[ARM]     [RUS]     [ENG]

2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ Է

Սկսվեցին ՙՊետբյուջե-2015՚-ի խորհրդարանական քննարկումները։ 
Դեկտեմբերի 4-ին ԼՂՀ  2015թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացվեց ԱԺ մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին։
Նիստին ներկա էին ԱԺ փոխխոսնակ Ա. Թովմասյանը, կառավարության անդամներ՝ վարչապետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ։  
Նիստը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Ավանեսյանը։ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը խորհրդարանականներին ներկայացրեց կառավարության կողմից հավանության արժանացած՝ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որն ամբողջական տեսքի կբերվի միայն պատգամավորների քննարկումից և ԱԺ-ի հաստատումից հետո։
Ելնելով այս տարվա կանխատեսումներից՝ գալիք տարում կառավարությունը նախանշում է 912,3 մլրդ դրամ ՀՆԱ, որը 9% աճ կապահովի անցնող տարվա նկատմամբ։ 2015թ. կանխատեսվող սեփական եկամուտները կկազմեն 36 մլրդ 800 մլն դրամ (այն 9,9%-ով ավելին է այս տարվա համար նախատեսվածից)։ Միջպետական վարկի գումարը՝ 45մլրդ 518մլն դրամ է, ինչը 4,2%-ով ավելի է, քան 2014թ.-ին էր։ Ծախսային մասով 2015թ. բյուջեն նախատեսվում է 87,2 մլրդ դրամ, եկամուտների ու ծախսերի տարբերությունը՝ 4 մլրդ 881 մլն դրամ է։ Այս ծախսերը կառավարությունը նախատեսել է՝ հաշվի առնելով ձեռքբերված պայմանավորվածություններն ու ակնկալիքները։ Եկող տարի նույնպես կառավարությունը փորձելու է ներգրավել փոխառու միջոցներ։ Ս. Թևոսյանը տեղեկացրեց, որ տարվա երկրորդ կեսից նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում. նվազագույն աշխատավարձը հանրապետությունում կկազմի 55 հազ. դրամ։ Բարձրացումը հիմնականում վերաբերելու է նվազագույնից ցածր ստացողներին, որոնք, կառավարության հաշվարկներով, շուրջ 7000 հոգի են։ Բազային աշախատավարձը, որը 63 հազ. դրամ է, մնալու է անփոփոխ։ Իրական  հատվածն էլ գալիք տարում կառավարության ուշադրության կենտրոնում կլինի։ Գյուղատնտեսությանը կհատկացվի 3,6 մլրդ դրամ գումար (13,2%-ով ավելի՝ այս տարվանից), կշարունակվի Ներդրումային հիմնադրամին տրամադրվող 2,5 մլրդ դրամի հատկացման գործընթացը։ Որպես սոցիալական կարևորագույն խնդրի լուծում` նախատեսվում է սուբսիդավորել բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի ծախսը՝  շուրջ 2 մլրդ  245 մլն դրամի չափով։ 
2014թ. ջրային համակարգի պահպանման ծախսը, որը սուբսիդավորվում է  պետբյուջեի կողմից և 2014 թվականին կազմել է 200մլն դրամ, 2015-ին կավելանա ևս 300 մլն դրամով։ Ընդերքի համար նախատեսված գումարները նույնպես կաճեն։
Ֆինանսների նախարարը կանգ առավ ուղևորափոխադրումների բարելավմանն ուղղված նոր ծրագրի վրա, որի համար շուրջ 10 մլն դրամ է նախատեսված։
2015թ. նախանշվում է կարևոր մի միջոցառում` մարդահամար, որի համար ևս հատկացումներ կլինեն։  Անդրադառնալով սոցիալական ոլորտին` Ս. Թևոսյանը նշեց, որ աշխատել են պահպանել համապատասխանությունը ՀՀ ոլորտային գործընթացների հետ։ Հունվարի 1-ից կբարձրացվեն ինչպես սոցիալական կենսաթոշակները, այնպես էլ աշխատանքային։ Առաջին դեպքում դրանք կավելանան 10,4%-ով (20.200 դրամ), իսկ 2-րդի դեպքում այն կլինի միջինը 43,200 դրամ։ Սոցիալական ոլորտի ծրագրերից Ս. Թևոսյանը նշեց 500մլն դրամը, որը կնպատակաուղղվի որոշ խավերի հիփոթեքային արտոնյալ վարկերի սուբսիդավորմանը։ Առողջապահության համակարգում նույնպես գումարների ավելացում կլինի (շուրջ 14%-ով)` նոր հանրապետական հիվանդանոցի պահպանման, նոր սրտաբանական կենտրոնի բացման հետ կապված։ Վերջինիս համար կտրամադրվի 179 մլն դրամ։ 
Հատկացումների աճ կա  կրթության և մշակույթի ոլորտներում՝ նաև կապված աշխատավարձերի բարձրացման հետ։ Կառավարման համակարգերում, ըստ Ս. Թևոսյանի, ծախսերի կրճատումներ են կատարվել։ Կրճատվել են կապիտալ շինարարության հատկացումները։ Տեղական ինքնակառավարման մարմինների փոխհատուցումները կավելանան։ Այստեղ հաշվի է առնվում բնական աղետներից տուժած հողօգտագործողների վնասը։
Վարչապետ Ա. Հարությունյանը, անդրադառնալով 2015թ. բյուջեին, նշեց, որ կառավարությունը ներկայացրել է սոցիալական բյուջե, կատարելով մեծ ավելացումներ հենց այդ ոլորտում։ Մոտ 14%-ով ավելացումներ են նախատեսվում թոշակներում, կրկնակի կաճեն զոհվածների երեխաներին հասնող նպաստի չափերը։
Խոսելով վերը նշված սոցիալական հիփոթեքի ծրագրից` գործադիրի ղեկավարն ասաց, որ նման փորձ աշխարհը կիրառում է. ԼՂՀ-ն փորձելու է այն իրականացնել նոր գործիքներով, ինչը մասամբ կլուծի բնակարանային խնդիրը։ Ծրագրի կարգը դեռևս մշակման փուլում է։ Ամենայն հավանականությամբ, այն կլինի անտոկոս վարկ (տոկոսները կսուբսիդավորի և կանխավճարը կմուծի կառավարությունը)։ Այս ծրագրի շրջանակներում կիրականացվի պիլոտային մի ծրագիր՝ ուղղված գյուղական բնակավայրերում բնակարանային խնդրի լուծմանը։
Այսպիսով, 2015թ. բյուջեում 87,2 մլրդ ընդհանուր ծախսից 22 մլրդ-ը կազմում են սոցիալական ծրագրերը։ Աշխատավարձի ֆոնդը 31 մլրդ է, կրթության՝ սոցիալական ուղղվածության ծախսը՝ 2մլրդ, այդքան էլ առողջապահության ծրագրերն են։ Էլեկտրաէներգիայի և ջրի դիմաց բյուջետային փոխհատուցումները շուրջ 3 մլրդ են։ Սա, վարչապետի խոսքով, մեկ անգամ ևս խոսում է բյուջեի սոցիալական ուղղվածության մասին, ինչը միտված է երկրում սոցիալական լարվածության թուլացմանը։ Ամփոփելով՝ Ա. Հարությունյանը նշեց, որ բյուջեի  ծախսերն ավելանում են գրեթե 8%-ով, 14,3%-ով ավելանում են թոշակները, 14%-ով՝ առողջապահության ծախսերը, 14,8%-ով՝ կրթության և գիտության, 17%-ով՝ մշակույթի  և երիտասարդության ոլորտի ծախսերը, 40%-ով՝ փոխհատուցումները։ 2015թ. հուլիսից նախատեսվող աշխատավարձերի 10% բարձրացումը (չնայած տարադրամի շուկայում տատանումներին) վարչապետը համարում է լավ ցուցանիշ։ Կառավարությունն ստիպված կլինի գնալ բյուջետային փոփոխությունների, եթե 2015թ. գնաճն ավելին լինի և ազդի բնակչության կենսամակարդակի անկմանը։
Կառավարության ղեկավարի իրազեկմամբ՝ գործադիրը ներկայումս աշխատում է մի նախագծի վրա, որով հիփոթեք ունեցող քաղաքացիները կամ մասնակի կվճարեն եկամտահարկը, կամ հիփոթեքի մարման համար որոշ չափով դրամաշնորհ կստանան, ինչը կթեթևացնի քաղաքացիների վարկային բեռը։ 
Նիստի ավարտին վարչապետը պատասխանեց պատգամավորների հարցերին։  Դրանց մեծ մասը խորհրդարանականները, իհարկե, պահեցին ոլորտային քննարկումների համար, գործադիրի ղեկավարին ուղղելով միայն ընդհանուր հարցեր՝ կապված երկրի անվտանգության պահպանման  ծախսերի ավելացումների անհրաժեշտության, ներկայացված որոշ ցուցանիշների պարզաբանման հետ և այլն։ Խոսվեց նաև ՙՄարաթոն-2014՚-ին հավաքագրված գումարների շրջանակներում արցախյան ծրագրերի մասին։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ