[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 124.7 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7,7%, ինդեքս-դեֆլյատորը` 103,1%: ՀՆԱ-ի արձանագրված 7,7% հավելաճի տեմպի 4,1 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, 1,8 տոկոսային կետը` շինարարությունը, 1,2 տոկոսային կետը` տրանսպորտը և կապը, 0,7 տոկոսային կետը` կառավարումը՝ և պաշտպանությունը: Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը՝ 1,9  տոկոսային կետով: 
2014թ. հունվար-սեպտեմբերին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 835.1 հազ. դրամ, 2033.0 ԱՄՆ դոլար կամ 1499.9 եվրո:
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 37.1 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 37.3 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 123,2%, այդ թվում՝ 155,3% հանքագործական արդյունաբերությունում, 106,2%` մշակող արդյունաբերությունում և 122,9%` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում: ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն, ըստ արտադրության բաժինների, հետևյալն է. մշակող արդ-ն` 38,5%, հանքագործական արդ-ն` 30,1%, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտ-ն և բաշխում` 31,4%: 
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 30.8 մլրդ դրամ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 22,8%- ով` պայմանավորված բուսաբուծության համախառն արտադրանքի  41,5% նվազումով: Սա հանգեցրել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքի որոշակի փոփոխության. նախորդ տարվա համեմատ 15.տոկոսային կետով նվազել է բուսաբուծության տեսակարար կշիռը` կազմելով 58,5%: 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում, 2013թ. հոկտեմբերի 1-ի համեմատությամբ, աճել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` 1,2%-ով, կովերինը` 0,7%-ով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 12,6%-ով: Խոզերի և թռչունների գլխաքանակը նվազել է համապատասխանաբար` 31,0 և 0,7%-ով: 2014թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հանրապետությունում աճել է մսի, կաթի, ձվի և բրդի արտադրությունը, համապատասխանաբար` 17,0,  14,6,   9,6  և  0,4%-ով: 
2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել են 35.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 21,2%-ով: Իրականացված  շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուր շինարարության  94.7 տոկոսը: Շինարարության 30,2%-ը կատարվել է պետական բյուջեի, 29,1%-ը` կազմակերպությունների, 14,8%-ը՝ մարդասիրական օգնության, 11,2%-ը` օտարերկրյա ներդրողների, 4,8%-ը` արտաբյուջետային միջոցների հաշվին: 
2014թ. հունվար-սեպտեմբերին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 766,8 հազ. տոննա, որը  2013թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ նվազել է 42,6%-ով: Ընդհանուր  օգտագործման տրանսպորտի բեռնաշրջանառությունը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 27,6 մլն տոննա-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,3%-ով: 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 18.2 մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 18.1 մլն մարդու դիմաց: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14.6 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2,8%-ով:
Հանրապետությունում 2014թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.5 մլրդ դրամ, որը 2013թ. հունվար-սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 8,2%-ով: Նախորդ տարվա համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գծով` 65,0%-ով:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 96.6 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ, համադրելի գներով, աճելով 4.6%-ով: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 85,9%-ը բաժին է ընկել մանրածախ առևտրաշրջանառությանը, 14,1%-ը՝ բնակչությանը մատուցված ծառայություններին:
Հանրապետությունում զբաղվածների թվաքանակը կազմել է 60964 մարդ, որից 75,1%-ը, կամ 45777 մարդ, վարձու աշխատողներ են, իսկ 24,9%-ը, կամ 15187 մարդ, հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես՝ գյուղատնտեսությունում:
2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 3,1%: 
Բնակչության դրամական եկամուտները 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 107.2 մլրդ դրամ և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 10,5%-ով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 106.3 մլրդ դրամ և ավելացել 10,3%-ով: 
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 108.9 մլրդ դրամ, կամ  265.3մլն դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 19.5մլրդ դրամ (47.5մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 89.4 մլրդ դրամ (217.7մլն դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 69.9 մլրդ դրամով (170.2 մլն դոլարով): 2014թ. հունվար-սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 15,3%-ով, ընդ որում` արտահանումն աճել  է 20.2%-ով, իսկ ներմուծումը` 14,3%-ով: 
 
ԼՂՀ  ԱՎԾ