[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԱՔՍԻ ՀՈՎՏՈՒՄ ԱՆԵԼԻՔ ԿԳՏՆԵՆ ԲՈԼՈՐԸ

Արաքսի հովտի զարգացման ծրագրի շուրջ հետաքրքությունը շարունակում է  աճել:  Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս անգամ Հադրութի շրջանի հարավային թեւում իրականացվող աշխատանքներին ծանոթացել են ՀՅԴ  ղեկավար կազմի մի խումբ անդամներ՝  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ: Հենց Արաքսի հովտում նրանց հետ հանդիպել եւ Արցախի համաչափ զարգացման ծրագրերի մասին  զրուցել է  Նախագահ Բակո Սահակյանը:
23000հա վարելահող, 41000հա արոտավայր ու խոտհարք` Արաքսի հովտի հնարավորություններն են, այն էլ  դեռ ոչ վերջնական հաշվարկով: Հադրութի հարավային թեւում իրականացվող աշխատանքների ընթացքը ներկայացրել է  փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հողի մաքրում եւ մշակման համար նախապատրաստում, ոռոգման համակարգի ներդնում. պետությունը միջավայրը դարձնում է գյուղատնտեսական աշխատանքների համար պիտանի եւ այն բավականին գրավիչ պայմաններով առաջարկում հողօգտագործողներին։ Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը պատմել է, թե Արաքսի հովտի հողօգտագործողների համար ինչ պայմաններ է ապահովում կառավարությունը. գործում է Արաքսից սնվող 45 կմ երկարությամբ մայր ջրանցքը: Տեղադրված 12 ջրբաժան հանգույցներին մոտ ապագայում կգումարվեն նորերը, եւ ոռոգովի դաշտերի մակերեսը զգալիորեն կմեծանա` ընդգրկելով ևս 1000 հա: Ոռոգման հնարավորությունն ընդլայնում եւ ապահովագրում են  խորքային հորերը. դրանց թիվն արդեն հասնում է 7-ի: Կառուցված 33կմ երկարությամբ էլեկտրագիծը 10 ենթակայաններով պետք է բավարարի հարավային թեւում էլեկտրաէներգիայի պահանջարկը: Աշխատանքներ են տարվում կապի բնագավառում:
 Արդյունքների մասին: Այս տարի 30 հա պոմիդոր են ցանել. բացառապես Արաքսի հովտում արտադրված հումքով սկսել է աշխատել  տոմատի նորակառույց արտադրամասը: Տեսած հնարավորությունները գնահատելով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը վստահեցնում է՝ այստեղ հնարավոր է հասնել շատ ավելի մեծ արդյունքների։ ՙԱյն 3 հազար հեկտարը, որ այսօր Արաքսի հովտում հնարավոր է ոռոգել, տարվա կտրվածքով կարող է Արցախի համար եւս 150 միլիոն ամերիկյան դոլարի համախառն արտադրանք ապահովել,¬ ասում է Դ. Լոքյանը։¬ Իսկ եթե հաշվենք ոչ թե պարզապես հումքի, այլ արդեն վերամշակված արտադրանքի գինը, առավել եւս, եթե վերամշակումն էլ տեղում կազմակերպվի, իսկ նման հիմքեր արդեն տեսնում եմ, այդ թվերը կարող են չորս-հինգ անգամ աճել՚:
Տարածքն այգեգործությամբ զբաղվելու լայն հնարավորություններ է տալիս:  Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը նռան, խնձորի, խաղողի այգիներ հիմնելու ծախսերի ու ակնկալվող բերքատվության մասին  հաշվարկներ է ներկայացնում: Արաքսի հովտի յուրացման պետական ծրագրում կարեւորվում է նաեւ այստեղ բնակվողների սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը: Այստեղ կհիմնվի նաեւ բնակավայր` բոլոր ենթակառուցվածքներով: Քաղաքաշինության նախարար Կարեն  Շահրամանյանի  ներկայացրած նախագծում 154 բնակարաններ են եւ համայնքային նշանակության բոլոր կառույցները: Ժամանակակից չափանիշներին համապատասխան առանձնատները 1200-ական քառ. մ տնամերձ են ունենալու, իսկ բնակիչները մեկ շնչի հաշվով 6000 քառ. մ հողամասեր կստանան: ՙԱյս ծրագիրն ուղղակի հրաշք է, այն հույս է ներշնչում,- ոգեւորված է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:- Սա բացառիկ երեւույթ է՚: ՙՈգեւորիչ է, որ Արցախի նախագահի մասնակցությամբ ու հսկողությամբ է նման կարեւոր ծրագիր իրականացվում,- կարեւորում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:- Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր մասն ունենալ այս տարածքների զարգացման գործում՚: ՙՆման մեծ ծրագիրը միայն Արցախի ուժերով կյանքի կոչելու համար համեմատաբար երկար ժամանակ կպահանջվի,- հարցը գործնական հարթություն է տեղափոխում Դավիթ Լոքյանը:- Այսօր խնդիր կա նման ծրագրերի շուրջ համախմբել մեր հայրենակիցների ներուժը՚:
Ծրագիրը համատեղ ուժերով կյանքի կոչելու գաղափարը պաշտպանում է նաեւ Նախագահ Բակո Սահակյանը: Երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը: