[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀԷԿԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

DSCN1339.JPGՏասնամյակներ շարունակ Արցախում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը  Սարսանգի հիդրոէլեկտրակայանն էր: Այսօր դրան միացել են Մարտակերտի շրջանում գործող ՙՄատաղիս-1՚, ՙՄատաղիս-2՚, ՙԹրղի-1՚, ՙԹրղի-2՚, Քաշաթաղի շրջանում` ՙՍյունիք-1՚, ՙՍյունիք-2՚, ՙՍյունիք-3՚, ՙՍյունիք-4՚ փոքր հիդրոէլեկտրակայանները, շարունակվում են կառուցվել նորերը:
Օրերս ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների հետ և լրագրողների մասնակցությամբ շրջայց կատարեց Քաշաթաղի շրջանում գործող հիդրոէլեկտրակայաններ: Դրանցից մեկը` ՙՍյունիք-3՚-ը, գտնվում է անմիջապես Բերձորի սահմանային անցակետում, Աղավնո գետի վրա և տեսանելի է այդտեղով անցնող բոլոր ուղևորներին,  իսկ մյուս երեքն ավելի բարձրում են` դարձյալ Աղավնո գետի վրա: Հէկերի աշխատանքի մասին տեղեկատվություն տվեց երեք տեղամասերի տնօրեն  Հակոբ Մաթիլյանը:
Արցախում արտադրվող էլեկտրաէներգիայի 12-14 տոկոսը տալիս են ՙՍյունիք՚-ի հէկերը` տարեկան շուրջ 57 մլն կՎտ/ժ: Ներդրողները հիմնականում սփյուռքահայեր են, կան նաև Հայաստանից: Հէկերում տեղադրված բոլոր սարքավորումները տեղական արտադրության են: Տնօրենի խոսքով` դա  սփյուռքահայ ներդրողների պահանջն է, որպեսզի դրանով նաև օժանդակեն տեղական արտադրությանը: Սարքավորումներն արդարացնում են իրենց: Աշխատողները գերազանցապես Քաշաթաղի շրջանի մոտակա գյուղերի, մի  քանի հոգի էլ՝ հարևան Գորիսի շրջանի Տեղ գյուղի բնակիչներ են: Հէկերն աշխատում են շահույթով, ներդրողները գոհ են և՜ աշխատանքից, և՜ ԼՂՀ իշխանությունների օժանդակությունից, որը, տնօրենի խոսքով, կայանում է բյուրոկրատական քաշքշուկներ չառաջացնելու, ներդրողների բոլոր նախաձեռնություններին կանաչ ճանապարհ տալու մեջ:  Հ. Մաթիլյանը, որը նաև ներդրողների ներկայացուցիչն է, այստեղ աշխատելով հինգ տարի, դրանում համոզվել է սեփական փորձով և, առիթից օգտվելով, կոչ է անում ներդրողներին` իրենց հայացքները չուղղել դեպի ամերիկաններ, եվրոպաներ, ռուսաստաններ, այլ ներդրումներ կատարել  Արցախում, որտեղ ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարության համար: 
Մո՞տ է այն օրը, երբ Արցախը էներգետիկ անկախություն կունենա:
ԼՂՀ վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ երբ սկսել էին առաջին հէկերի շինարարությունը, սպասելիքներ կային, որ կարճ ժամանակ հետո պետք է ինքնաբավ լինենք, բայց մեր տնտեսության զարգացման տեմպերն ավելին են և պահանջում են ավելի շատ էլեկտրաէներգիայի սպառում, ու այդ առումով համեմատաբար երկար ժամանակ է պետք: Այսինքն` փոքր հէկերի կառուցման ռազմավարության շնորհիվ վերջին տարիներին աճել է Արցախի էներգետիկ անկախության հնարավորությունը. պայմաններ են ստեղծվել կյանքի կոչելու արդյունաբերական խոշոր ծրագրեր: Վարչապետը համեմատության համար նշեց, որ եթե մինչև նոր հէկերի կառուցումն Արցախում միջինն արտադրվում էր 90 մլն կՎտ /ժ էլեկտրաէներգիա, մինչև այս տարեվերջ կլինի 220 մլն կՎտ/ժ, 2015-ին` 300 մլն, իսկ 2018թ. թիրախային ցուցանիշը 500 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի  արտադրությունն է: Կանխատեսում են, որ 2018թ. լինելու է ոչ պակաս, քան 500 մլն կՎտ/ժամ` տնտեսության զարգացման հաշվին: ՙԱյսինքն` մենք պետք է կարողանանք գոնե մեր սպառման ծավալներին զուգահեռ նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցել, որովհետև էներգակիրների միջազգային թանկացում է սպասվում, և դրանով մենք կխուսափենք ապագա թանկացումներից՚,- ասաց կառավարության ղեկավարը: 
Անդրադառնալով նոր հէկերի կառուցման նախագծերին` Ա. Հարությունյանը հավելեց, որ Աղավնո գետի վրա կառուցված 4 հէկերին մինչև տարեվերջ կավելանա հինգերորդը: Նա ասաց նաև, որ առկա  ներուժը հաշվի առնելով` նախատեսել են առաջիկայում Աղավնո գետի վրա կառուցել ավելի հզոր ևս 3 հէկեր: Իսկ Հակարի գետի վրա  սկսված է 6 մեգավատ հզորությամբ խոշոր հէկի կառուցումը: Ավելին, ծրագրել են այնտեղ կառուցել ևս 2-3 հէկեր: 
Ծրագրում ընդգրկված է նաև Քաշաթաղի շրջանի հարավային թևը, ինչպես նաև Շահումյանի շրջանը: Մոտ օրերս կսկսվի առաջին հիդրոէլեկտրակայանի կառուցումը Եղեգնուտ գյուղի մոտակայքում:
Առաջին հայացքից մեր բնակչությունը կարծես չի զգում հիդրոէլեկտրակայանների ամենօրյա ազդեցությունը մեր կյանքում: Կառավարության ղեկավարն ասաց, որ նման հարցադրումներ հաճախ են անում իրեն, և այսպես պատասխանեց. ՙԱռաջինը դրանք աշխատատեղեր են: Կոնկրետ Քաշաթաղի էլեկտրակայաններում 54 մարդ է աշխատում, որոնք կայուն աշխատավարձ են ստանում:  Երկրորդ` դրանք մասնակցում են ներքին կյանքի զարգացումներին, փոքր ծրագրերի ֆինանսավորման համար գումարների աղբյուր են: Երրորդ` ամենակարևորը` լուծում են մեր երկրի էներգետիկ անվտանգության խնդիրը: Հենց այս հիդրոէլեկտրակայանների գործունեության արդյունքում մենք կարողացանք զսպել գները և պահպանել բնակչության համար այսօրվա  սակագները էլեկտրաէներգիայի մասով: Ապագայում բնակչության համար, համոզված եմ, թանկացումներ չեն լինի, և դա պայմանավորված է նոր հէկերի կառուցումով, որոնք թույլ կտան ոչ միայն բնակչությանը, այլև տնտեսական ծրագրերի համար հաստատագրված գներ ունենալ: եվ այսօրվա սակագները, համոզված եմ, երկար ժամանակ չեն փոխվի նաև տնտեսական ծրագրերի մասով՚,- ասաց նա: Մեր այն հարցին, թե  որտեղ է օգտագործվում հէկերից ստացված շահույթը, և ինչքանով են դրանք նպաստում ենթակառուցվածքների զարգացմանը, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ դրանք նախ մեծ հարկեր են վճարում պետությանը, որը ձևավորում է մեր պետական բյուջեն, և որի արդյունքում կառավարությունն իրականացնում է սոցիալական ծրագրեր։  Մյուս ամենակարևոր հանգամանքը` շահույթ հետապնդելով, հէկերն արդեն մասնակցում են նորերի շինարարությանը` իրականացնելով նոր աշխատանքներ: Կոնկրետ էներգետիկայի  ենթակառուցվածքների զարգացման առումով մուտքագրված գումարներն ուղղվում են առաջին հերթին ենթակառուցվածքների արդիականացմանը: Մյուս կոմից էլ այդ նոր հէկերի շինարարությունը թույլ է տալիս անխափան մատակարարել էլեկտրականությունը: Կառուցվող Վարդենիս-Ստեփանակերտ նոր` 110 հազար կիլովատ հզորության գիծը հնարավորություն կտա լուծել այդ հիմնախնդիրները: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ