[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂԸ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԴԱՇՆԱԿ ԼԻՆԵՆ

 

Karen.jpg

Այն մասին, որ գյուղատնտեսությունը երկրի տնտեսության կարևորագույն  ուղղություններից մեկն է, և նրա զարգացումից է մեծապես կախված ռազմավարական այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսիք են գյուղացուն գյուղում պահելը, ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, պարենային անվտանգության ապահովումը և այլն, խոսվել է բազմիցս։ 

Ինչ լիարժեք (և՝ ոչ այնքան) ծրագրեր են իրականացվել, ինչ մեխանիզմներ են կիրառվում այդ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու համար՝ նույնպես քիչ չի քննարկվել։ 
Մի հարցում, սակայն, մասնագետների մեծ մասը միակարծիք է. ԼՂՀ գյուղատնտեսությունը զարգացնելու համար անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել սերմնաբուծության խնդիրներին։ Ըստ նրանց՝ Արցախում սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների հասնելու լայն հեռանկարներ կան, և անհրաժեշտ է այդ հնարավորությունն օգտագործել ըստ արժանվույն։
2001թ. Արցախում ստեղծվել է ՙՍերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձաքննության, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն՚ ՓԲԸ-ն, որի գործադիր տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն ԱԴԱՄՅԱՆԻ հետ էլ զրուցեցինք առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի շուրջ։
Կ. Ադամյանը նշեց, որ ներկայում Կենտրոնի առջև երկու հիմնական խնդիր է դրված՝  գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի պետական փորձարկում և աշնանացան ցորենի սերմացուի արտադրություն։ Դրան զուգահեռ, Կենտրոնում գործում է լաբորատորիա սերմերի որակի ստուգման և գնահատման համար։ ՙԱյսինքն՝ մենք գնահատական ենք տալիս սերմերի որակին, ըստ դրա էլ երաշխավորում նրանց հետագա օգտագործումը՚,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում շեշտը դրվում է գարու և ցորենի տեսակների վրա, քանի որ հենց այդ մշակաբույսերն են մեզ մոտ  կազմում աշնանացանի գերակշիռ մասը (շուրջ 60%)։ 
2011 թվականից Կենտրոնը սկսել է աշխատել աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության կազմակերպման և սերմերի արտադրության, զարգացման ծրագրի վրա, որի շրջանակներում մինչ օրս ավելի քան 1000 տ սերմացու է արտադրվել։ Դրանք աշնանացան ցորենի բարձր տեսակի սերմեր են, որոնք Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով տարածվում են հողօգտագործողների շրջանում։
Ընդհանուր առմամբ, Կ. Ադամյանը գոհ է պետական մոտեցումից. առանձնակի դժվարություններ ֆինանսավորման տեսանկյունից չեն ունեցել։ Երկու տարի պետբյուջեից ֆինանսավորվելուց հետո ընկերությանն աստիճանաբար հաջողվել է սեփական եկամուտների հաշվին շարունակել ծրագրերը։
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հողօգտագործողներն այնքան էլ շահագրգռված չեն որակյալ պարենային ցորեն արտադրելու հարցում։ Նրանք առավելապես շահագրգռված են քանակով։  Նշելով, որ խնդիրը ոչ այնքան իրենցն է, որքան՝ գյուղնախարարությանը, Կ. Ադամյանը կարծիք հայտնեց, որ պետք է մշակվեն այնպիսի մեխանիզմներ, որ գյուղացին (հողօգտագործողը) շահագրգռված լինի որակյալ ցորեն արտադրելու մեջ։ ՙԴա հնարավոր է կյանքի կոչել ճիշտ ընտրված գնային քաղաքականության միջոցով,- ասաց նա,- ինչը, ցավոք, հաճախ մեզանում բացակայում է՚։
Կ. Ադամյանը կարևորում է նաև հողի մշակման  տեխնոլոգիաների պահպանումը։ Ըստ նրա, նույնիսկ որակյալ տեսակավոր սերմերը լավ բերք չեն ապահովի, եթե հողը պատրաստ չէ սնուցելու այն, մանավանդ մեր պարագայում, երբ ցորենի հասկի հասունացման շրջանում անձրևները, խոնավությունը խիստ բացասաբար են անդրադառնում հացահատիկի որակի վրա՝ թույլ չտալով համապատասխան քանակի սոսնձանյութ և այլ հատկանիշներ ապահովել, ինչը որակի լուրջ ցուցանիշ է։ Հողօգտագործողը լրացուցիչ ծախսեր պիտի կատարի այդ ցուցանիշներն ապահովելու համար, և եթե իրացման պահին համապատասխան գին չի առաջարկվում, նա ապրանքի որակի բարձրացման ուղղությամբ աշխատանք դժվար թե կատարի։
Մինչև սերմնաբուծության զարգացման հեռանկարներին անդրադառնալը Կ. Ադամյանը նշեց, թե ինչու է անհրաժեշտ ուշադրություն դարձնել սերմնաբուծության զարգացմանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ ունի մեր լեռնաշխարհը, դա հողն է, ջուրը և արևը։ ՙՑավոք, մենք չունենք նավթի ու գազի պաշարներ և բնական այլ ռեսուրսների մեծ քանակություն։ Եղածն օգտագործելով՝ մեր պապերը լավ արդյունք են ապահովել հենց գյուղոլորտում, արտադրելով նաև սերմացու աշնանացանի համար։ Սա ավանդույթ է Ղարաբաղում, նման մշակույթ, փորձ արդեն կան, և մենք պետք է հնարավորությունը բաց չթողնենք։ 
Կ. Ադամյանի խոսքով՝ ցորենի սորտային սերմերի արտադրությունը տնտեսական տեսանկյունից ևս կարևոր է, քանի որ աշնանացան ցորենը հանդիսանում է հիմնական գյուղատնտեսական մշակաբույսը, բացի այդ, սերմացուն ավելի բարձրարժեք է և շուկայում պահանջարկ ունի։ Այն շահավետ է նաև այն առումով, որ նվազեցվում են սերմացուն ներկրելու ռիսկերն ու ծախսերը։
Իսկ այն, որ սերմացուն պիտի արտադրվի հենց Ղարաբաղում, հնարավորություն է՝ նոր աշխատատեղերի ապահովման և փոքր ու միջին բիզնեսի զարգացման տեսանկյունից։ Նրա խոսքով՝  ռեսուրսներն Արցախում բավարար են. կան մասնագետներ, կլիմայական պայմաններ, բերրի հող, և եթե ճիշտ օգտագործվեն մշակության կանոնները,  արդյունքները երկար սպասել չեն տա։  Բնականաբար, դրա համար կպահանջվեն լրացուցիչ ծախսեր, ինչը հողօգտագործողը միայնակ կատարել չի կարող։ Անհրաժեշտ է պետական մոտեցում։ Իսկ ծախսերը, նրա կարծիքով, պետք է ներառվեն գնի մեջ։ Ըստ էության, սերմացուի գինը պարենային ցորենի գնից պետք է ավելի բարձր լինի շուրջ 20-30%-ով (Արցախում հակառակն է), քանի որ սերմերի արտադրությունը գիտատար գործընթաց է։
Կ. Ադամյանից նաև տեղեկացանք, որ Կենտրոնի ստեղծման օրից ի վեր հանրապետության տարածքում արտադրության է երաշխավորվել շուրջ 11 գյուղատնտեսական մշակաբույսի 63 սորտ՝ այդ թվում՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, սոյա, շաքարի ճակնդեղ և այլն։
Գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ խնդիրներ, ինչպես նա համոզված է, լուծում կգտնեն, եթե առավել շատ ուշադրություն դարձվի բերքատվությանը, այլ ոչ՝ տարածքների ավելացմանը։ ՙԵթե շուրջ 40-45 հազար հեկտար հողատարածքից (մոտ 25ց/հա միջին բերքատվությամբ) բարձրակարգ հացահատիկ ստանանք, սա կարելի է բացարձակ ցուցանիշ համարել՚,- ասաց նա՝  հավելելով, որ զարգացած երկրները, որոնց մենք  գուցե փորձում ենք նմանվել կամ հասնել, ընտրել են իրենց ճանապարհը և վաղուց հաղթահարել են այն դժվարությունները, որոնք մենք փորձում ենք հաղթահարել այսօր։ ԼՂՀ-ն դժվար թե նրանց հետ կարողանա մրցակցել։ Շուկան գրավելու մենք այլ ճանապարհ ունենք անցնելու՝ արտադրել էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք, ինչն առավել բարձր գին և պահանջարկ ունի միջազգային շուկայում։ 
Մեր զրուցակիցը նշեց, որ Կենտրոնի առջև նպատակ է դրված Արցախում 40-45 հազար հեկտարից գոնե յուրաքանչյուր տարի 12-13 հազ. հա հողատարածքում սորտային հացահատիկ ցանել։ ՙԱնհրաժեշտ է ցանել ցորենի մի քանի տեսակ, որպեսզի եթե որևէ սորտ տուժի բնական աղետից, մյուս սորտի հաշվին բերքատվության մակարդակը պահպանվի, և մշակվի այնպիսի մեխանիզմ, որ 2-3 տարին մեկ կատարվի սորտաթարմացում։ Հենց սրա մեջ է սերմնաբուծության զարգացման քաղաքականության ողջ իմաստը՚,- ասաց Կենտրոնի ղեկավարը։
Կ. Ադամյանը նաև համոզված է, որ հողի բերքատվության բարձրացման գործում պակաս կարևոր չէ  զգացմունքը. հողը և հողօգտագործողը պիտի ներդաշնակ լինեն, զգան, սիրեն իրար, քանի որ հողը կեղծիք չի ընդունում։ 
 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ