[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇՆԱՆԱՑԱՆԸ ԿՈՒՇԱՆԱ

IMG_0222.JPGՔաշաթաղի շրջանում 2013թ.աշնանը և 2014թ. գարնանը կատարվել է 17523հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 6150հա, գարի՝ 10139հա, հաճար՝ 1234հա: Հարավային թևում արդեն ավարտվել է հացահատիկի հունձը 16744 հա-ի վրա: Ստացվել է 17340տ բերք՝ միջին 10,3ց/հա բերքատվությամբ: Համեմատաբար լավ արդյունք գրանցվել է հաճարից. հնձվել է 930հա, ստացվել է 1320տ բերք՝ 14,2ց/հա բերքատվությամբ: 
Ցորենի միջին բերքատվությունը կազմել է 12,5ց/հա. հնձվել է 5939հա, ստացվել 7470տ բերք: 9875հա գարու հնձից հավաքվել է 8550տ բերք՝ 8,6ց/հա բերքատվությամբ: Հարավային հատվածում հնձվել է նաև 78հա սիսեռ՝ 3ց/հա բերքատվությամբ: 
2014 թվականին նույնպես բնական աղետները մեծ վնաս հասցրին շրջանի ցանքատարածքներին: Երաշտից և կարկտահարությունից 190 հողօգտագործողների մոտ 4125հա տարածք վնասվել է 80-100 տոկոսով, որոշ տարածքներում գրանցվել է միջինը 4ց/հա բերքատվություն: Շրջանի հյուսիսային թևում հացահատիկի բերքահավաքը դեռ չի ավարտվել: Այս մասում կատարվել է 415հա ցանքս՝ հիմնականում հաճար և գարի. Լեռնահովտի գյուղական համայնքում՝ 120հա, Հակում՝ 150հա, Մոշաթաղում՝ 145հա: Ընդհանուր առմամբ հնձվել է 118հա հաճար՝ 7ց/հա միջին բերքատվությամբ և 23հա գարի՝ 4ց/հա բերքատվությամբ: Այստեղ նույնպես կան վնասված ցանքատարածքներ, որոնք ենթակա չեն հնձման: 
Սեպտեմբերի 25-ին շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ եղանք Լեռնահովիտի ցանքատարածքներում: Վերջին օրերին տեղացած անձրևների պատճառով հունձը դադարեցված էր: Հողօգտագործողները տեղեկացրին, որ բերքատվությունը ցածր է, սակայն հաջորդ օրվանից կշարունակեն հնձի աշխատանքները: Բացի հացահատիկային մշակաբույսերից, շրջանում կատարվել են նաև բանջարաբոստանային այլ բույսերի ցանքս և բերքահավաք: Ձմերուկի 152հա տարածքից ստացվել է 2870տ բերք: 71հա բանջարաբոստանային այլ մշակաբույսերից ստացվել է 428տ բերք: Շրջանում անասնակերի՝ խոտի պահանջարկը կազմում է 2791տ, կուտակվել է ավելին՝ 3571տ: Եգիպտացորենի 55հա կանաչ զանգված հնձվել է որպես անասնակեր, ստացվել է 875տ բերք: Շրջանում սկսվել են նաև աշնանացանի աշխատանքները համայնքներում և պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) հողատարածքներում, սակայն, ինչպես հայտնեց գյուղվարչության պետը, առայժմ կատարվել է 3500հա հերկ, որը հիմնականում իրականացրել են Սյունիքի մարզի վարձակալները և ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը (1000հա): Այս տարի աշնանացանի աշխատանքները կուշանան հողօգտագործողների սնանկ լինելու պատճառով: Շատ հողօգտագործողներ հնարավորություն չունեն մարելու ԳԳԱՀ-ից ստացած վարկային պարտքերը, այդ պատճառով նոր աջակցություն չեն ստանա: 2013թ. ՙԱՐԻ՚ ծրագրով շրջանի հողօգտագործողներին հատկացվել է 160,5մլն դրամ վարկ՝ աշնանացան իրականացնելու նպատակով, իսկ ԳԳԱՀ-ից՝ 60տ ցորենի և 254տ գարու սերմացու, 124200լ դիզվառելիք՝ սուբսիդավորված 1 լիտրը 350 դրամ արժեքով, 240տ ազոտական պարարտանյութ: Այնուամենայնիվ, 2014թ. աշնանացանն իրականացնելու նպատակով ԼՂՀ գյուղնախարարություն է ներկայացվել 150տ ցորենի, 200տ գարու սերմացուի, ինչպես նաև 163440լ դիզվառելիքի հայտ: Նախատեսված է համայնքներում և ՊՊՖ հողատարածքներում կատարել 10000հա աշնանացան: 
Գյուղվարչության պետը տեղեկացրեց նաև, որ շրջանը կմասնակցի հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտում կայանալիք բերքի ամենամյա տոնին: Այս տարի ևս համայնքներից վաճառքի կհանվեն  գյուղատնտեսական տարբեր տեսակի մթերքներ:  
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր