[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐՏԱՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ

 21.jpgՙԱրցախ բերրի՚ ընկերությունն ստեղծվել է ընդամենը երեք տարի առաջ և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղը գրավել ոչ միայն հայկական, այլև ԱՊՀ շուկաներում։ 

Գործունեությունն ՙԱրցախ բերրի՚ ՍՊԸ-ն սկսել է Արցախի  ներդրումային հիմնադրամի  աջակցությամբ։ Վերջինիս կողմից տրամադրված 40 մլն դրամ վարկային հատկացումներով և Գյուղի  և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից հատկացված 20 մլն դրամի հասնող շրջանառու միջոցներով արտադրությունը քիչ-քիչ սկսել է զարգանալ ու ընդլայնվել։
Առաջին երկու տարիներին արտադրում էին միայն նռան օշարակ և թթի դոշաբ, քիչ քանակությամբ պահածոյացվում էր պտուղ-բանաջարեղեն։ Այսօրվա դրությամբ ընկերության տեսականին հասնում է մինչև 27-ի։ Փոքր չափով ընկերությունը կազմակերպում է նաև մրգային չրերի արտադրություն։ 
Իրացման առումով տնօրեն Էրիկ Մկրտումյանը խնդիր չի տեսնում, արտադրանքի շուրջ  90%-ն իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում, մնացածը՝ հայկական շուկայում։ Անցած տարի ՙԱրցախ բերրին՚ ավելի քան 150 տոննա հոնի, մորու, մասուրի օշարակ է մատակարարել միայն ԼՂՀ պաշտպանության բանակին։  
Վերամշակման համար որպես հումք օգտագործվում են արցախյան մրգերն ու հատապտուղները, որոնք առավել քան պահանջված են։ Իսկ պահածոյացման համար բանջարեղենի մեծ մասը  ներկրում են Հայաստանի Հանրապետությունից, քանի որ գյուղատնտեսության այդ ճյուղը մեզ մոտ բավարար չափով զարգացած չէ։ 
ՙԽնդիրն Արցախում առկա է. բանջարաբոստանային մշակաբույսերի մթերումը վերամշակող կազմակերպությունները դժվարությամբ են իրականացնում, քանի որ գյուղատնտեսության այդ ճյուղը մեզ մոտ ցանկալի մակարդակ չունի,- ասաց  Է. Մկրտումյանը։- Նույնիսկ փորձել ենք գյուղացիների հետ որոշ աշխատանքներ կատարել, տրամադրելով պոմիդորի, սմբուկի սերմեր՝ պայմանավորվել ենք աշնանը գյուղմթերք ստանալ։ Բայց, միևնույն է, խնդիրը լուծված համարել չի կարելի՚։ 
Տնօրենի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են սեփական հումքով կազմակերպել  արտադրությունը։ Հիմնվել են մրգատու այգիներ, հիմնականում՝ ընկուզենու և թթի: Առաջինի մուրաբան և երկրորդի չիրը մեծ համբավ ունեն ԱՊՀ երկրներում։ ՙՄենք ուրախ ենք, որ նաև մեր ընկերության միջոցով են այլ երկրներում ծանոթանում Արցախին, համտեսում մեր հողի բարիքները, զգում նրա համն ու հոտը՚,- նշեց մեր զրուցակիցը:
Երեք տարվա  աշխատանքից ընկերության տնօրենն ընդհանուր առմամբ գոհ է։ Նրա խոսքով՝ այսօր մեկնարկային պահից ի վեր տասն անգամ ավելացել է արտադրության ծավալը, բայց  ընկերությունը լայն հեռանկարներ ունի և ձգտում է դրանք կյանքի կոչել։ 
Այսօրվա դրությամբ շուրջ 30 հոգի են աշխատում այստեղ, քանի որ մայիսից մինչև նոյեմբեր ՙԱրցախ բերրի՚-ում գործի ամենաեռուն շրջանն է։ 
Է. Մկրտումյանը երախտագիտությամբ և գնահատանքով է խոսում նրանց մասին, ովքեր օժանդակել են իրենց։ Այս տարի Ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվող նոր ծրագիրը, որի շրջանակներում վերամշակվող ձեռնարկություններին տրամադրվում են տարաներ՝ արտադրանքի իրացումից հետո գումարը վճարելու պայմանով, մեծ աջակցություն կարելի է համարել։ 
Ինչպես ցանկացած արդյունաբերական կազմակերպության, ՙԱրցախ բերրի՚ ՍՊԸ-ի նպատակը ևս  արտադրության ծավալների ավելացումը և իրացման նոր շուկաների ընդգրկմամբ զարգանալն է, ինչը կարևոր քայլ է նաև տեղական արտադրանքի խթանման, ժողովրդի բարեկեցության  բարձրացման և երկրի տնտեսության խթանման առումով։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ