Logo
Print this page

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ

 altՀոկտեմբերի 9-ին ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը հրավիրեց մամուլի ասուլիս։ Նա տեղեկություններ հաղորդեց վերջին տարիներին ոլորտում իրականացված  աշխատանքների մասին։

 Նախարարը 2014 թվականի գյուղատնտեսական տարին համարում է բավականին անբարենպաստ. բնական աղետները լուրջ վնասներ են հասցրել հողատարածքներին, բայց  գերատեսչությունը կսուբսիդավորի դրանք։ 

Լրագրողների հարցերը գյուղնախարարին բավականին շատ էին։ Բնականաբար, դրանց  մեծ մասն առնչվում էին վերջերս ՎՊ կողմից գյուղնախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում վերհանված օրինափոխումներին,  գյուղնախարարության կողմից գործարկվող մի շարք ծրագրերի  արդյունավետությանն ու նպատակահարմարությանը, սուբսիդավորման  մեխանիզմներին և այլն։ 

Ա. Խաչատրյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում այդ ստուգումներից  հետո սոցցանցերում և այլ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությանն ու դրանց մեկնաբանություններին` նշելով, որ ինքը կողմ է ցանկացած կառուցողական  քննադատության և ընդունում է, որ շրջանառվող տեղեկատվությունն օգտակար է,  քանի որ  վերհանված խնդիրները տեսնելու և  լուծումներ գտնելու խթան է հանդիսանում։ Նա շեշտեց, որ լրագրողների հետ աշխատանքում եղել է բաց և թափանցիկ, այսօր էլ պատրաստ է ներկայացնել դրանք, հիմնավորել` եթե դրա կարիքը կա։ 

Խոսք եղավ ՙՏոհմային կայան՚ ՓԲԸ ստեղծման  և գործարկման վրա ծախսված  գումարների  և դրանց  համեմատ  անարդյունավետ աշխատանքի մասին։ Հարցը հետաքրքրություն  էր ներկայացնում մանավանդ  այն կարծիքի համապատկերին, որ նման ֆինանսավորումներով  կարելի էր բարձրացնել տեղական ցեղատեսակների  մթերատվության ցուցանիշները։ alt

Տոհմային կայանի գործունեությունը չի կարելի համարել անարդյունավետ, քանի որ առայսօր էլ երկու խոշոր կաթ վերամշակող ընկերություններ, որոնք բավարարում են հանրապետության պահանջարկը, գործում են Տոհմային  կայանի կողմից մատակարարվող հումքի հաշվին։ Ինչ վերաբերում է տեղ գտած թերություններին, ապա համապատասխան անձինք ենթարկվել են պատասխանատվության։   

Նախարարը պարզաբանումներ է տվել ՎՊ կողմից արձանագրված  329 մլն դրամ  չհիմնավորված ծախսի և 7 մլն դրամ՝ պետբյուջե վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ՝ նշելով, որ գյուղոլորտի տարեկան ծախսերի մեծ մասը ներգրավված (ոչ պետական) գումարներ են, դրանց մի մասը, որ Գյուղի գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տրամադրվել է տարբեր  ծրագրերով, մտնում է ժամկետանց պարտավորությունների մեջ։ 

Ինչ  վերաբերում է 7 մլն-ին, ապա դա, ըստ նախարարի, կապալառու  կազմակերպության,որին գերատեսչությունը պատվիրել էր ենթաշրջանային  զարգացման  ծրագրով նախատեսված  ջրանցքի նախագիծ, մեղքի բաժինն է, ինչը պարզվել է ՎՊ արձանագրությունից հետո նախարարության կողմից կատարված  ուսումնասիրության արդյունքում։ Նախագծողն ընդունել է այդ բացթողումը և պարտավորվել 10 օրյա ժամկետում վերադարձնել հավելագրված գումարները։ 

Լրագրողները հետաքրքրվեցին շուկայում մենաշնորհային դիրք  զբաղեցնող  գյուղմթերքներ արտադրող և իրացնող  երկու ընկերությունների՝ ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելու դրդապատճառներով, պարենային շուկայում  գների կարգավորման մեխանիզմներով, վառելիքի, ավտոմեքենաների և այլ  ծախսերի համար տրամադրվող գումարների չափերով, ֆիքսելով, որ նման  աղքատ պետության համար, ինչպիսին ԼՂՀ-ն է, դրանք շռայլություն են։ 

Խնդիրները ոլորտում շատ են, լրագրողների հարցերը՝  անսպառ. Ա. Խաչատրյանն   ընդգծեց, որ միշտ պատրաստ է պատասխանել դրանց, հիմինավորել  գերատեսչության  կողմից իրականացվող ծրագրերը։ Քանի որ առաջիկայում ԼՂՀ գյուղատնտեսության  աշխատողի օրն է, իսկ եկող կիրակի Բերքի տոն  կկազմակերպվի  Ստեփանակերտի գլխավոր  հրապարակում, Ա. Խաչատրյանը  շնորհավորեց բոլորին այդ առիթով և հրավիրեց տոնավաճառի։ Նա նաև նշեց, որ  ըստ նախնական  պայմանավորվածության, տոնավաճառում  մթերքների գները շուկայականից ցածր կլինեն, և որպեսզի դա երաշխավորված լինի,  նախարարությունը սուբսիդավորել է ապրանքի տեղափոխման ծախսերը։ 

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.