[ARM]     [RUS]     [ENG]

ԹԹԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳՆ ԱՌԱՅԺՄ ԱՌԿԱ Է

07.jpgԹթայգին կազմում է 37 հեկտար, որից 34-ը սեփականաշնորհված, 3-ը՝ վարձակալությամբ՚. գյուղի ավանդական արտադրաճյուղերից մեկն է ներկայացնում Կարմիր Շուկա համայնքի ղեկավար Սամվել Հակոբջանյանը: Գյուղն այս Արցախի այն հազվադեպ բնակավայրերից է, որտեղ թթի արտադրությունը դեռեւս տնտեսական կշիռ ունի:

Ընդհանուր առմամբ՝ 2014թ. հունվարի դրությամբ՝ հանրապետությունում 900 հա թթայգի կա: 830 հեկտարը՝ բերքի տակ: Թթայգիներով հարուստ են հատկապես Մարտունու եւ Ասկերանի շրջանները: Համապատասխանաբար՝ 626 և 110 հեկտար այգիներով: Սա այն եզակի դեպքերից է, երբ արտադրողները չեն դժգոհում բերքի իրացումից: Վստահեցնում են՝ նման բան  պարզապես չկա:

ՙԱնգամ հարեւան գյուղերից են գալիս, ծառերը գնում, բերքը հավաքում-տանում: Ոմանք էլ իրենք են մշակում ստացված բերքը, մեկը դոշաբ է պատրաստում, մյուսը՝ օղի՚,- թվարկում է համայնքի ղեկավարը: ՙՕրինակ, մենք դոշաբ ենք եփում վաճառելու համար, քանի որ մեծ եկամուտ է բերում: Ավելի շատ՝ քան թթի օղին: Դրանից բացի՝ դոշաբի հումքից նորից կարող ես օղի ստանալ:  Այդպես էլ անում եմ՚,- անկեղծանում է գյուղաբնակներից Երջանիկ Քոչարյանը, ով նաեւ համայնքի գյուղատնտեսն է:

Թթի մշակությունը ոչ միայն շահութաբեր է, այլեւ՝ քիչ ծախսատար: Փաստը, որ թթի արտադրությունը մեծ ծախսեր չի պահանջում՝ միանշանակ է: ՙԹթարտադրությունն այն եզակի ճյուղերից է, որ ծախս շատ չես դնում, բայց կայուն բերք ստանում ես: Թթայգիներում հիմնականում թեթեւ աշխատանքներ են պահանջվում՝ փխրեցում, չոր ճյուղերի հեռացում՚,- թվարկում է համայնքի գյուղատնտեսը: Սակայն շատ հաճախ անգամ այդ սահմանափակ ու քիչ ծախսեր, երբեմն անգամ՝ ոչ մի ծախս չպահանջող աշխատանքները պատշաճ մակարդակով չեն իրականացվում: Պատճառներ միշտ էլ գտնվում են: Երջանիկ Քոչարյանը, իրավիճակը ներկայացնելիս, դրանցից միայն մի քանիսն է թվարկում. ՙՈվ հնարավորություն ունի՝ մշակում է: Բայց եթե արդեն տարիքն առած մարդ է սեփականատերը, ով թթի այգու հետ նաեւ խաղողի այգի ունի եւ վարելահող, բնականաբար, չի հասցնի՚: Արդյունքում, այգիների մեծ մասն անգամ քիչ ջանքեր ու ծախս չպահանջող խնամքից են զուրկ մնում: Մարդիկ գուցե չտեսնելու տան: Բայց բնությունը վատ վերաբերմունքի ու անտարբերության համար միշտ էլ լիուլի է պատժում: Այս անգամ էլ բացառություն չեղավ: ՚Վերջին տարիներին այգիների վիճակն սկսեց վատանալ: Սկզբում պատճառները սեփականատերերին անհայտ էին: Հետո սկսեցին նկատել վտանգի օջախները: Թթենիների վրա նոր վնասատու էր հայտնվել, որը այգետերերի մեծ մասին անծանոթ էր, խոստովանում է Կարմիր Շուկայի համայնքի ղեկավարը. ՙՀիմնականում նոր շիվերն էին վարակվում: Սպիտակ փառով էին պատվում եւ սկսում չորանալ՚: Խոսքը թթենու վահանակրի մասին է: Փաստը, որ անգամ սեփականատերերը չեն ժամանակին նկատել այդ վնասատուի առկայությունը, ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի միջատաբան Գևորգ Մելիքյանը երկու պատճառով է հիմնավորում: Նախ՝ այգիների մեծ մասի նկատմամբ հարկ եղած ուշադրությունը չկա, եւ ապա՝ այդ վնասատուները՝ թթենու վահանակիրն ու Կոմստոկի որդանը, արցախցի հողօգտագործողների մեծ մասին անծանոթ են:

Վարակվածության մակարդակը ոչ միայն տարբեր համայնքներում, այլեւ նույն համայնքի տարբեր այգիներում տարբեր է եղել: Որոշիչ են եղել ոչ միայն մշակման պայմանները, այլեւ այգիների դիրքը: Ռիսկային գոտում են հայտնվել հատկապես ոչ արեւկող այգիները, մանրամասնում է  միջատաբանը. ՙՀիմնականում անցած տարի է նկատվել: Բերքի որակն էր վատացել: Ծառերը հյուծվել էին: Մասնագետները 2-3 տարի առաջ էին նկատել: Բայց մասսայական տարածումը անցյալ տարի է սկսվել: Վարակվածությունը տարբեր մակարդակի էր՝ 50-60 տոկոսից մինչև 80-90 տոկոս՝՝ կախված հիմնականում տվյալ այգու դիրքից եւ մշակվածության մակարդակից: Խոնավ եւ քիչ մշակված այգիներում, բնականաբար, վարակվածության մակարդակն ավելի բարձր էր՚: Այն արագությունը, որով տարածվում էր վարակը, հիմք էր տալիս ոչ թե ենթադրելու, այլ հստակ ասելու, որ վտանգի տակ են բոլոր այգիները: Նախորդ տարի մեկնարկեց այդ վնասատուների դեմ համատարած պայքարի պետական ծրագիրը: ՙԾրագիրն սկսվեց երկու փուլով՝ գարնանային եւ աշնանային՝ կապված այդ վնասատուների զարգացման փուլերի հետ: Լրիվությամբ ապահովվել ենք համապատասխան դեղամիջոցներով ու սարքավորումներով: Աշխատանքները հիմնականում երկու շրջաններում են կազմակերպվել՝ Մարտունու եւ Ասկերանի, քանի որ թթայգիները հիմնականում այդ երկու շրջաններում են կենտրոնացված՚,- ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներն է ներկայացնում ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ, քիմիական պայքարի աշխատանքներ են իրականացվել շուրջ 1500 հեկտար այգիներում: Նախատեսվում էր քիմիական պայքարն իրականացնել հիմնականում համապատասխան տեխնիկայի միջոցով: Սակայն նաեւ չխնամվելու հետեւանքով որոշ հատվածներ տեխնիկայի մուտքը պարզապես անհնար էր: Հաշվի առնելով համատարած պայքարի անհրաժեշտությունը՝ ծրագիր է մշակվել նաեւ նման դեպքերի համար: ՙԾրագրում ենթաբաժին կար, ըստ որի տվյալ այգետերերին համապատասխան դեղամիջոցներ էին տրվում՝ սեփական ուժերով պայքարը կազմակերպելու համար՚,- ներկայացնում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Արդեն հետին ամսաթվով հարց է առաջանում. արդյո՞ք վտանգն իսկապես այդքան մեծ էր:  Այդ հարցի առթիվ մասնագետները երկրորդ կարծիք չունեն: ՙՎտանգն այնքանով էր մեծ, որ պայքարը չծավալելու պարագայում թթայգիների մեծ մասը պարզապես կչորանար: Եվ այսօր էլ ունենք ծառեր, որոնք ավելի վաղ էին վարակվել եւ արդեն չորացել են՚,- իրավիճակն առանց գունազարդման ներկայացնում է միջատաբան Գ. Մելիքյանը:

Թթայգիների փրկությանն ուղղված պետական ծրագիրն այս տարի ավարտվեց: Մասնագետները արդյունքները դրական են գնահատում: Այս պահին վտանգը կարելի է անցած համարել: Սակայն այն լիովին բացառել հնարավոր չէ: Գ. Մելիքյանը զգոնության կոչ է անում. ՙԱյգետերերը պետք է ուշադիր լինեն եւ պարբերաբար պայքար իրականացնեն, քանի որ այս վնասատուն կարող է երկու-երեք տարի գլուխ չբարձրացնել, ապա, բարենպաստ պայմանների առկայության դեպքում, շատ արագ զարգանալ, այնքան արագ, որ այգետերն անգամ չի հասցնի պայքարի միջոցառումներ սկսել: Այդ պատճառով յուրաքանչյուր տարվա գարնանը, թթենու տերեւակալման շրջանում, պետք է անպայման մեկ պրոֆիլակտիկ պայքար իրականացնել: Այնքան ժամանակ, մինչեւ վնասատուն իսպառ վերանա: Սակայն այս տեսակը չեմ կարծում, թե մեր կլիմայական պայմաններում կվերանա: Ուղղակի կիջնի տնտեսական վնասակարության շեմից ցածր: Եվ մենք չպետք է թողնենք, որ այդ շեմից բարձրանա՚: Թե դեպքերն ինչպես կզարգանան՝ արդեն մեծապես կախված կլինի միայն այգետերերի վերաբերմունքից: Ավելի անկեղծ՝ վերաբերմունքի փոփոխությունից: Մանավանդ որ աշխատանքների, այսպես ասած, ոչ ծախսատար մասը պատշաճ իրականացնելու պարագայում պայքարի քիմիական եղանակին դիմելու անհրաժեշտություն, ամենայն հավանականությամբ, չի էլ զգացվի, վստահեցնում է  միջատաբանը. ՙՊետք է ծառերը խնամվեն, պարարտացվեն, կատարվի ճիշտ էտ, սաղարթի ճիշտ ձեւավորում եւ երկրորդ փուլում միայն՝ քիմիական պայքար: Եթե սաղարթը ճիշտ չի ձեւավորված՝ քիմիական պայքարն էլ արդյունավետ չի լինի՚: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ