[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Գրեյթ Փարթներս՚ ընկերությունն Արցախի թերեւս ամենաերիտասարդ կազմակերպություններից մեկն է: Հիմնադրման պահին, իսկ դա մոտ երեք-չորս ամիս առաջ էր, պատասխանատուները հայտարարեցին, որ ընկերության հիմնական պատվիրատուները իտալական ճանաչված ապրանքանիշերն են լինելու: Այսօր, այդ օրերին անհավանական թվացող հեռանկարն այլեւս իրողություն է: Եվ դա դեռ սկիզբն է, խոստանում են ՙԳրեյթ Փարթներս՚-ի ներկայացուցիչները:
ՙՈւսանողուհի էի: Լսեցի, որ աշխատակիցներ են հավաքագրում: Դիմեցի: Ընդունեցին: Դերձակուհի չէ: Սկզբում սովորում էի: Հիմա արդեն բոլորի հետ հավասար աշխատում եմ՚,- պատմում է կազմակերպության երիտասարդ աշխատակիցներից Ագնեսա Ավանեսյանը: Ագնեսայի կարճատեւ աշխատանքային կենսագրությունը միանգամայն համահունչ է այն կազմակերպության անցած ուղուն, որտեղ աշխատում է: Հիմնադրումից ընդամենը 3-4 ամիս է անցել: Իտալական ճանաչված կազմակերպությունների պատվերով կարված հագուստի առաջին խմբաքանակն արդեն ուղարկել են հասցեատերերին։ ՙԸնդամենը մի քանի օր առաջ ենք առաջին խմբաքանակն ուղարկել արտասահման: Ներկայումս երկրորդ խմբաքանակն ենք նախապատրաստում: Նոյեմբերի կեսերին կուղարկենք եւս մի քանի հարյուր տաք բաճկոններ՚,- մանրամասնում է ՙԳրեյթ Փարթներս՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Մխիթար Աղաբեկյանը:
Արտադրանքը Իտալիա է արտահանվում: Պատվիրատուների ներկայությունն զգացվում է արտադրական ողջ գործընթացում՝ հումքի ներկրումից մինչեւ վերջնական արտադրանքի որակավորում: ՙՀումքն ամբողջությամբ Իտալիայից է ներկրվում: Սագի փետուրը, որը հատուկ տեխնոլոգիայով մշակման փուլ է անցել, եւս ներկրում ենք Իտալիայից: Այս պահին տաք բաճկոններ ենք կարում, որի միջուկն այս նույն փետուրն է՚,- արտադրական գործընթացի ներկա փուլն է ներկայացնում Մխիթար Աղաբեկյանը: Բազմաստիճան այդ հսկողության եւ ուսուցման արդյունքում՝ ընդամենը երեք ամսում հաջողվել է խստապահանջ պատվիրատուներին  բավարարող որակ ստանալ: Առաջին խմբաքանակն ուղարկելուց հետո դրական արձագանքը չի ուշացել: ՙԳնահատականը միանգամայն բավարար է: Մեր պատվիրատուներն անգամ դժվարանում էին հավատալ, որ նման որակի հասել ենք ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Սակայն իրողությունն այն է, որ դա հնարավոր է՚,- ընդգծում է ընկերության տնօրենը:
Ավելի տպավորիչ են գները: Արցախում արտադրված հագուստը, այս փուլում՝ տաք բաճկոնը, եվրոպական շուկայում միջինից բարձր գին ունի ու նաեւ՝ մեծ պահանջարկ: ՙԱյս բաճկոնը եվրոպական շուկայում պետք է վաճառվի միջինը 400-450 եվրոյով՚,- հաջողությունը կոնկրետ թվերով է ներկայացնում Մխիթար Աղաբեկյանը: Այս արդյունքին հասնելու համար կարճ ժամանակում մեծ ջանքեր են  գործադրվել։ Առավել եւս, որ աշխատակիցների մեծ մասն աշխատանքային կենսագրությունն սկսել է հենց ՙԳրեյթ Փարթներս՚-ից: Սովորել, ապա գործում հմտացել են: Հիշում են՝ մեկ-երկու ամիս առաջ ընդամենը հագուստի պարզունակ տարրեր էին կարում: Այսօր տասնյակներով են հաշվվում իտալական հայտնի ապրանքանիշի բաճկոնները, որ իրենց օղակն է արտադրում:
Կատարելագործմանը զուգահեռ՝ աշխատավարձն էլ բարձրացել է: Այստեղ մոտեցումը անհատական է: Լավ աշխատանքը միշտ էլ գնահատվում է: Եթե սկզբում 45-50 հազար դրամ էր կազմում դերձակի միջին աշխատավարձը, ապա այսօր այն արդեն 80-90 հազարի է հասել, եւ այդ աճը շարունակական է լինելու: Դա էլ ընկերության գործադիր տնօրենն է վստահեցնում:  Իսկ տեսանելի հեռանկարում որակյալ դերձակների աշխատավարձը 150 հազար դրամից պակաս չի լինելու, գաղտնազերծում է Մխիթար Աղաբեկյանը:
Պայմաններն արդեն ոչ միայն սկսնակների, այլեւ փորձառու դերձակների համար են գրավիչ: Վերջին օրերին նաեւ ավագ սերնդի ներկայացուցիչներից են համալրում ունեցել: Այսօր ընկերությունը 210 աշխատակից ունի: Նրանցից 176-ը՝ դերձակ: 90 տոկոսը կանայք են: Աշխատակիցների հավաքագրումը դեռ շարունակվում է: Նախատեսվում է թիվը 400-450-ի հասցնել:
Այսօրվա ձեռքբերումներն ընկերության ղեկավարը պարզապես հաջող մեկնարկ է համարում: Առջեւում ավելի պատասխանատու փուլ է՝ պատվերների ավելի մեծ ծավալով, նշում է ՙԳրեյթ Փարթներս՚-ի տնօրենը։ ՙՍա մեր պատվիրատուի համար պարզապես փորձ էր՝ տեսնելու համար, թե աշխատելու ինչ հնարավորություններ ունենք: Գնահատականը դրական էր: Այնպես որ՝ 2015-ին ավելի պատասխանատու փուլ ենք մտնելու, ինչը ենթադրում է ավելի բազմազան պատվերներ, ավելի մեծ ծավալներ՚,¬ ասում է մեր զրուցակիցը։
Սա դեռևս բոլորը չէ: Կուտակված փորձն ու աշխատակիցների վարպետությունն ապագայում օգտագործելու են ոչ միայն պատվերներ կատարելու, այլեւ արդեն հագուստի շուկայում նոր՝ արցախյան բրենդ ներկայացնելու համար: ՙԱյսօր գուցե դա երազանք թվա, բայց վստահեցնում եմ, որ կգա ժամանակ, եւ մենք շուկա կմտնենք մեր բրենդով, որը պակաս որակ չի ունենա,-ասում է Մխիթար Աղաբեկյանը:- Եվ այդ բրենդը ստեղծելու ենք հենց այստեղ՝ Ստեփանակերտի Թումանյան 111 հասցեում՚:
 
Նորայր  ՀՈՎՍԵՓՅԱՆ