[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԻ ՏՈՆ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

berq1.jpgԱրդեն ավանդույթ է դարձել. հոկտեմբերի երկրորդ կիրակին նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր։ Երկրորդ տարին է՝ այդ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում (այս տարի այն հոկտեմբերի 12-ն էր) կազմակերպվում է Բերքի տոն։
Դեռևս միջոցառման նախորդ օրը քաղաքի գլխավոր հրապարակում եռուզեռ էր՝ տեղադրվում էին սեղանիկներ, տաղավարներ, զարդարվում էր բեմահարթակը։ Վաղ առավոտյան հրապարակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար։ ԼՂ բոլոր շրջաններից անհատներ և գյուղատնտեսության ոլորտում զբաղված ՓՄՁ ներկայացուցիչներ, ինչպես նաև գյուղմթերքներ և գյուղատնտեսական  տեխնիկա իրացնող կազմակերպություններ ներկայացրել էին իրենց արտադրանքը։ Թարմ հացի, արցախյան ժենգյալով հացի, կորկոտի և խորովածի բուրմունքը խառնվել էր ազգային երգ ու պարի հնչյուններին՝ հրապարակում ստեղծելով տոնական մթնոլորտ։berq2.jpg
Բերքի տոնին մասնակցում էր նաև պաշտոնական պատվիրակությունը՝ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Ներկա էին Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, խորհրդարանի և  կառավարության անդամներ, բազմաթիվ հյուրեր։ 
Գյուղատնտեսական տոնավաճառի բացումը պաշտոնապես հայտարարվեց Պարգև սրբազանի օրհնանքի և Նախագահ Բ. Սահակյանի ողջույնի խոսքով։ Ընդգծելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունը՝ Բ. Սահակյանը գոհունակություն հայտնեց այն առիթով, որ գյուղատնտեսական ամենամյա տոնավաճառն արդեն ավանդական է դարձել  և նոր մշակույթ է ձևավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում։
Այնուհետև իշխանավորները շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին,  զրույցի բռնվեցին այն ներկայացնող անձանց հետ։
berq4.jpgՄենք ևս զրուցեցինք տոնավաճառի մասնակիցների հետ, որոնք, ընդհանուր առմամբ, գոհ էին գյուղնախարարությունից՝ նման նախաձեռնության համար։ Ըստ նրանց, տոնավաճառը լավ առիթ է ոչ միայն իրացնելու ապրանքը, այլև ձեռք բերելու նոր գործընկերներ և սպառողներ։ Ռոբերտ Ադամյանն, օրինակ,  որ Ակնայի այգիներից նուռ էր բերել վաճառելու, գոհունակություն հայտնեց, որ տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են, այդ պատճառով այն, որ այսօր շուկայականից ավելի ցածր գնով են վաճառելու ապրանքը, չի անհանգստացնում։ ՙՍտեփանակերտի  կոնյակի գործարանն՚ ու ՙԱրցախ բրենդի կոմպանի՚ ընկերությունները տոնավաճառին ներկայացել են խմիչքների լայն տեսականիով։  Լինելով խոշոր ընկերություններ, որոնք իրենց արտադրանքն իրացնում են հիմնականում արտաքին շուկայում, նրանք ավելի շատ գործընկերներ գտնելու և ապրանքը ցուցադրելու նպատակ ունեն։ Նրանցից վերջինը ներկայացրել էր միայն հուշանվերների հավաքածուն։ Ցանկացողներն այն ձեռք են բերել ավելի էժան, քան կարող են տեսնել մայրաքաղաքի խանութներում։ ՙՍտեփանակերտի կոնյակի գործարան՚¬ն արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում է տոնավաճառին։ Այցելուների կողմից  հատկապես մեծ  էր հետաքրքրությունը և պահանջարկը նրանց՝ ՙՄադաթով՚ կոնյակի նկատմամբ, բայց, ինչպես նշեց գործարանի ներկայացուցիչը, տոնավաճառի ընթացքում գինիների և օղիների տեսականին ևս լայն սպառում է գտել։
ՙՎարանդա՚ ընկերությունը ներկայացրել էր կաղնե փայտից պատրաստված տակառներ։
ՙberq3.jpgԳնատ՚ ՍՊԸ-ն, որը հանրապետության խոշոր հարկատուներից է և ԼՂՀ տարածք է ներմուծում մի շարք կազմակերպությունների ապրանքատեսակներ, դրանք տոնավաճառում 15-20% էժան գներով էր վաճառում։ ՙ10 տարուց ավելի է, ինչ մենք արցախյան շուկայում գործունեություն ենք ծավալում, ունենք մեր սպառողները, իսկ տոնավաճառը, կարծում եմ, լավ առիթ է ավելի շատ սպառողների մեր արտադրանքին ծանոթացնելու համար՚,- ասաց ՙԳնատ՚ ՍՊԸ ներկայացուցիչ Արմեն Մայիլյանը։ ՙԲարի սամարացի՚  ընկերության  ներկայացուցիչ Դավիթ Առաքելյանն էլ գոհ է արցախյան հաճախորդից։ Նրա կարծիքով, արցախցին լավ գիտի ճիշտ ընտրություն կատարելու ձևը, այդ իսկ պատճառով ընտրում է ՙԲարի սամարացի՚ ապրանքները, որոնք միջազգային և հայկական տարբեր ցուցահանդեսներում և մրցույթներում բարձր գնահատանքի են արժանացել։
Արցախում արտադրվող գինիների, հյութերի, կաթնամթերքի և պահածոների նոր տեսակներ էին ներկայացրել տեղական ՓՄՁ սուբյեկտները։ Գյուղացիներին տոնավաճառը հատկապես ձեռնտու էր, նրանցից շատերը շուկա ապրանք տանել  չեն կարողանում, ինչը պատճառաբանում են տրանսպորտի ծախսատարությամբ (դրանք հիմնականում մայրաքաղաք Ստեփանակերտից հեռու գտնվող գյուղերի բնակիչներն են), մի մասն էլ արդեն առևտրի բնագավառում բավականին փորձ ունեցող անձինք են, որոնք օրվա հացը վաստակում են հողի բարիքները քաղաքաբնակներին վաճառելով։
Իսկ այն, որ քաղաքաբնակները շատ գոհ էին տոնավաճառի գներից ու ապրանքատեսակների բազմազանությունից, ապացուցում էր  լիքը պարկերով և տոպրակներով ծանրաբեռնված մարդկանց անցուդարձը։
Իսկ նրանք, ովքեր ոչինչ գնել չէին ուզում, վայելում էին մշակութային խմբերի կատարումները։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ