[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՐԹԱԿ

112.jpgՀոկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտում կայացավ Արցախյան բիզնես-համաժողովը, որին մասնակցում էին ավելի քան 70 գործարարներ Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։
 Համաժողովը կազմակերպվել է Երևանի առևտրա¬արդյունաբերական պալատի և Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից՝ ԼՂՀ կառավարության աջակցությամբ։ 
Հիմնական թեմաներն առնչվում էին տարածաշրջանում ներդրումային գրավչությանը և այդ գործում պետության ձեռնարկած քայլերին, բիզնեսի զարգացման հարցում տեղեկատվական տեխնոլոգիաների դերին, ժամանակակից շինարարությանը, շինանյութերի արտադրության նոր տեխնոլոգիաներին, սննդի արդյունաբերությանը, արցախյան ապրանքների արտահանման խնդիրներին։ Ներկայացվեցին բժշկական ու դեղագործական ոլորտների վիճակը, բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի սուբսիդավորման մեխանիզմները, փոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններ։
Համաժողովի բացման պաշտոնական արարողությանը հրավիրված էին կառավարության անդամներ՝  փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ։ Կարևորելով նման միջոցառումները գործարարների, երկրների միջև առևտրատնտեսական կապերի ստեղծման և ստեղծված կապերի ամրապնդման առումով, Ա. Աղաբեկյանը վստահություն հայտնեց, որ նման նախաձեռնությունները լինելու են շարունակական և նշանակալի ներդրում են ունենալու հանրապետության տնտեսության զարգացման գործում։ Ա. Աղաբեկյանն ընդգծեց անկախության տարիների հաջողությունները, այդ թվում և տնտեսական, որոնք ձեռք են բերվել մեծ դժվարություններով։ Այդ հարցում անգնահատելի է ՀՀ և սփյուռքի օժանդակությունը ինչպես նյութական, այնպես էլ գործնական կապերի ստեղծման առումով։ ՙՏնտեսական աճի տեմպերի ապահովման ռազմավարության և դրանից բխող մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի և միջոցառումների իրականացման շնորհիվ հաջողվել է տնտեսությունը զարգացնել կայուն տեմպերով՚,¬ ասաց փոխվարչապետը, խոսքը հիմնավորելով ՀՆԱ-ի  պաշտոնական վիճակագրության տվյալներով։ Կառավարությունն առանձնահատուկ մոտեցումներով և գործիքների կիրառմամբ ձգտում է բարձրացնել տնտեսական առաջընթաց ապահովող և զարգացման ներուժ ունեցող ոլորտների ներդրումային գրավչությունը, կազմակերպել վերամշակման արտադրություն՝ նպաստելով պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խնդիրների լուծմանը։ 
Գործադիրն իրականացնում է գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկման  քաղաքականություն, ձգտելով գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ, գյուղի զարգացումն ապահովող ենթակառուցվածքներ։ Ինչպես Արցախի ներդրումային, այնպես էլ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամներն այն գործիքներից են, որոնց միջոցով պետությունը կյանքի է կոչում ռազմավարական մի շարք ծրագրեր։ Եվ պատահական չէ, որ  պետությունն աջակցում է այնպիսի միջոցառումների կազմակերպմանը, ինչպիսին է, ասենք, Արցախյան բիզնես-համաժողովը։ 
Ներկայացնելով ԼՂՀ տնտեսության ոլորտային առաջնահերթությունները, փոխվարչապետը նշեց, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի ներդրողների համար ստեղծվի նպատակահարմար բիզնես-միջավայր նշված ոլորտների զարգացումն ապահովելու համար։ ՙԿառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած կառուցողական բիզնես¬առաջարկ և աջակցել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների կենսագործմանը՚,¬ ասաց նա։
Երևանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ, ՀՀ առևտրա¬արդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը նշեց, որ իրենց առաքելությունն է օգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը արտահանման հարցերում, փորձել լուծել այդ գործընթացքում աշխարհաքաղաքական կամ այլ պատճառներով ծագող խոչընդոտները։ Առաջին քայլը, որ արդեն փորձ է արվում անել, դա ՙԱրցախ՚ բրենդի ստեղծումն է։ Նա նշեց, որ Արցախում կան բավականաչափ  ռեսուրսներ, որոնք մեծ պահանջարկ կարող են ունենալ միջազգային շուկայում, և դրանցից ամենաարժեքավորը մարդկային ռեսուրսն է, ինչը պետք է ըստ արժանվույն գնահատել և շուկայում բարձրացնել Արցախում ծառայությունների մատուցման գինը։ Դրա համար էլ համաժողովի ընթացքում քննարկման առաջնահերթություն է տրվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտի թեմաներին։
Պլենար նիստից հետո կազմակերպվել է Արցախում  գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացում շնորհանդեսների ձևով, որտեղ, ըստ հետաքրքրությունների, գործարարները հնարավորություն են ստացել շփվել իրար հետ, փոխանակել կոնտակտային տվյալներ։ 
Համաժողովի ընթացքում ըստ ոլորտների տեղի ունեցան սեկցիոն նիստեր, որոնց կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներում։ 
Նշենք, որ միջոցառման պաշտոնական օպերատորն էր ՙEvencenter՚ ընկերությունը։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ