[ARM]     [RUS]     [ENG]

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐԸ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Գյուղատնտեսական տարվա դժվարություններն ու ձեռքբերումներն ուղղակիորեն արտացոլվում են նաեւ վերամշակող ձեռնարկությունների աշխատանքի վրա: Ինչպես քանակի, այնպես էլ որակի մասով տեղական արտադրության միրգ-բանջարեղենի յուրօրինակ ստուգատեսը հենց վերամշակողներն են անցկացնում: Հակառակ դժվարություններին՝ նրանցից շատերը գերադասում են խոսել հաջողությունների մասին: Վստահեցնում են. լավատես լինելու հիմքեր կան:
Տարվա հաջողություններն ու անհաջողությունները վերամշակողները դեռ ամիսներ առաջ են արձանագրել: Որ ընկույզի բերքը, մեղմ ասած, առատ չի լինելու՝ նրանք գարնան վերջերին են զգացել: Կանաչ ընկույզը նախատեսվածից քիչ են կարողացել մթերել: Մեղքը վաղ գարնանային ցրտահարություններինն է: Հումքի սակավության արդյունքում էլ ընկույզի մուրաբան, որ պահանջարկ վայելող ապրանքատեսակների թվում է, պլանավորածից քիչ են պահեստավորել: ՙԸնդամենը 20 հազար բանկա մուրաբա կարողացանք պատրաստել: Հումքի պակասն այդպիսի արդյունքի հանգեցրեց՚,-մանրամասնում է ՙՄկրտումյան՚ ՍՊԸ գլխավոր տեխնոլոգ, արտադրության պետ Հովհաննես Ալեքսանյանը: ՙՆախատեսել էինք այս տարի առնվազն 150 հազար բանկա ընկույզի մուրաբա պատրաստել, հումքի սակավության հետեւանքով հասցրեցինք հազիվ 60-70 հազար բանկա պահեստավորել՚,-ծրագրերը իրականության հետ է համեմատում ՙԱրցախֆրութ՚ ՓԲԸ գլխավոր տեխնոլոգ, արտադրության պետ Կարինե Հակոբյանը:
Այս տարի չարդարացան ոչ միայն ընկույզի մուրաբայի սիրահարների ակնկալիքները: Չոր ընկույզն էլ է պակաս: Շուկայում խոստովանում են. ավանդական մատակարարներն այս տարի պասիվ են՝ բերքի սակավության պատճառով: Բերքի սակավությունը գնի վրա է ազդել: Վաճառողները չեն թաքցնում՝ նախորդ տարվա գների համեմատ՝ աճը զգալի է լինելու: Ավելի ճիշտ՝ արդեն կա. մեկ կիլոգրամ ընկույզի միջուկի գինը 6000 դրամի է հասնում: Վերավաճառողները հիմնավորում են՝ եթե նախորդ տարի չոր ընկույզը մատակարարներից 500-600 դրամով էին գնում, ապա այսօր գնում են 1500 դրամից ոչ պակաս: Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշներն էլ փոխվեն: Առջեւում Նոր տարին է. ընկույզի պահանջարկի բարձրակետը սովորաբար այդ շրջանում է գրանցվում:
Այգեգործներից շատերն են երաշտից բողոքում: Անգամ ոռոգվող այգիներն են վնասներ կրել: Սակայն շատ դեպքերում ջրանցքները սնող գետերում ջրի սակավությունն է ճակատագրական եղել: 
Ինչ մնում է վերամշակողներին, ապա նրանք փորձել են հակառակ բնության հարուցած դժվարություններին, ավելի բազմազան դարձնել շուկա հանվող տեսականին: 40-ից ավել անուն արտադրանք ՙՄկրտումյան՚ ՍՊԸ-ն է շուկա հանում, գրեթե նույնքան էլ՝ ՙԱրցախֆրութ՚-ը: Այս տարի անգամ ուրցի հյութ է պատրաստվել՝ առայժմ փորձնական քանակով: Մրգի մթերումը շարունակվում է: Խոսքն առաջին հերթին նռան մասին է:
Հատկապես մրգի մթերման հետ կապված դժվարությունների համապատկերին վերամշակողները բարվոք են համարում բանջարեղենի մթերման ընթացքը: Բերքի քանակից եւ որակից դժգոհ չեն: ՙԱրցախֆրութ՚ ընկերության ներկայացուցիչը նախորդ տարվա հետ է համեմատում եւ մեկ յուրահատկություն առանձնացնում: Դեռ թվեր չի նշում, բայց վստահեցնում է. հումքի ներմուծման անհրաժեշտությունն աստիճանաբար նվազում է, քանի որ ակտիվանում են տեղում բանջարեղեն մշակողները: 
Անփոփոխ է մնացել աշխատուժի պակասի հետ կապված խնդիրը: Արցախում միրգ-բանջարեղեն վերամշակող երկու խոշոր կազմակերպությունները՝ ՙԱրցախֆրութ՚-ն ու ՙՄկրտումյան՚-ը միասին  մոտ 200 աշխատակից ունեն: Ինչպես նախորդ տարի՝ այս տարի ևս մի կերպ են ծայրը ծայրին հասցնում: Հավաքված կազմը չի բավարարում երկհերթ աշխատանքի համար, ինչի անհրաժեշտությունը, հատկապես աշնան ամիսներին, շատ է զգացվում: Պատասխանատուներն էլ վստահեցնում են՝ աշխատավարձի հարցում ժլատություն չեն անում: Սահմանված ժամաքանակով աշխատանքի ներկայացողը նվազագույնը 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում, սակայն միշտ էլ կա ավելի շատ վաստակելու հնարավորություն: Որոշիչը հմտությունն ու փորձն են: ՙԱշխատող ունենք, որ մինչեւ 220 հազար դրամ աշխատավարձ է ստանում, կան մարդիկ՝ 180, 150 հազար են ստանում՝ կախված աշխատանքի բարդությունից ու պատասխանատվությունից՚,- թվարկում է ՙԱրցախֆրութ՚ ՓԲԸ գլխավոր տեխնոլոգ, արտադրության պետ Կարինե Հակոբյանը:
Արտադրանքի հիմնական մասն արտահանվելու է: Վստահ են՝ իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի: Այս դեպքում էլ պահանջարկն անհամեմատ մեծ է իրենց առաջարկից:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ