գյուղատնտեսական ծրագրերին, առաջին աղբյուրից տեղեկանալու դրանց ընթացքին, առկա հիմնախնդիրներին, իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու անմիջապես ղեկավարներին:
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն այսպես բացատրեց կառավարության հիշյալ ձեռնարկման նպատակը. ՙԼրագրողները պետք է մեծ հնարավորություն ունենան ծանոթանալու  այն ծրագրերին ու բազմակողմանի  լուսաբանել, որոնք կառավարությունը նախաձեռնում է, ներկայացնել ձեռքբերումները, ինչպես նաև վերհանել խնդիրները: Սա կառավարության թափանցիկ գործելու քաղաքականության մի մասն է՚:13.jpg
Խմբով ճանապարհ գնալը միշտ էլ հետաքրքիր է. ճանապարհի երկարությունը գրեթե չես զգում, մանավանդ երբ ուղեկիցներդ հումորով, սրամիտ, երգելու շնորհքով և այլ արժանիքներով օժտված մարդիկ են: Ճանապարհին հանդիպած ամեն բան իրարամերժ զգացումներ է ծնում: Մանավանդ երբ հանդիպում ես անմշակ դաշտերի։ Եվ հակառակը` ուրախացնում են կանաչ դաշտերը, հնձած արտերը, խոտի դեզերը, արածող անասունները. խաղաղությունը կարծես տեսնում-շոշափում ես: 
14.jpgԱյցի ծրագրով առաջին կանգառը ՙՄատաղիս՚-ի կասկադն էր: Մեզ դիմավորեց  պետի տեղակալ Վալերի Եդիգարյանը, ով նաև էքսկուրսավարի դեր կատարեց` ծանոթացնելով հիդրոկառույցներին: Լրագրողների մի մասը նախկինում եղել էր այստեղ, մի մասն առաջին անգամ էր: Արտադրական աղմուկը եռուն կյանքի հաճելի տպավորություն էր թողնում: Կասկադում ընդգրկված երկու հիդրոէլեկտրակայնները, որ մոտակա բնակավայրի անունով այդպես էլ կոչվում են` ՙՄատաղիս-1՚, ՙՄատաղիս-2՚, Արցախում փոքր հէկերի առաջին ծիծեռնակներն են: Կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ. մարտից: Շինմոնտաժման աշխատանքներն ավարտվել են 2011թ., իսկ 2012-ի հուլիսից սկսվել են փորձարկման և շահագործման աշխատանքները: Եվ հենց 2012թ. տվել են արտադրանք` մոտ 6մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Երկու հէկերն էլ սնվում են Մատաղիսի  ջրամբարից (ջուրը հիմնականում ստանում են Սարսանգից),  որի տարողությունը 5 մլն խորանարդ մետր է: Յուրաքանչյուր հէկ ունի երեք գեներատոր: Սկզբում սնվում է 1-ին հէկը, ամեն գեներատոր` 10 խորանարդ մետր ջրով, որն, անցնելով առաջին հէկը և տալով 4,8 մեգավատ հզորություն, խողովակաշարով և ջրանցքով գալիս է 500 մ ներքև գտնվող` Թարթառ գետի վրա կառուցված ՙՄատաղիս-2՚ հէկը, որով նույն ջուրը տալիս է 3 մեգավատ հզորություն: Ընդհանուր դրվածքային հզորությունը 7,8 մեգավատ է: Բոլոր 6 հիդրոագրեգատները տեխնիկայի նորագույն նմուշներ են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակին ստացվել է 22,5 մլն կՎտ/ժամ հոսանք, նախատեսված է մինչև տարեվերջ այդ թիվը հասցնել 34-ի:  
Երեք գեներատորները սովորաբար աշխատում են լրիվ հզորությամբ, բայց տարվա այս շրջանում`ոչ լրիվ, քանի որ ջրի զգալի մասը գնում է հողերի ոռոգմանը:
Կասկադի պետի տեղակալը շարունակում է ծանոթացնելը: Այնտեղ, որտեղ համակարգիչն է, հերթափոխի պետի տեղն է: Տվյալ պահին Դավիթ Գասպարյանն էր: Համակարգիչը ցույց է տալիս երկու հէկերի արտադրանքը (այդ պահին 350 կՎտ/ժամ էր), ինչպես նաև կարգավորում է ռեժիմը: Այստեղից կապը պահվում է ՙԱրցախ հէկ՚-ի  և ՙԱրցախէներգո՚-ի հերթապահ դիսպետչերի, ղեկավարի և համապատասխան ստորաբաժանումների հետ: 
Անձնակազմը հիմնականում երիտասարդ է, ինժեներական համակարգը բարձրագույն կրթություն ունի, միջին աշխատավարձը 150 հազար դրամ է:  
ՙՄատաղիս-2՚-ից ջուրը մինչև այս տարվա մայիս ամիսը ջրատարով հոսում էր, նորից լցվում գետը և անցնում սահմանը: Իսկ վերևում Թալիշ գյուղի հողատեսքերը պապակվում էին ջրի պակասությունից: Նախկինում գյուղն խմելու և ոռոգման ջրի հարցը լուծում էր բնական ճանապարհով` սարերից եկած ջրերով: Այդ ջուրը քսան տարի է, կտրված է մեր հարևանների կողմից: Իսկ ներքևում հոսող ջրերը, ինչպես արդեն ասացինք, հոսում էին դեպի տափաստաններ, գնում-ոռոգում էին նույն այդ հարևանների հողերը: Հիմա արդեն հարթավայր հոսելու փոխարեն ջուրը սարն է բարձրանում:    
ԼՂՀ վարչապետի խորհրդական Արամ Մխոյանը ներկայացնում է ՙԹալիշ՚ ծրագիրը, որը սկիզբ է առնում ՙՄատաղիսի՚ կասկադի ջրի վրա կառուցված հզոր պոմպակայանից, ինչպես նշեցինք, ընթացիկ տարվա մայիս ամսից: 
Ա. Մխոյանի խոսքով, ՙՄատաղիս-2՚-ից առաջացած ջուրը պոմպակայանով 157մ բարձրության վրա, վայրկյանում 750 լ, մղվում է Թալիշ` գյուղատնտեսական նպատակով: Տարիներ շարունակ դեպի հարթավայրերը հոսող ջրի ընթացքը փոխվել և ամբողջովին օգտագործվում է սեփական կարիքների համար, մի մասը` Մատաղիսի, իսկ զգալի մասը` Թալիշի հողերի ոռոգման համար: Դրա համար պետք եղան հսկայական միջոցներ: Իսկ թե ինչ արդյունավետությամբ է այն օգտագործվում` կշարունակենք հաջորդիվ` ներկայացնելով ՙԹալիշ՚ ծրագիրը:
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.