[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴԱՇՏՆ ԱՐՑԱԽՈՒՄ. ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրերս Ստեփանակերտում անցկացված բիզնես-համաժողովում քննարկվել են ԼՂՀ տնտեսության գերակա ոլորտների զարգացման հեռանկարներն ու խնդիրները։ Սեկցիոն նիստերից մեկի թեման առնչվում էր տարածաշրջանում ներդրումային գրավչությանը, ինչպես նաև պետության ներդրումային քաղաքականությանն ու պետական աջակցությանը։ 
Կառավարությունից նիստին մասնակցում էր ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գ. Մարտիրոսյանը։ Ներկա էին նաև տնտեսագետներ, գործարարներ ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից։ Անդրադառնալով համաժողովում արծարծված թեմաներին՝ ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ  Կ. Ներսիսյանը նշեց, որ ներկայացվել է Արցախում ներդրումային հարաբերությունների քաղաքականությունը, որոշ ցուցանիշներ, որոնք փաստում են, որ հատկապես արտաքին ներդրումները մեր հանրապետությունում վերջին տարիներին աճի միտում ունեն։ Ըստ ոլորտների, խոսվել է ներդրումային գրավչության հնարավորությունների մասին։ Նշվեց հատկապես գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, վերամշակող արդյունաբերության բնագավառներում պետական արտոնյալ ծրագրերի մասին (որպես հաջողված օրինակ բերվեց ՙՄետաքսկոմբինատի՚  գործարկումը)։ Մասնավորապես՝ խոսք եղավ հարկային բարենպաստ ոլորտի ստեղծման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, ինչի առավելությունը գնահատեցին նաև համաժողովին մասնակից գործարարները։ 
Հյուրերը, որոնցից ոմանք առաջին անգամ էին Լեռնային Ղարաբաղում և դեռ նոր են ուսումնասիրում տեղի բիզնես¬միջավայրը, որոշ պարզաբանումներ խնդրեցին՝ կապված առանցքային այնպիսի  հարցերի հետ, որոնք կարող են ազդել ներդրումների հետագա իրականացման վրա։ Դրանց մեծ մասն առնչվում էր հարկային դաշտին։ Հարցեր են եղել՝ կապված ԼՂՀ-ն Հայաստանի հետ մեկ տնտեսական տարածքում  գտնվելու, Լեռնային Ղարաբաղում առկա ռիսկերի հետ, ինչը պայմանավորված է նրա ինչպես աշխարհաքաղաքական իրավիճակով, այնպես էլ տնտեսական կացությամբ։ Խնդիրների շարքում առանձնացվել է ենթակառուցվածքների բացակայությունը, ինչը ևս մի ուղղություն է, որտեղ ԼՂ կառավարությունը ծրագրում է արտաքին ներդրումներ ներգրավել (երկաթուղու կառուցումն այստեղ կարող է տալ միանգամից բազմաթիվ հարցերի լուծումը)։ Ենթակառուցվածքների հարցն օրեցօր հրատապ է դառնում, մանավանդ որ կառավարությունը նախատեսում է տարեցտարի ավելացնել արտահանման ծավալները։ Բացի քաղաքական ռիսկերից, նշվեց նաև տրանսպորտային լրացուցիչ ծախսերի հարցը, ինչը, բնականաբար, ազդում է ապրանքի ինքնարժեքի վրա։
Առկա հեռանկարների շարքում առանձնացվել է հատկապես զբոսաշրջության ոլորտը, որը, հյուրերի կարծիքով, լայն հնարավորություններ ունի և կարող է նպատակահարմար լինել արտաքին ներդրումների համար։ Հատկապես հեռանկարային է էկոտուրիզմը, քանի որ Արցախում կան այն զարգացնելու բոլոր ռեսուրսները։ Ավելին, այդ հարցում Արցախն ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ զբոսաշրջային երկրների համեմատ ունի որոշակի առավելություններ։