[ARM]     [RUS]     [ENG]

ՓՄՁ ՈՉ ՔԻՉ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է

Հարցազրույց Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ ՄԻՐԶՈՅԱՆԻ  հետ
-Պրն Միրզոյան, տեղական արտադրության խթանման միջոցով տնտեսության զարգացման պետական ռազմավարության մի շարք ծրագրեր ԼՂՀ կառավարությունն իրագործում է Արցախի  ներդրումային հիմնադրամի միջոցով։ Որո՞նք են այդ ծրագրերը։
-Պետական աջակցության ծրագրերից է ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումը, որի շրջանակներում Հիմնադրամը սուբսիդավորում է ՓՄՁ սուբյեկտների կողմից ստացված վարկերի տոկոսադրույքները: Գործող համագործակցության պայմանագրերի համաձայն` առևտրային վարկերը Հիմնադրամի շահառուներին տրամադրվում է 5 տարի մարման ժամկետով` 18 տոկոս տարեկան տոկոոսադրույքով, որի մինչև 10 տոկոսը սուբսիդավորում է հիմնադրամը: 
Մյուս ծրագիրը  ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցությունն է,  որը նպատակ ունի նպաստել արտադրության և արտադրության սպասարկման ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը: Ծրագիրը  սուբյեկտներին հնարավորություն է տալիս  արտադրությունը վերազինել նոր  սարքավորումներով:
ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական, խորհրդատվական աջակցության ծրագրի շրջանակներում Հհիմնադրամը թողարկում է ուղեցույցներ, բուկլետներ, պարբերականներ, ցուցաբերում է խորհրդատվական աջակցություն` ուղղված  ֆինանսավարկային, մարքեթինգի, հաշվապահական հաշվառման և կառավարման բնագավառներում առկա հիմնախնդիրների լուծմանը:
Հիմնադրամի՝ ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի (մատուցվող ծառայության) շուկաներում առաջմղման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն են ստանում մասնակցել ՀՀ-ում և արտասահմանյան մի շարք երկրներում կազմակերպվող ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին: Այդ նպատակով յուրաքանչյուր տարի ծրագրին 20-25 մլն դրամ է հատկացվում, որն ապահովում է հանրապետությունում գործող սուբյեկտների մասնակցությունը շուրջ 10 միջոցառումների, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթանում են իրենց ոլորտի նորարարություններին, կնքվում են համագործակցության պայմանագրեր:
Հիմնադրամի վերոնշյալ ծրագրի շրջանակներում հանրապետությունում գործող ՓՄՁ սուբյեկտներն ամեն տարի մասնակցում են ՙARMENIA EXPO՚, ՙBRIDGE՚, ՙBRIDGE ARTSAKH՚, ՙCAUCASUS BUILDING AND RECONSTRUCTION EXPO՚, ՙPROD EXPO MOSCOW՚, ՙPROD EXPO UKRAINE՚, ՙCANTON FAIR (CHINA  IMPORT AND EXPORT FAIR)՚ ցուցահանդեսներին:
-Նշված ծրագրերի մի մասը գործում է արդեն մի քանի տարի։ Ի՞նչ է ցույց տվել ժամանակը, որքանո՞վ են արդյունավետ և պահանջված  այդ ծրագրերը։ 
-Ստեղծման օրվանից մինչև 2014թ. հուլիսի 1-ը Հիմնադրամի կողմից սուբսիդավորված 635-ից ավելի վարկերի գումարը կազմում է շուրջ 19.8 մլրդ դրամ, որից մոտ 7.1 մլրդ դրամն արդյունաբերության զարգացմանն ուղղված վարկեր են: Նշված ժամանակահատվածում Հիմնադրամը ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորմանն է ուղղել ավելի քան 3.2 մլրդ դրամ գումար:
2014թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում ծրագրի շրջանակներում սուբսիդավորվել է շուրջ 707.2 մլն դրամի վարկ: Ըստ վարկավորված գործարար ծրագրերի՝ նախատեսվում է ստեղծել շուրջ 350 նոր աշխատատեղ: Ինչ վերաբերում է պահանջված լինելուն և արդյունավետությանը` միանշանակ պահանջված ու տեղին էր նման աջակցությունը, իսկ բազում  ՓՄՁ ընկերությունների կայացումը փաստում է դրանց արդյունավետությունը:
-Փաստեր կան, որ վարկային միջոցներն  օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով միշտ չեն նպատակային օգտագործվում։ Ներդրումային հիմնադրամը վերահսկո՞մ է այդ գործընթացը։ 
¬Տրամադրված վարկերի նկատմամբ Հիմնադրամը պարբերաբար մոնիթորինգ է իրականացնում շահառու սուբյեկտների մոտ՝ վարկի նպատակային օգտագործումը վերահսկելու նպատակով, որի արդյունքում արդեն կայացվում է համապատասխան որոշում: Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարկի գումարը ոչ նպատակային օգտագործելու դեպքում Հիմնադրամի կողմից դադարեցվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը, իսկ մնացած հարցերը լուծվում են արդեն բանկի և սուբյեկտի միջև: Վերջին երկու տարում, օրինակ, կասեցվել է 13 սուբյեկտի տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից 6-ը՝ արդյունաբերության ոլորտի:
 -Արցախի  ներդրումային հիմնադրամի միջոցով է, որ արցախցիներն առաջին անգամ մասսայականորեն սկսեցին օգտվել վարկավորման ծրագրերից։ Այսօրվա դրությամբ քանի՞ վարկառու կա  գրանցված Ձեզ մոտ և  վարկերի ո՞ր մասն է, որ տրամադրվել է բիզնես¬ծրագրերի համար։
-Հիմնադրամի գործունեության օրվանից  մինչև  2014թ.   հոկտեմբերի 1-ը ընդհանուր առմամբ պետական աջակցության ծրագրերից  (ձեռնարկատիրության զարգացման և հիփոթեքային վարկավորման) օգտվել է 3250 սուբյեկտ, տրամադրվել է  35,5 մլրդ դրամի վարկ, որի 56 տոկոսը կազմում են ԼՂՀ-ում գործարարության աջակցմանն ուղղված վարկերը:  
-Ըստ մեր ունեցած տեղեկությունների, վարկավորման գործընթացի  տեմպերը պարբերաբար թուլացվում են։ Ինչո՞վ  է  պայմանավորված դա։
-Վարկավորման գործընթացը ժամանակ առ ժամանակ դանդաղեցվում է՝ հիմնականում կապված Հիմնադրամի հետ համագործակցող բանկերի ֆինանսական ռեսուրսների սահմանափակության հետ: Բացի այդ, բնակչության շրջանում ևս նկատվում է վարկունակության աստիճանի նվազում:
-Պրն Միրզոյան, քանի որ Արցախի ներդրումային հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն այնուամենայնիվ եղել և մնում է հիփոթեքային վարկավորումը և հաշվի առնելով բնակչության  հետաքրքրվածության բարձր աստիճանը հենց այս ծրագրի նկատմամբ, կխնդրեինք ներկայացնել ծրագրում կատարված վերջին բարեփոխումները։ 
¬Հաշվի առնելով աշխատանքի պրոցեսում ծագած խնդիրները և ծրագրի պայմանները, քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելու ցանկությունը, կառավարությունը համապատասխան  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ է կատարել:
Փոփոխությունները հիմնականում վերաբերում են արտարժույթով տրամադրված վարկերին: Ըստ դրա՝ արտարժույթով վարկ ստացած քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման մեխանիզմը հետևյալն է. յուրաքանչյուր 20 դրամ տատանման համար տարեկան 1 տոկոսային կետով ավել սուբսիդիա: Դա նշանակում է, որ 2008-2009 թվականների մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում արտարժույթով վարկ ստացած քաղաքացիների վարկի տարեկան տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման չափը հաջորդ 5 տարիներին կկազմի մինչև 12%: Իսկ այն քաղաքացիները, որոնք արտարժույթով ստացած վարկերը նախկինում վերաձևակերպել են ՀՀ դրամի, ևս կստանան փոխհատուցում նույն տրամաբանությամբ՝ վերաձևակերպման օրվա դրությամբ արտարժույթի գործող փոխարժեքով:
Փոփոխություն է մտցվել առաջնային շուկայից բնակարանի ձեռքբերման պայմաններում: Բարձրացվել է հիփոթեքային վարկի գումարի շեմը մինչև 50 մլն դրամ: Համաձայն հաստատված սանդղակի՝ այսուհետ վարկի գումարը և պետության կողմից վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը հակադարձ կապի մեջ են: Այսինքն, ավելի մեծ բնակարան գնելու կամ կառուցելու դեպքում քաղաքացու կողմից կվճարվի ոչ թե 6, այլ ավելի բարձր տոկոս, որը բխում է սոցիալական արդարության սկզբունքից:
Ավելացնենք, որ այսօր ընտանիքի ամսական ծախսերի շեմը ևս  բարձրացվել է՝ մեկ անդամի հաշվով հասնելով 50 հազար դրամի: Այդ փոփոխությունը բխում է գործակալ բանկերի՝ քաղաքացիների վճարունակության նկատմամբ  պահանջների խստացումից:  
Ինչ վերաբերում է դրամով վարկ տրամադրելուն, ապա Հիմնադրամի կողմից ստեղծված ՙՖիդես՚ հիփոթեքային ընկերության կողմից ընթացիկ տարվա  հունվարի 1-ից առաջնային շուկայից բնակարանի գնման վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով և 25 տարի մարման ժամկետով:
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ