[ARM]     [RUS]     [ENG]

ՃԱՆԱՉՈՒՄ ԲԵՐԵԼՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ` ՃԱՆԱՉՈՒՄ ԿԲԵՐԵՆՔ ԵՐԿՐԻՆ

20.jpgՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚ ՓԲԸ-ն  հիմնադրվել է Ստեփանակերտի, Մարտունու և Կարմիր Շուկայի գինու գործարանների բազայի վրա, որոնցից ամենահինը` Կարմիր Շուկայինը,  գործում է 1929 թվականից: Ստեփանակերտի գինու գործարանն աշխատում է 1931 թվականից։ 
 Գործարանի  գլխավոր տնօրեն Ռուսլան Իսրայելյանն իրազեկեց, որ  Մարտունու և Կարմիր Շուկայի գործարանները հիմնականում նախատեսված են ընկերության կողմից խաղողի, հատապտուղների և մրգերի մթերման, կոնյակի սպիրտի արտադրության և հնեցման համար, իսկ Ստեփանակերտի գործարանում կատարվում են շշալցման  աշխատանքները: Ռ. Իսրայելյանը նշեց, որ գործարանը գեղեցիկ  ավանդույթներ ունի,  որոնք էլ կիրառվում են արտադրության կազմակերպման ընթացքում:  Ձեռնարկությունում  այսօրվա դրությամբ  աշխատում է  շուրջ  400 հոգի։ Հումքը միայն տեղական է, օգտագործվում  են  Ղարաբաղում աճող  խաղողի տեսակներ, արցախյան հատապտուղներ ու մրգեր։  2013 թվականի տվյալներով`  մթերվել է շուրջ 5185տ   խաղող:  2014 թվականի մթերման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընկերությունն ունի  նաև 111 հա խաղողի և 47 հա նռան մշակվող այգիներ:  ՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚  ՓԲԸ-ում արտադրվում են 6 անուն ցորենի և 6 տեսակի ՙՂարաբաղ՚ մրգային օղիներ,  նույնքան էլ խաղողի և նռան ՙԲերդաշեն՚  գինիներ։ 
Այնուամենայնիվ, ընկերության  գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունը կոնյակագործությունն է: Ներկայումս գործարանում հնեցման տակ են դրված  մեծ քանակությամբ տարբեր տարիքի  կոնյակի սպիրտեր: Հնեցումը կատարվում է ավանդական եղանակով` կաղնու փայտից պատրաստված տակառներում: 
Վերջերս շրջանառության մեջ է դրվել նոր ապրանքանիշ՝ ՙMadatoff՚ կոնյակը, որը խոստանում է իր ուրույն տեղն զբաղեցնել հայկական կոնյակի շուկայում: Այսօրվա դրությամբ առկա է 3, 5,  7, 10, 15 տարեկան ՙMadatoff՚ կոնյակ։ Գործարանը սահմանափակ քանակությամբ թողարկում է նաև 25 տարեկան ՙGeneral Madatoff՚ կոնյակ:
Խմիչքների տեսականին ընդլայնվելու է, քանի որ ՙդա այն բազիսն է, որով աշխարհը ճանաչում է և կճանաչի Ստեփանակերտի կոնյակի գործարանին՚` համոզված է տնօրենը, ինչը, ինչու չէ, ճանաչում կբերի նաև Արցախին, քանի որ ՙՍտեփանակերտի կոնյակի գործարանն՚ այն եզակի ընկերություններից է, որ դուրս է եկել միջազգային շուկա: 
Գործարանում օգտագործվում են խմիչքների արտադրության ամենաժամանակակից սարքավորումներ. կիրառվում է միայն էկոլոգիապես մաքուր հումք: Սինթետիկ հավելումներ չեն կիրառվում, ինչի շնորհիվ էլ Ստեփանակերտի կոնյակի գործարանի արտադրանքն արագ իր ուրույն տեղն է գտնում միջազգային շուկայում։ ՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚ ՓԲԸ-ն պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, ունի բազմաթիվ պատվոգրեր ու հավաստագրեր, իսկ Ռուսաստանում կայացած ցուցահանդեսներում ՙMadatoff՚ կոնյակը և վայրի տանձի օղին արժանացել են ոսկե մեդալի։ Երևանում կայացած ArmProdExpo ցուցահանդեսում էլ ՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚-ը պարգևատրվել է ոսկե մեդալներով, որոնցից մեկը` ՙԼավագույն ապրանքատեսակ՚ կատեգորիայում:
Ի՞նչ հեռանկարներ ունեք. այս հարցի պատասխանը մեկն էր՝ զարգանալ, զարգանալ ու կրկին զարգանալ։ Դրա համար Ստեփանակերտի կոնյակի գործարանն ունի բավարար հիմք. և՜ գաղափարներ, և՜ ծրագրեր, և՜ ավանդույթներ ու կարող մասնագետներ։ Այս ամենը Ռ. Իսրայելյանը բավարար է համարում լիարժեք զարգացում ապահովելու համար։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ